ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի մեկնել է Սաուդյան Արաբիա՝ Ջիդդա, ուր բանակցություններ են նախատեսված ուկրաինական պատվիրակության հետ։
Հայտարարված նպատակն է նախագահ Դոնալդ Թրամփի օրակարգի առաջ մղումը՝ փոխհամաձայնություն ձեռք բերել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին վերջ տալու գործում։
Հիշեցնենք՝ Ջիդդայում նախատեսված բանակցություններին նախորդել էին բավականին բուռն զարգացումներ՝ Սպիտակ տանը նախագահներ Թրամփի ու Զեկլենսկու թեժ հանդիպումը, որին հաջորդել էր Ուկրաինայի նախագահի հրապարակային պատրաստակամությունը ձեռնամուխ լինել Մոսկվայի հետ խաղաղ բանակցություններին։
ԱՄՆ նախագահն անցած ուրբաթ անդրադարձել էր գործերի ընթացքին։
«Կարծում եմ՝ շատ լավ ենք առաջ գնում Ռուսաստանի հետ: Բայց հենց հիմա նրանք դաժանաբար ռմբակոծում են Ուկրաինան: [Բայց] անկեղծ ասած՝ ինձ ավելի դժվար է գործ ունենալ Ուկրաինայի հետ: Նրանք զուրկ են խաղաքարտերից»,- նշել էր Դոնալդ Թրամփը:
Կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար Թրամփը չէր խորշել ճնշումներից։ Սառեցրեց Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնության և հետախուզական տվյալների տրամադրումը՝ միաժամանակ սպառնալով Ռուսաստանի դեմ նոր, ընդգրկուն պատժամիջոցներ կիրառել։
Ավելի ուշ՝ կիրակի, ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե Վաշինգտոնը «գրեթե» վերականգնել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը և հույս հայտնեց, որ Սաուդյան Արաբիայում ուկրաինացի պաշտոնյաների հետ առաջիկա բանակցությունները կտան դրական արդյունքներ։
«Գրեթե վերականգնել ենք [հետախուզական տվյալների տրամադրումը Կիևին]»,- ասել էր Դոնալդ Թրամփը:
Դիտորդների խոսքով՝ ռուս-ուկրաինական համաձայնության կայացումը քաղաքական առումով խիստ կարևոր է Թրամփի համար։
«Նա, ըստ էության, հանձն է առել, որ իր նախագահության օրոք ձեռք կբերվի ինչ-որ համաձայնություն: Սակայն բանակցությունները ներառում են բազմաթիվ խաղացողների՝ Ռուսաստանին, Ուկրաինային, Եվրամիությանը»,- ասում է Քենանի ինստիտուտի ավագ վերլուծաբան Ուիլյամ Պոմերանզը:
Ինչևէ՝ Ջիդդայում սպասվող ամերիկա-ուկրաինական բանակցությունների նախօրեին Վաշինգտոնում հանրահավաքի էին դուրս եկել Ուկրաինայի կողմնակիցները։ Հանգիստ չէր նաև օվկիանոսից այն կողմ․ ռուսական ուժերը շարունակում են գրոհները ուկրաինական խաղաղ բնակավայրերի դեմ: