Իսրայելում ցնցված են՝ հրեական պետության նկատմամբ թշնամաբար տրամադրված Իրանի և Թեհրանի ներքո գործող «Համասի» ու «Հեզբոլլահի» դեմ մղվող պատերազմի ժամանակ ավելի շատ իսրայելցի քաղաքացիներ են հավաքագրվել Իրանի օգտին լրտեսելու համար, քան երբևէ՝ Իսրայելի պատմության ընթացքում:
Վերջին ձերբակալվածները՝ երկուսը, պահեստազորից են, և նրանցից մեկը մեղադրվում է Իրանին գաղտնի նյութեր տրամադրելոը մեջ՝ իսրայելական հակահրթիռային պաշտպանության համակարգի՝ «Երկաթե գմբեթի» վերաբերյալ:
Հիշեցնենք՝ 2024 թվականի ապրիլին և հոկտեմբերին բալիստիկ հրթիռների կիրառմամբ երկու հարձակումների ժամանակ Իրանը թիրախավորել էր Իսրայելի մի քանի ռազմակայաններ։ Իսրայելի անվտանգության մարմինների ներկայացմամբ՝ այդ հարձակումները հիմնված էին նաև իրանական ենթադրյալ լրտեսների կողմից Թեհրանին փոխանցված տեղեկատվության վրա:
«Գիտենք, որ իրանական առաջին հարձակման ժամանակ թիրախավորված հենակետերը, օրինակ՝ Գոլանիի հետևակային բրիգադը և հյուսիսում՝ «Ռաֆայելը», խոցվել են իրանցիների կողմից՝ այնտեղ մեկնող մարդկանց օգնությամբ, որոնք նկարահանել են այդ օբյեկտները ճշգրիտ GPS սարքերի կիրառմամբ»,- ասում է Բար Իլան համալսարանի ներկայացուցիչ Էյալ Պինկոն։
Փաստորեն, Իսրայելի անվտանգության մարմինների կողմից ձերբակալված նշված երկու պահեստազորայինները լրացնում է ևս 30 այլ անձանցից բաղկացած ցանկը, որոնք ձերբակալվել կամ արդեն դատապարտվել են 2023 թվականի հոկտեմբերին «Համասի» դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր:
Ձերբակալված գործակալների թիվը դրդել է իսրայելական իշխանություններին ընդլայնել «Ռիմոնիմ» բանտի կարողությունները, որտեղ պահվում են նման գործերով կալանավորվածները, դատապարտվածները, ինչպես նաև՝ «Համասի» զինյալները, որոնք մեղադրվում են ահաբեկչական հանցագործությունների մեջ:
Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանը հավաքագրել է գործակալներին Telegram հավելվածի միջոցով և նրանց առաջարկելով բարձր վարձատվություն։ Իրանական գործակալները պետք է ընդամենը 20 դոլարի դիմաց հակակառավարական գրաֆիտիներ պատկերեին պատերին։ Այնուհետև՝ առաջրկվող գումարը աճում էր՝ հասնելով մինչև 4,000 դոլարի՝ իսրայելցի պաշտոնյաների առևանգման համար:
Իսրայելցի դիտորդների խոսքով՝ ենթադրյալ լրտեսները ձերբակալվել են նախքան նման՝ ծանր հանցանք կատարելը:
«Երբ արդեն հասկանում ես, որ ինչ-որ բան այն չէ, կամ ինչ-որ բան կասկածելի է, կամ արդեն ձեռնարկում ես ծայրահեղ [վտանգավոր] քայլեր, նրանք արդեն տիրացել են քեզ, քանի որ կատարել ես որոշ նրբանկատ առաջադրանքներ: Նրանք կարող են ասել՝ լավ, ես կդիմեմ ձեր կնոջը, ձեր ընտանիքին, կդիմեմ ոստիկանություն։ Այսինքն, դուք արդեն փոսի մեջ եք»,- ասում է Պինկոն:
Ուշագրավ ևս մեկ հանգամանք՝ նախորդ մեկ տարվա ընթացքում ձերբակալված գրեթե բոլոր ենթադրյալ գործակալները Իսրայել ներգաղթած ռուսալեզու բնակիչներ են։
Հրեական պետությունը հյուրընկալել է ավելի քան մեկ միլիոն ռուսաստանցի ներգաղթյալների, և այդ համայնքում շատերը ֆինանսական դժվարություններ ունեն՝ բողոքելով իսրայելական հաստատությունների աջակցության բացակայությունից: Ձերբակալվածներից ոմանք նշել են, թե նման քայլի են դիմել զուտ ֆինանսական դրդապատճառներից ելնելով:
«Իսրայելի ռուսախոս բնակչության մի մասը ծանր հարված է ստացել պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական անկման կամ երկար ժամանակ բանակում գտնվելու պատճառով»,- աում է Թել Ավիվում գործող Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ Չակ Ֆրեյլիխը։
Ինչևէ, Իսրայելում գործակալներ հավաքագրելու Իրանի հաջողված քայլերը իսլամական հանրապետության միջուկային ծրագրի շուրջ աճող լարվածոթւյան պայմաններում են, երբ դիտորդները չեն բացառում Իսրայելի հարձակումը իրանական միջուկային օբյեկտների դեմ։