Մատչելի հղումներ

Նախագահ Բուշը Իրանին հորդորում է դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը


Նախագահ Բուշն ասել է, թե Իրանը քաղաքացիական միջուկային ծրագրեր հետապնդելու իրաքունք չունի, քանի դեռ միջուկակայանի վառելանյութ է ստանում արտաքին աղբյուրներից։ Պրն Բուշն ասել է, թե չի վստահում խաղաղ նպատակներով միջուկային ծրագրեր մշակելու Իրանի խոստումներին։ Նախագահն այս մասին ակնարկել է Ամերիկայի Ձայնի պարսկական բաժնին տված հարցազրույցում։

Իրանը բազմիցս հայտարարել է, թե ուրանի հարստացման իր ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում։ Սակայն Միացյալ Նահանգներն ու այլ երկրներ պնդում են, որ Իրանը ցանկանում է միջուկային պետություն դառնալ։ Նախագահ Բուշի կարծիքով կա մեկ լուծում.

՛՛Կարծում եմ, որ քաղաքացիական միջուկային ծրագրերը արդյունավետ են։ Իրանը ինքնիշխան երկիր է եւ պետք է այդպիսի ծրագիր ունենա։ Սակայն խնդիրն այն է, որ Իրանի կառավարությունը միջուկային վառելանյութի հարստացման աշխատանքները գաղտնի է պահում ։ Հետեւաբար, պայմանագրային հիմունքներով Իրանին վառելանյութ տրամադրելու Ռուսաստանի առաջարկը կօգնի խնդրի լուծմանը՝՝, ասել է նախագահ Բուշը։

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը վերջերս դարձյալ պատժամիջոցներ հաստատեց Իրանի դեմ, ուրանի հարստացման գործողությունները չդադարեցնելու Իրանի գործելակերպի հետեւանքով։ Այս նորագույն պատժամիջոցները կխստացնեն հսկողությունը իրանյան ֆինանսական հաստատությունների վրա եւ կսառեցնեն միջուկային ծրագրերում ներգրավված անձանց եւ ընկերությունների ունեցվածքը։

Բուշը Իրանի ղեկավարությանն է մեղադրել Իրանի մեկուսացմանը հանգեցնող ծրագրերի համար.

՛՛Իրանի ղեկավարները, ուրանի հարստացման ձգտումներով տարված, մեկուսացրել են այդ հզոր երկիրը։ Սակայն Իրանի ղեկավարները կարող են նաեւ առաջադիմել, եթե դադարեցնեն ուրանի հարստացման ծրագիրը ։ Նրանք կարող են նոր կապեր զարգացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների ժողովուրդների հետ՛՛, ասել է նախագահ Բուշը։

Անցյալ շաբաթվա խորհրդարանական ընտրություններից հետո Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը դարձյալ քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, շեշտելով, որ արեւմտյան երկրները չեն հասկանում Իրանի ժողովրդին։ Իրանը պնդում է, թե կհամագործակցի միայն ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, այլ ոչ թե՝ Անվտանգության խորհրդի հետ։ Նախագահ Բուշը Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում հատուկ պատգամ է հղել Իրանի ժողովրդին.

՛՛Միացյալ Նահանգների ժողովուրդը հարգում է Իրանի ավանդույթներն ու պատմությունը։ Մեր տարակարծությունը միայն Իրանի կառավարության հետ է։ Մենք հարգում ենք Իրանի ժողովրդին եւ ցանկանում ենք, որ նրանք ապրեն ազատ հասարակությունում՝՝։

Իրանի ժողովուրդը այս օրերին նշում է նոր տարվա սկիզբը խորհրդանշող Նովրուզ տոնը։ Բազմաթիվ իրանցիներ հուսով են, որ նոր տարին իրենց կբերի տնտեսական վերելք ու բարգավաճում։

XS
SM
MD
LG