ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս շաբաթվա վերջին անցկացվելիք տնտեսական գագաթաժողովի իր գործընկերներին դիմել է ուղերձով, որում ասվում է, թե իրենց իսկ բարեկեցությունը կախված է ԱՄՆ-ի բարեկեցությունից, և որ աշխարհում տնտեսական աճ ապահովելու համար բոլորը պետք է փոփոխություններ իրականացնեն:
«Մեծ քսանյակ»–ի գագաթաժողովի մասնակիցներին հասցեագրված նամակը հրապարակվել է, երբ նախագահ Օբաման, Ինդոնեզիա կատարած կարճատև այցից հետո, ժամանել է Հարավային Կորեա:
Ինդոնեզիա կատարած այցի ընթացքում Օբաման բարձր է գնահատել երկրի ժողովրդավարությունն ու կրոնական հանդուրժողականության ոգին` այն համարելով լավ օրինակ մահմեդական այլ պետությունների համար:
«Մեծ քսանյակ»–ի պետությունների ղեկավարներին հղված նամակում նախագահ Օբաման նշել է, որ աշխարհում որպես պահուստային արժույթ օգտագործվող ԱՄՆ-ի դոլարը կախված է ԱՄՆ-ի տնտեսության հզորությունից: Նա ասել է, որ առևտրի դրական հաշվեկշիռ ունեցող պետությունները, ինչպես նաև առևտրի դեֆիցիտ գրանցող պետությունները պետք է համաձայնեն փոփոխությունների իրականացմանը: