ԱՄՆ-ի հյուպատոսական բաժնի աշխատողը, որը մեղադրվում է Պակիստանում երկու մարդու սպանություն կատարելու մեջ, հրաժարվել է ստորագրել մեղադրականը՝ պնդելով, որ ինքը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի։
Ռեյմոնդ Դեյվիսն ուրբաթ օրը կանգնել է Լահոր քաղաքում կրկնակի սպանության գործը քննող դատարանի առջև։ Դատական քննությունը հետաձգվել է մինչև մարտի 3-ը։
Լահորի վերաքննիչ դատարանն այս պահին ստուգում է Դեյվիսի դիվանագիտական անձեռնմխելիության հարցը։
ԱՄՆ-ի լրատվամիջոցների կողմից տարածված հաղորդագրությունների համաձայն, ձերբակալության ժամանակ Դեյվիսը Կենտրոնական հետախուզական գործակալության պայմանագրային աշխատող է եղել։
Միացյալ Նահանգները պնդում է, որ Դեյվիսի գործողությունները, որոնց նա դիմել է երկու անձանց կողմից իր նկատմամբ զինված կողոպուտի փորձ կատարելուց հետո, ինքնապաշտպանական բնույթ են կրել։ ԱՄՆ-ի պնդմամբ, նա ունի դիվանագիտական անձեռնմխելիություն և պետք է ազատ արձակվի։
Պակիստանի ոստիկանությունը հերքել է Դեյվիսի կողմից ներկայացված իրադարձությունների վարկածը և հայտնել, որ իրենց կողմից իրականացված հետաքննության արդյունքների համաձայն նա սպանություն է գործել։