Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատեց Հայաստանի Հանրապետության համար երեք տարով նախատեսվող վարկավորման ծրագիրը։ Ըստ Երկարատեւ ֆինանսավորման բաժնի, Հայաստանին կհատկացվի 197.4 միլիոն դոլարի համարժեք գումար եւ նույնքան գումար էլ՝ որպես Երկարատեւ վարկային հատկացումներ։
Հիմնադրամի խորհրդի անդամների կողմից ընդունված որոշումը թույլ է տալիս հատկացումների առաջին 53.6 միլիոն դոլարը տրամադրել անմիջապես։
Այս ծրագրի նպատակը Հայաստանի ֆինանսական կարողությունները վերականգնելն է եւ ֆինանսական կայունությունը պահպանելը, տնտեսական աճի համար պայմաններ ստեղծելը եւ աղքատության մակարդակը կրճատելը։
Ինչպես Հիմնադրամի գործադիր խորհրդի քննարկումներից հետո կազմակերպության վարչական փոխտնօրեն ու գործադիր նախագահի պաշտոնակատար Մուրիլո Փորդուգալն ասաց. ՝՝Հայաստանի տնտեսությունը դուրս է գալիս խորն անկումից։ Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացրած ծրագրերը կարեւոր դեր են խաղացել երկրի տնտեսական եւ ֆինանսական կայունությունը պահպանելու, ինչպես նաեւ բնակչության աղքատ շերտի վրա ճգնաժամի ազդեցությունը նվազեցնելու գործում՛՛։
Նրա խոսքերով, տնտեսության վերականգնմանը զուգընթաց, իշխանություններն ավելի մեծ ուշադրություն են դարձնում միջին տեւողության մարտահրավերների վրա։
՝՝Հայաստանի իշխանությունները նպատակադրվել են մինչեւ ծրագրի ավարտը, 5 տոկոսով կրճատել պակասորդը՝ միեւնույն ժամանակ չկրճատելով սոցիալական բնագավառում ծախսումներները՛՛, ասաց նա։
Ինչպես ԱՄՀ-ի պաշտոնյան է ասում, որպես ծրագրի անկյունաքար է մնալու տարադրամի փոխանակման ճկունությունը՝ փորձելով հանդերձ կանխել դրամի արժեզրկումը։
Գնահատելով ներկա ֆինանսական կացությունը՝ ԱՄՀ-ի որոշման մեջ նշվում է, որ 2ՕՕ9 թվականի համեմատությամբ, Հայաստանի տնտեսությունը կարծես գնում է դեպի նկատելի աճ։
Ըստ նույն փաստաթղթի, միջին տեւողության ծրագրերը Հայաստանում մեծապես կախված են հարկային բարեփոխումների ուժեղ ծրագրից եւ ՝՝այստեղ կա այդ քաղաքականությունը ժամանակակից ուղու վրա դնելու կարիք՛՛։
Կայացված որոշման հետ հրապարակված զեկույցում նշվում է, որ Հայաստանում հարկավոր է խրախուսել բանկային սեկտորում մրցակցությունը եւ բարելավել ֆինանսական շուկաների գործունեությունը։