Մատչելի հղումներ

Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում ԱՄՆ-ի նախագահը կրկին առաջինն է


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը (արխիվային լուսանկար)
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը (արխիվային լուսանկար)

Ամերիկյան «Forbes» ամսագրի կողմից հրապարակվող աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կրկին զբաղեցրել է առաջին տեղը:
Անցյալ տարի ամսագրի կողմից ամեն տարի կազմվող այս ցուցակում առաջին տեղը գրավել էր Չինաստանի նախագահ Հու Ջինթաոն:

«Forbes» ամսագրի խմբագիր Մայքլ Նոերի համաձայն, այս տարի ԱՄՆ-ի նախագահը կրկին գլխավորում է այս ցուցակը, «քանի որ Չինաստանի նախագահի ձեռքում գտնվող իշխանությունը նվազել է՝ վերջինիս կողմից ժառանգորդին իր որոշ պարտականությունները փոխանցելու գործընթացը մեկնարկելու պատճառով»:

Չինաստանի նախագահի ժառանգորդ Սի Ցզինպինը «Forbes» ամսագրի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում զբաղեցրել է 69-րդ տեղը:

«Forbes» ամսագրի խմբագիր Նոերի համաձայն, ցուցակում որևէ գործչի ընդգրկելու համար օգտագործվում են մի շարք չափանիշներ, այդ թվում՝ յուրաքանչյուր անձի կողմից վերահսկվող ֆինանսական ռեսուրսների ծավալը և այն մարդկանց թիվը, որոնց վրա ազդում է տվյալն անձի ունեցած իշխանությունը:

Ամսագրի կողմից կազմված 2011 թվականի ամենաազդեցիկ մարդկանց առաջին տասնյակում ընդգրկվել են ԱՄՆ-ի նախագահ Օբաման, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Հու Ջինթաոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը, «Microsoft» ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը, Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահը, Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը, ԱՄՆ-ի Դաշնային պահուստային հիմնադրամի նախագահ Բեն Բերնանկեն, «Facebook» կայքի հիմնադիր Մարկ Զուքերբերգը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:

XS
SM
MD
LG