Մեքսիկայում երկուշաբթի օրը մոտ 200 պետության ներկայացուցիչներ մեկնարկեցին կլիմայի փոփոխությունները դանդաղեցնելուն նվիրված բանակցություններ:
ՄԱԿ-ի հովանավորությամբ կարիբյան Քանքուն հանգստավայրում կազմակերպված երկշաբաթյա հանդիպման նպատակն է վերսկսել բանակցությունները համաշխարհային ջերմացման դեմ պայքարի վերաբերյալ պարտավորեցնող պայմանագրի ստորագրման շուրջ: Այս պայմանագրի ստորագրումը ձախողվել էր անցյալ տարի Կոպենհագենի գագաթաժողովի ընթացքում:
Կլիմայի փոփոխություններին նվիրված խորհրդաժողովի մասնակիցները հույս են հայտնել, որ խորհրդաժողովի արդյունքում զարգացող երկրներին կտրամադրվեն առավել բարենպաստ պայմաններ՝ զարգացած երկրներից «կանաչ տեխնոլոգիաներ» գնելու համար :
Բացի դրանից ակնկալվում է, որ խորհրդաժողովի արդյունքում կկատարելագործվի աղքատ պետությունների կողմից իրենց տարածքում աճող անտառները պաշտպանելու դիմաց փոխհատուցման գործընթացը: