Մատչելի հղումներ

 
Թրամփը Պենտագոնին 60 օր է տվել հաջորդ սերնդի հակահրթիռային պաշտպանության ծրագրի մշակման համար

Թրամփը Պենտագոնին 60 օր է տվել հաջորդ սերնդի հակահրթիռային պաշտպանության ծրագրի մշակման համար


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մայամի, Ֆլորիդա, հունվարի 27, 2025թ․։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մայամի, Ֆլորիդա, հունվարի 27, 2025թ․։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի ստեղծման մասին։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ ստեղծելու ԱՄՆ-ի համար հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը, որը լինելու է «ուժի միջոցով խաղաղություն» քաղաքականության կարևոր բաղադրիչ։

«Նախորդ 40 տարիների ընթացքում նոր սերնդի ռազմավարական սպառազինությունից բխող սպառնալիքները ոչ միայն չեն նվազել, այլ դարձել են ավելի ինտենսիվ և բարդ։ Գործընկերներն ու հակառակորդները զարգացնում են նոր սերնդի մատակարարման համակարգեր և ինտեգրված օդային ու հակահրթիռային պաշտպանության հնարավորություններ՝ պաշտպանելու իրենց տարածքները»,- նշված է Սպիտակ տան հայտարարությունում։

Փաստաթղթում ասվում է, որ «ուժի դիրքից խաղաղության» հասնելու նպատակով ԱՄՆ քաղաքականությունը պետք է ապահովի իր քաղաքացիների և երկրի պաշտպանությունը՝ հաջորդ սերնդի հակահրթիռային պաշտպանության վահանի տեղակայմամբ։

Նախագահ Թրամփի հայտարարության համաձայն՝ համակարգը պետք է զսպի հնարավոր ագրեսորներին և պաշտպանի ԱՄՆ քաղաքացիներին ու կարևոր ենթակառուցվածքները օտարերկրյա օդային հարձակումներից՝ միաժամանակ ապահովելով հուսալի պատասխան հարվածի հնարավորություն։

Սպիտակ տան ղեկավարը հանձնարարել է Պենտագոնի ղեկավարին 60 օրվա ընթացքում ներկայացնել ծրագիր՝ հաջորդ սերնդի հակահրթիռային պաշտպանության վահանի ստեղծման վերաբերյալ։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ պաշտոնամուտից հետո առաջին անգամ Պենտագոն այցելելիս։ Հունվարի 27, 2025թ․։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ պաշտոնամուտից հետո առաջին անգամ Պենտագոն այցելելիս։ Հունվարի 27, 2025թ․։

Ծրագիրը պետք է ներառի Միացյալ Նահանգների պաշտպանությունը բալիստիկ, հիպերձայնային և թևավոր հրթիռներից, ինչպես նաև նոր սերնդի օդային հարձակում իրականացնող այլ զինատեսակներից։ Բացի այդ, նախատեսվում է մշակել և տեղակայել հրթիռային հարձակումները կանխող, հակառակորդի հրթիռային կայաններին կանխարգելիչ հարվածներ հասցնող համակարգեր։

Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ անհրաժեշտ է ներդնել բոլոր անհրաժեշտ բաղադրիչների ապահով մատակարարման շղթա՝ նոր համակարգի ստեղծման համար։

XS
SM
MD
LG