Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ


Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ
Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպրչիկըի հետ:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի հակամարտության կարգավորման ներկա փուլի խնդիրները` Ասթանայում կայանալիք ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ:

Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են ունեցել նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որի ընթացքում ծանոթացրել են նախարարին Ադրբեջանի ղեկավարության հետ վերջերս տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին: Նրանք քննարկել են նաև Ասթանայում ԵԱՀԿ-ի կայանալիք գագաթաժողովին նախապատրաստության հետ կապված խնդիրները:

Հայաստան կատարած այցի նախօրեին համանախագահները հանդիպում են անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում նույնպես քննարկվել են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցերը:

Ադրբեջանի «APA» գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին գործերի վարչության պետ Նովրուզ Մամադովը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի «Սերժ Սարգսյանը պարտավոր է մասնակցել Ասթանայում կայանալիք գագաթաժողովին»:

«Կարծում եմ` Հայաստանի նախագահը մասնակցելու է Ասթանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթաժողովին, քանի որ մեկ կարևոր գագաթաժողովից բացակայելուց հետո աշխարհաքղաքական տեսակետներ ձևավորող մյուս գագաթաժողովը չայցելելը Հայաստանի նախագահի և դիվանագիտության համար իրական քաղաքական պարտություն է լինելու», - ասել է Մամադովը:

XS
SM
MD
LG