Գազայի գոտու համար օգնություն կրող լիբիական նավը այժմ շարժվում է դեպի Եգիպտոս, մինչ իսրայելական ռազմանավերը հետապնդում են այդ նավի շարժումները։
Մոլդովական դրոշ կրող Ամալթեա կոչվող նավը երեքշաբթի գիշեր մեխանիկական խնդիրների պատճառով կանգ էր առել միջազգային ջրերում։ Նավապետի համաձայն, նավը փոխել է Գազա մեկնելու ծրագիրը եւ այժմ շարժվում է եգիպտական Արիշ նավահանգստի ուղղությամբ։
Իսրայելի ռազմանավերը հետապնդում են Ամալթեա նավին, վստահ լինելու համար, որ այն չի փորձի խախտել պաղեստինյան տարածքի Իսրայելական շրջափակումը։
Տրիպոլիում հաստատված Գադաֆիի միջազգային բարեգործություն հիմնադրամի գործադիր տնօրեն Յուսեֆ Սավանին հայտարարել է, թե երեքշաբթի օրը Իսրայելը վերջնագիր էր հղել լիբիական նավին զգուշացնելով, որ Իսրայելը հարկադրված կլինի բռնի ուժի դիմել, եթե այն իր ուղղությունը չփոխի։