ԱՄՆ-ի առաջատար օրաթերթերից մեկը գրում է, որ ՄԱԿ-ի գաղտնի քարտեզներում «հստակ նշվում» է Աֆղանստանում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացում, ինչը տեղի է ունենում` հակառակ Սպիտակ տան այն հայտարարություններին, որոնց համաձայն Աֆղանստանում որդեգրած ռազմավարությունը բերում է դրական արդյունքների:
«Ուոլ Սթրիթ Ջորնըլ» օրաթերթում երկուշաբթի օրը հրապարակված հոդվածում ներկայացվում է ՄԱԿ-ի երկու քարտեզների համեմատությունը, որոնցից առաջինում ցուցադրված է իրավիճակը այս տարվա մարտ ամսին, երբ սկսվել են մարտական գործողությունները, մյուսում` իրավիճակը հոկտեմբեր ամսվա վերջին:
Թերթը գրում է, որ Աֆղանստանի հարավային մասը, որտեղ ԱՄՆ-ի և թալիբների միջև ծանր մարտեր են ընթանում, քարտեզում դասակարգվում է որպես «չափազանց բարձր վտանգ» ունեցող շրջան, մինչդեռ երկրի հյուսիսային, կենտրոնական և արևմուտյան շրջաններում առկա «ցածր վտանգ» ունեցող տարածքների մակերեսը «զգալիորեն նվազել» է: