Երկուսն էլ, բնականաբար, փորձում էին իրենց կողմը գրավել իսլամական հանրապետության քաղաքացիներին, որոնց համար նախորդ տարիները դյուրին չէին՝ Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների և ժամանակ առ ժամանակ երկիրը ցնցող բազմահազար ժողովրդական հուզումների պատճառով։
Արտաքին քաղաքական կոշտ գծի կողմնակից Սաիդ Ջալիլին և սրտի վիրաբույժ ու խորհրդարանի երկարամյա պատգամավոր Մասուդ Փեզեշքիանը շարունակում էին պայքարը երկրորդ փուլում, քանզի հունիսի 28-ին կայացած առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չհավաքեց 50%-ից ավելին․ Փեզեշքիանը ստացավ 42,5%, Ջալիլին՝ 38,6%:
Իրանում նախագահական ընտրություններն անցնում են Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին։ Այս ապրիլին Իրանն ու Իսրայելը փոխանակվեցին ուղիղ հարվածներով։
Զուգահեռաբար՝ Թեհրանը շարունակում է ուրանի հարստացման աշխատանքները, որպեսզի անհրաժեշտության դեպքում ձեռնամուխ լինի միջուկային ռումբի ստեղծմանը։
Հայտնի է, որ Իրանում փաստացի իշխանությունը երկրի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի ձեռքում է, և ով էլ ընտրվի Իրանի նախագահ, Խամենեին է որոշելու, թե, օրինակ, ինչ քաղաքականություն վարել Արևմուտքի ուղղությամբ:
Ուրբաթ Թեհրանի փողոցներում կարելի էր նկատել ուժեղացված վերահսկողություն։ Ընտրատեղամասերը բազմամարդ չէին, իսկ պետական հեռուստատեսությունը պարբերաբար անդրադառնում էր քվեարկության ընթացքին:
Ջալիլին և Փեզեշքիանը քվեարկել են Թեհրանի հարավային հատվածում, որտեղ բազմաթիվ են աղքատ թաղամասերը։
Ինչպես նշեցինք, առաջին փուլի արդյունքներով պատգամավորն առաջին տեղում էր, և Սաիդ Ջալիլին փորձում էր իր կողմը գրավել երրորդ հորիզոնականը զբաղեցրած խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի ընտրազանգվածին։ Առաջին փուլից հետո վեջինս կոչ է արել ընտրել Ջալիլիին:
27-ամյա Յաղուբ Մոհամադիի խոսքով, երկու փուլերում էլ քվեարկել է Ջալիլիի օգտին․ «Նա մաքուր [մարդ] է։ Կախվածություն չունի վերբախավից։ Ներկայացնում է նրանց, ովքեր իշխանություն չունեն»։
34-ամյա Սամիրա Շարաֆին՝ փոքրիկ երեխայի մայրը, ասում է, թե քվեարկել է բարեփոխիչ Փեզեշքիանի օգտին, չնայած առաջին փուլում իր ձայնը տվել է Ղալիբաֆին, ով, կնոջ խոսքով, «ավելի փորձառու է», քան Ջալիլին։
Հնչել են նաև ընտրությունները բոյկոտելու կոչեր, այդ թվում՝ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, անազատության մեջ գտնվող Նարգես Մոհամմադիի կողմից, և առաջին փուլում մարդկանց ցածր մասնակցությունը, երբ քվեարկեց ընտրելու իրավունք ունեցողների մոտ 40%-ը, ցույց է տալիս, որ իրանցիները առանձնապես չեն կարևորում նախագահական ընտրությունները, քանզի գործող վարչակազմին իրական ընդդիմադիր ուժ չկա։
1979 թվականից՝ Իրանում իսլամական հեղափոխությունից ի վեր, կանանց ու հիմնարար փոփոխությունների կողմնակիցներին փաստացի արգելվում է թեկնածուներ առաջադրել, բացի այդ ընտրություններին ներկա չեն միջազգային դիտորդներ:
Ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, երկրում ընտրատեղամասերն այսօր բացվել են առավոտյան ժամը 8-ին:
Խամենեին քվեարկեց իր նստավայրում՝ բազմաթիվ տեսախցիկների առջև․ «Լսել եմ, որ մարդկանց ոգևորությունն ավելին է, քան նախկինում։ Աստված տա, ժողովուրդը ընտրի և ընտրի լավագույն թեկնածուին»։
Իրանում ընտրելու իրավունք ունեն 18 տարեկանից բարձր ավելի քան 61 միլիոն քաղաքացիներ, որոնցից մոտ 18 միլիոնը՝ 18-30 տարեկան են: Ընտրությունները պետք է ավարտվեն 18։00-ին, բայց, ավանդաբար, երկարաձգվում են մինչև կեսգիշեր՝ մասնակցությունը խթանելու համար:
Փեզեշքիանի կողմնակիցների խոսքով, Ջալիլին կփորձի երկրում հաստատել «Թալիբանի» ոճի կառավարություն, ինչին ի պատասխան Ջալիլին մեղադրել է Փեզեշքիանին վախի մթոնլորտ տարածելու մեջ։
Հիշեցնենք՝ նախագահական ընտրությունները Իրանում տեղի են ունեցել այն բանից հետո, երբ 63-ամյա նախագահ Էբրահիմ Ռայիսին զոհվեց այս մայիսի 19-ին՝ ուղղաթիռի վթարի պատճառով։