Մատչելի հղումներ

«Amnesty International»-ը հրապարակել է մարդու իրավունքների տարեկան զեկույցը


«Amnesty International»-ը հրապարակել է մարդու իրավունքների տարեկան զեկույցը
«Amnesty International»-ը հրապարակել է մարդու իրավունքների տարեկան զեկույցը

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը, որն այս տարվա մայիսի 28-ին նշելու է հիմնադրման 50-ամյակը, հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների իրավիճակին վերաբերող զեկույցը, որում ընդգրկված են 2010 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածի տեղեկությունները։

Զեկույցի նախաբանում նշվում է, որ 2010 թվականը հիշվելու է որպես «ջրբաժան» տարի, որի ընթացքում մարդու իրավունքների ակտիվիստները և լրագրողները կիրառել են նոր տեխնոլոգիաներ՝ իշխանավորներին ճշմարտությունը հաղորդելու և դրա միջոցով մարդու իրավունքների նկատմամբ առավել մեծ հարգանք պահանջելու նպատակով։

Իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշվում է, որ աշխարհի առնվազն 89 երկրում կիրառվում են ազատ խոսքի սահմանափակումներ, 48 երկրում կան «խղճի բանտարկյալներ», 98 երկրի բանտերում և ոստիկանության բաժանմունքներում բռնություններ են գործադրվում, առնվազն 54 երկրում տեղի են ունեցել անարդար դատավարություններ։

Զեկույցում աշխարհում մարդու իրավունքների վիճակը մանրամասնվում է ըստ երկրների, որոնցից յուրաքանչյուրի համար ներկայացված են մարդու իրավունքների խախտումների առանձին կարգեր։

Հայաստանին վերաբերող մասի նախաբանում նշվում է, որ 2010 թվականի ընթացքում երկրում մարդու իրավունքները խախտող անձինք մնացել են անպատիժ, կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությունը չի համապատասխանել միջազգային չափանիշներին, երկրում զինվորական ծառայությանը իրապես քաղաքացիական որևէ այլընտրանք չի ստեղծվել։

Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը նկարագրելիս առանձնացվել է հինգ կարգ՝ «Կալանավորված անձանց մահվան դեպքեր», «Անպատժելիություն», «Խոսքի ազատություն», «Բռնություն կանանց և աղջիկների նկատմամբ» և «Խղճի բանտարկյալներ»։

«Կալանավորված անձանց մահվան դեպքեր» կարգում նշվել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբի 2010 թվականի սեպտեմբերին Հայաստան կատարած այցելությունից հետո այն մտահոգություն է արտահայտել ձերբակալվածների և կալանավորվածների նկատմամբ վատ վերաբերմունքի և ծեծի, ինչպես նաև խոստովանություն ձեռք բերելու նպատակով կալանավորվածների վրա ճնշում գործադրելու դեպքերով։

«Կալանավորված անձանց մահվան դեպքեր» կարգում նկարագրվում է 2010 թվականի ապրիլին Վահան Խալաֆյանի մահվան դեպքը, որը մահացել է հիվանդանոցում՝ Չարենցավանի ոստիկանության բաժանմունք հափշտակություն կատարելու կասկածանքով տեղափոխվելուց մի քանի ժամ անց։ Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ Խալաֆյանը դանակով ինքնասպանություն է գործել՝ ոստիկանության ծառայողների կողմից վատ վերաբերմունքի ենթարկվելուց հետո։ Սակայն նրա ընտանիքի անդամները վիճարկել են ինքնասպանության վարկածը։ Վահան Խալաֆյանի գործով նոյեմբեր ամսին ոստիկանության երկու ծառայող դատապարտվել է տարբեր ժամկետի բանտարկության՝ իշխանության չարաշահման միջոցով ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։

«Անպատժելիություն» կարգում «Amnesty International»-ի զեկույցում նշվել է, որ մինչև 2010 թվականի ավարտը որևէ անձ պատասխանատվության չի ենթարկվել 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած հետընտրական բողոքի ցույցերի ընթացքում տասը մարդու մահվան կապակցությամբ։ Բացի այդ, բռնությունների զոհերի ինքը ընտանիքի կողմից մահվան դեպքերի պատշաճ հետաքննություն անցկացնելու մեջ թերանալու մեղադրանքով Հայաստանի Գլխավոր դատախազության դեմ հարուցված հայցը մերժվել է ինչպես Հայաստանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից։

«Խոսքի ազատություն» կարգում իրավապաշտպան կազմակերպությունը անդրադարձել է երեք տարի և 11 ամիս պատժաժամկետի դատապարտված «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա անցյալ տարվա նոյեմբերին, ըստ հաղորդագրությունների, անհայտ անձանց կողմից կատարված հարձակման դեպքին, որից հետո լրագրողը տեղափոխվել է այլ բանտ։ Զեկույցում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի փաստաբանը հայտնել է, թե նրան նախկինում ևս սպառնացել են բռնությամբ՝ օրաթերթում քրեակատարողական համակարգի թերությունները նշող քննադատական հոդվածներ հրապարակելու համար։

«Կանանց և աղջիկների նկատմամբ բռնություն» կարգում նշվում է, որ 2010 թվականի մարտին Հայաստանի վարչապետի որոշման համաձայն ստեղծել է Գենդերային բռնությունների դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով, սակայն երկրում առաջընթաց չի գրանցվել կանանց դեմ բռնությունների դեմ պայքարի բնագավառում և կանանց համար ապաստաններ ստեղծելու գործում։ Զեկույցում հիշատակվել է նաև ամուսնու և սկեսրոջ ծեծի պատճառով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի դեպքը։

«Խղճի բանտարկյալներ» կարգում զեկույցը անդրադառնում է Հայաստանում զինվորական ծառայություն անցնելուց հրաժարվելու համար բանտարկված 73 անձանց և նշում, որ այլընտրանքային ծառայությունը շարունակում է գտնվել զինուժի վերահսկողության տակ։

XS
SM
MD
LG