ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամենշաբաթյա իր ուղերձում ասել է, թե չի կիսում այն կարծիքը, որի համաձայն հարկավոր է կրճատել կրթական ծախսերն ու մեծահասակների նպաստները՝ միաժամանակ հարկային արտոնություններ տրամադրելով ամենահարուստ ամերիկացիներին: Նա նշել է, որ Ֆինանսական պատասխանատվության վերահաստատումը պետք է լինի փոխադարձ։
Նախագահ Օբամայի կողմից ներկայացված օրինագծում առաջարկվել է կրճատել ծախսերը՝ միաժամանակ բարձրացնելով Միացյալ Նահանգների հարուստ քաղաքացիների կողմից վճարվող հարկերը։
Հանրապետականների կողմից ներկայացված նախագծում առաջարկվում է նվազեցնել հարկերը և զգալի կրճատումներ կատարել ոչ պաշտպանական ծախսերում։
Օբամայի համաձայն, պաշտպանական ծախսերն այն ոլորտն է, որտեղ հնարավոր է առավել մեծ խնայողություններ իրականացնել: Նրա խոսքերով, առողջապահության ոլորտում ծախսերը հնարավոր է կրճատել բարեփոխումների, այլ ոչ թե տարեցների և չքավորների համար նախատեսված առողջապահական «Medicaid» և «Medicare» ծրագրերում մեծ կրճատումներ կատարելու միջոցով։
Հանրապետականների ամենշաբաթյա ուղերձում սենատոր Թոմ Քոբըրնն ասել է, որ նախագահի ծրագրով վերահսկողության չափազանց մեծ հնարավորություն է տրամադրվում «Medicaid»-ի և «Medicare»-ի ղեկավարումն իրականացնող անձանց։
Նա նշել է, թե հանրապետականների ծրագրով հնարավոր կլինի «փրկել» «Medicare»-ը՝ տարեց հիվանդներին տրամադրելով առողջապահության սպասարկման այնպիսի մակարդակ, որը հասանելի է կոնգրեսականներին։
Սենատորի համաձայն, իր կուսակցության ծրագրով նախատեսվում է դրամաշնորհներ տրամադրել նահանգներին՝ ամենաչքավոր հիվանդներին բուժօգնություն տրամադրելու նպատակով։
Սպասվում է, որ ԱՄՆ-ի բյուջեի նախագծերի շուրջ քննարկումներն է'լ ավելի կսրվեն Սենատում անցկացվելիք լսումների ժամանակ: