Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդական Ստիվըն Հադլին հաստատել է, որ առաջիկա շաբաթ նախագահ Բուշը ծրագրում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ջանալով լուծել ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանական համակարգի հարցի շուրջ երկու երկրների միջեւ առաջացած վեճը ։
Սպիտակ տանն ունեցած մամլո ասուլիսում Ազգային անվտանգության խորհրդական Ստիվըն Հադլին ասաց, որ նախագահ Բուշը ընդունել է Պուտինի հրավերը հանդիպելու Սեւ ծովյան Սոչի քաղաքում ապրիլի 6-ին, Ուկրաինա, Խորվաթիա եւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի վայր՝ Բուխարեստ կատարելիք այցելություններից հետո։
՛՛Երկու ղեկավարները հնարավորություն կունենան հանդիպելու եւ գնահատելու կատարված առաջադիմությունը, եւ քննարկելու համագործակցության ոլորտները եւ գուցե նաեւ լուծելու որոշ խնդիրներ, ինչպիսին է օրինակ հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի շուրջ վեճը՝՝, ասաց Ստիվըն Հադլին։
Ենթադրվում է որ սա կլինի որպես նախագահներ Բուշի ու Պուտինի վերջին հանդիպումը, քանի որ Պուտինի իրավահաջորդ՝ Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի նախագահի պաշտոնը կստանձնի մայիսին։
Բուշը լրագրողներին հայտնել է, որ ինքն ու Պուտինը կքննարկեն հակահրթիռային պաշտպանության համակարգին վերաբերող հարցեր։ Միացյալ Նահանգները ծրագրում է այդ համակարգը տեղակայել Կենտրոնական Եվրոպայում ։
Հակահրթիռային համակարգը պարունակում է 1Օ կանխարգելիչ հրթիռներ, Լեհաստանում եւ ռադարային համակարգ, Չեխիայի Հանրապետությունում։
Մոսկվան համառորեն դեմ է այդ ծրագրին ասելով, թե այն միջուկային կանխարգելման իր համակարգը թուլացնելու նպատակ է հետապնդում։ Միացյալ Նահանգները հերքում է դա, ասելով թե այդ համակարգը ծրագրվել է Եվրոպան Իրանի հավանական միջուկային հարձակումներից կամ նույնիսկ Իրանի շանտաժներից պաշտպանելու համար։
՛՛Գլխավորը հստակ ձեւով Ռուսաստանին հավաստիացնելն է, որ ռադարային եւ հակահրթիռային համալիրների ծրագրված տեղակայումը Լեհաստանում, Ռուսաստանին Մերձավոր Արեւելքի հավանական սպառնալիքներից պաշտպանելու նպատակ է հետապնդում եւ ուղղված չէ Ռուսաստանի դեմ՝՝, ասաց Ստիվըն Հադլին։
Վերլուծաբանների կարծիքով, որոշ առաջադիմություն է արձանագրվել Մոսկվայում ԱՄՆ-ի արտգործնախարար Քոնդոլիսա Ռայսի, պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի եւ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ վերջերս կայացած բանակցություններից հետո։