Ուրբաթ գիշեր Ֆիլադելֆիայում վթարի է ենթարկվել բժշկական տարհանման ինքնաթիռը։ Jet Rescue Air Ambulance ընկերությունը, որը տեղակայված է Մեքսիկայում, հայտնել է, որ իր ինքնաթիռը կործանվել է անձնակազմի չորս անդամներով, մեկ մանկական տարիքի հիվանդով (երեխա) և հիվանդի ուղեկցորդով:
«Այս պահին մենք չենք կարող հաստատել, որ ողջ մնացածներ կան», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում գրել է, որ «շատ ցավալի է՝ տեսնել, թե ինչպես է ինքնաթիռն ընկել Փենսիլվանիայի Ֆիլադելֆիայում։ Անմեղ մարդկանց կյանքի նոր կորուստներ։ Մեր մարդիկ լիովին ներգրավված են, և պետք է առանձնացնել առաջին արձագանքողների փայլուն աշխատանքը»,-գրել է Թրամփն իր սոցիալական հարթակում:
Դաշնային ավիացիոն վարչությունը հայտնել է, որ վեց մարդ է եղել Learjet 55 ինքնաթիռում, որը վթարի է ենթարկվել 18:30-ի սահմաններում: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ դա տեղի է ունեցել Ֆիլադելֆիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռուզվելտ մոլի մոտ:
The Philadelphia Inquirer-ը հայտնել է, որ առնվազն մեկ տուն և մի քանի մեքենա այրվել են հրդեհի հետևանքով: Եղանակը ցուրտ էր և անձրևոտ, իսկ տեսանելիությունը՝ վատ։
Օդային շտապօգնությունը օդ է բարձրացել Հյուսիսարևելյան Ֆիլադելֆիայի օդանավակայանից և մեկնել Միսսուրիի Սփրինգֆիլդ-Բրենսոնի ազգային օդանավակայան՝ մոտ 1800 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, ասվում է FAA-ի հայտարարության մեջ:
Ֆիլադելֆիայի քաղաքապետ Շերել Փարքերը վթարի վայրում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ զոհերի թվի մասին տեղեկություն չունի։
Ֆիլադելֆիայում CBS մասնաճյուղի կողմից հեռարձակված կադրերը ցույց են տվել, որ վթարի վայրում մեծ հրդեհ է բռնկվել և մի քանի հրշեջ մեքենաներ են աշխատում: Հեռարձակողը հայտնել է, որ զոհերի կարգավիճակը դեռևս հայտնի չէ։
Ըստ հեռուստատեսային կադրերի՝ հրդեհները հիմնականում մարվել են վթարից մոտ երկու ժամ անց:
Ֆիլադելֆիայի արտակարգ իրավիճակների վարչությունը սոցցանցերում հայտնել է, որ տեղի է ունեցել «խոշոր վթար», սակայն այլ մանրամասներ չեն հայտնել:
Ո՛չ Ֆիլադելֆիայի ոստիկանական բաժանմունքը, ո՛չ հրշեջ վարչությունը չեն արձագանքել մեկնաբանության հարցումներին:
Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն սոցիալական ցանցերում գրել է. «Մենք տրամադրել ենք բոլոր ռեսուրսները», իսկ փրկարարներն աշխատում են վթարի վայրում:
Այս վթարին նախորդել էր այս շաբաթ American Airlines Flight 5342-ի և ԱՄՆ բանակի Black Hawk ուղղաթիռի բախումը Վաշինգտոնում, որի հետևանքով 67 մարդ է զոհվել: Դա 2009 թվականից ի վեր ԱՄՆ-ի ամենամահաբեր ավիավթարն էր: