Նոբելյան մրցանակի 39 դափնեկիրների ստորագրած նամակը նաև հորդորում է երկրների առաջնորդներին ընդլայնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։
Նամակը հրապարակել է «Т-Инвариант» պարբերականում։
«Պուտինի ռեժիմը ցույց տվեց, որ այն ուղղակի և բացահայտ սպառնալիք է ողջ մարդկության համար։ 2000 թվականին իշխանության գալուց ի վեր Պուտինը համակարգված կերպով ոչնչացրել է հետխորհրդային ժողովրդավարական ինստիտուտները և սրել հակամարտությունները նախկին ԽՍՀՄ երկրներում: Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիան և Ալեքսեյ Նավալնիի սպանությունը՝ [Պուտինի ներկայացրած] սպառնալիքը տեղափոխում են նոր մակարդակ, քանզի Պուտինի ռեժիմն այլևս որևէ սահմանափակում չունի՝ մարդու իրավունքների և միջազգային նորմերի խախտման համար»,- կարդում ենք նամակում։
«Կոչ ենք անում քաղաքական առաջնորդներին հանդես գալ հանուն խաղաղության, առաջընթացի և մարդու իրավունքների: Որպես միջազգային գիտական հանրության անդամներ, խորապես մտահոգված ենք, որ գիտական առաջընթացը վտանգված է մտքի ազատությունը ճնշող բռնապետերի կողմից, հատկապես, երբ համաշխարհային համագործակցությունն այդքան կարևոր է՝ համաճարակների, կլիմայի փոփոխության և զանգվածային ոչնչացման զենքի գոյության ֆոնին»,- նշված է հրապարկման մեջ։
Նամակը ստորագրած գիտնականները, գրողներն ու հասարակական գործիչները նշում են, որ Պուտինի ռեժիմը շահագրգռված է ճանաչում ստանալ համաշխարհային հանրության կողմից։ Հրաժարվելով ընդունել Պուտինի «վերընտրությունը»՝ երկրների ղեկավարները կարող են հզոր ազդանշան ուղարկել Կրեմլին, որ Պուտինը այլևս չի կարող գործընկեր համարվել։
«Կոչ ենք անում համաշխարհային առաջնորդներին և բարի կամքի տեր մարդկանց՝ մի կողմ դնել պարոն Պուտինի և նրա հանցավոր ռեժիմի վերաբերյալ պատրանքները: Պատմությունը մեզ սովորեցնում է, որ ագրեսորին ընդառաջ գնալը հանգեցնում է մարդկության դեմ հետագա հանցագործությունների: Ոչ մի ժամանակավոր օգուտ չի կարող սա արդարացնել: Կտրականապես դեմ ենք 1938 թվականի Մյունխենի [գործարքի] կրկնությանը»,- կոչ են անում աշխարհահռչակ գործիչները։
Նամակում ընդգծվում է Ուկրաինային հատկացվող օգնության նշանակալի ավելացման և Ռուսաստանի ժողովրդավարական ընդդիմությանն աջակցելու անհրաժեշտությունը։