ԱՄՆ-ի նախագահ Օբաման նախազգուշացրել է ընտրողներին, որ Հանրապետական կուսակցության ղեկավարությունը ցանկանում է չեղյալ հայտարարել «Ուոլ Ստրիթում բարեփոխումներ անցկացնելու մասին» օրենքը։ Այս օրենքը, նրա խոսքերով, վերջին տարիների ընթացքում միջին դասի ամենամեծ հաղթանակներից է։
Ամենշաբաթյա իր ուղերձում նախագահը նշել է, որ Հանրապետական կուսակցությանը հարող օրենսդիրները իրենց քաղաքական շահերը վեր են դասում ֆինանսական չարաշահումների բերող գործելակերպից և ռիսկային հիփոթեքային վարկերից պաշտպանություն ապահովող օրենքից։
Դեմոկրատական կուսակցությունն առաջնորդող ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ օրենքը պաշտպանում է նաև հարկատուներին, որոնք ստիպված չեն լինելու ապագայում փլուզումից փրկել ֆինանսական խոշոր հաստատությունները։
Նախագահ Օբամայի համաձայն, ֆինանսական ոլորտում բարեփոխումների իրականացման դադարեցումն ազդելու է տնտեսության կայունացման վրա։
Շաբաթ օրը հանրապետականների ուղերձում սենատոր Ջոն Թյունը կրկին արտահայտել է կուսակցության առարկությունը նախագահ Օբամայի կողմից տնտեսությանը նոր թափ հաղորդելու նպատակով հատկացված «խթանի» գումարների օգտագործման վերաբերյալ։
Բացի այդ, սենատոր Թյունը դատապարտել է նախագահի կողմից ձեռնարկված առողջապահական համակարգի բարեփոխումները և հարուստների համար հարկային արտոնությունները չերկարաձգելու ծրագրերը։