Դոնալդ Թրամփը նախատեսում է 30 հազար ապօրինի միգրանտների արտաքսել Կուբայում գտնվող ամերիկյան ռազմածովային բազա՝ Գուանտանամո: Վերջինս առավելապես հայտնի դարձավ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, երբ այդ արյունալի հանցագործության մեջ կասկածվողներին փակի տակ առան Գուանտանամոյում։ Ռազմակայանում գործող բանտը հաճախ է հայտնվել իրավապաշտպանների քննադատության թիրախում, թեև ապօրինի միգրանտների համար նախատեսված հատվածը առանձցված է բանտից։
Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է էապես ավելացնել ապօրինի միգրանտների արտաքսումները երկրից, և նրանց մի մասին ամերիկյան իշխանությունները մտադիր են փակի տակ առնել Գուանտանամոյում՝ Կուբայում գտնվող ամերիյան ռազմածովային բազայում:
«Գուանտանամոյում ունենք 30 հազար մահճակալ՝ ամերիկյան ժողովրդին սպառնացող ամենավատ հանցագործներին փակի տակ պահելու համար։ Դրանցից մի քանիսն այնքան վատն են, որ նույնիսկ չենք վստահում [այլ] երկրների, որ նրանց պահեն»,- ասել է Դոնալդ Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարի այս խոսքերը առաջացրել է իրավապաշտպան կազմակերպությունների դժգոհությունը:
Ընդ որում, առաջին անգամը չէ, որ ռազմաբազան օգտագործվում է ապօրինի միգրանտներին փակի տակ պահելու համար։
Լայն հանրությանը Գուանտանամոն հայտնի է որպես 2001 թվականի սեպտեմբերի 11-ի արյունալի ահաբեկչության կասկածյալների, ներառյալ՝ ենթադրյալ կազմակերպիչ Խալիդ Շեյխ Մուհամեդի կալանավայր:
Այս ամենի ֆոնին՝ քչերը գիտեն, որ տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ն օգտագործել է Գուանտանամոն որպես ապօրինի միգրանտների կալանավայր` առանձնացված ահաբեկիչների համար նախատեսված բանտից:
Ամեն ինչ սկսվեց 1991 թվականին, երբ հազարավոր հայիթցիներ փախան ԱՄՆ՝ պետական հեղաշրջումից հետո:
Նախագահ Ջորջ Բուշ-ավագի վարչակազմը փախստականների ճամբար հիմնեց Գուանտանամոյում՝ մինչ քննվում էին նրանց ապաստանի հայցերը:
ԱՄՆ-ում քաղաքական ապաստան փնտրող հազարավոր կուբացիներ և այլ երկրների ներկայացուցիչներ, որոնց ձերբակալել էին ծովում, ևս ժամանակավորապես տեղափոխվում էին Գուանտանամո:
1999 թվականին ԱՄՆ-ն քննարկում էր Բալկաններում հակամարտությունից փախած 20 հազար փախստականներին այնտեղ տեղավորելու ծրագիրը: Բայց գաղափարն առաջ չգնաց, քանի որ Գուանտանամոն շատ հեռու համարվեց այդ մարդկանց հայրենիքից:
Վերջերս Բայդենի վարչակազմը քննարկում էր Գուանտանամոն օգտագործել Հայիթիի միգրանտների՝ սպասվող նոր ալիքի ժամանակ, թեև, ի վերջո, հետ կանգնեց այդ մտքից:
Խոսելով Գուանտանամոյի մասին՝ իրավապաշտպանները, սակայն, նշում են այնտեղ մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:
Փախստականների օգնություն ցուցաբերող միջազգային ծրագրի զեկույցներում նշված են երկարատև ձերբակալությունների, ձերբակալվածների նկատմամբ պատշաճ ընթացակարգերի բացակայության, անբավարար բժշկական օգնության, անգամ խմելու ջրի պակասի և բաց կոյուղաջրերի առկայության մասին:
Հայտնի է, որ ներկայում 15 կալանավոր շարունակում են գտնվել Գուանտանամոյի բանտում, իսկ նրա Միգրանտների ընդունման կենտրոնը ընդունում է հիմնականում Հայիթիից և Կուբայից փախստականների փոքր խմբերի: Կենտրոնի առաջիկա ընդլայնումը՝ 30 հազար ապօրինի միգրանտներին տեղավորելու համար, փաստորեն, շոշափելի քայլ կլինի ԱՄՆ ներգաղթի քաղաքականության մեջ:
ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Քրիստի Նոյեմի խոսքով՝ կալանավորված ապօրինի ներգաղթյալների համար «կլինի պատշաճ ընթացակարգ», սակայն իրավապաշտպանները շարունակում են մտահոգ մնալ՝ չբացառելով, որ կարճ ժամանակում նման քանակի մարդկանց հետ գործ ունենալը կարող է հանգեցնել մարդու իրավունքների խախտումների:
Մինչ այժմ Տեխասում գտնվող ապօրինի միգրանտների կենտրոնից Գուանտանամո է տեղափոխվել 175 մարդ: