««Facebook»-ն այժմ ավելի մոտ է կանգնած բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկ կատարելուն, որի արդյունքում ընկերության շուկայական արժեքը կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը»:
«Ուոլ Սթրիթ Ջըրնըլ» ամերիկյան օրաթերթի վկայությամբ, «գործի մանրամասներին տեղյակ անձինք» թերթին երկուշաբթի ուշ երեկոյան հայտնել են, որ այդ ընկերությունը 2012 թվականի երկրորդ եռամսյակում կարող է դուրս գալ արժեթղթերի շուկա:
Օրաթերթի աղբյուրների համաձայն, «Facebook»-ն այժմ նախատեսում է բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկի միջոցով ձեռք բերել 10 միլիարդ դոլար կազմող ֆինանսական միջոցներ:
«Ուոլ Սթրիթ Ջըրնըլ»-ի համաձայն, «Facebook»-ի կողմից արժեթղթերի շուկա դուրս գալու արդյունքում ստացված գումարը կկազմի տեխնոլոգիական ընկերությունների կողմից նման եղանակով ստացված ամենախոշոր գումարը:
Օրաթերթը հայտնել է նաև, որ «Facebook»-ը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի հետ բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկն արդեն այս տարի իրականացնելու մասին:
«Facebook» ընկերության համաձայն, 2011 թվականին ընկերության մասնավոր բաժնետերերի թիվը կգերազանցի 500-ը, և Միացյալ Նահանգների օրենքների համաձայն, ընկերությունը պարտավոր է դուրս գալ արժեթղթերի շուկա մինչև 2012 թվականի ապրիլի վերջ:
Աշխարհի սոցիալական ամենամեծ կայքն ունի 800 միլիոն օգտագործող: Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, 27-ամյա Մարկ Զուքերբերգը հիմնադրել է ընկերությունը 2004 թվականին Հարվարդի համալսարանի հանրակացարանի իր սենյակում: