ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարություն է տարածել Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է հունվարի 27-ին։ Պետքարտուղարության կայքում հրապարակվել է ամերիկյան դիվանագիտակա գերատեսչության ղեկավարի հայտարարությունը:
«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում վեց միլիոն հրեաներին, որոնք սիստեմատիկորեն ոչնչացվեցին ամբողջ Եվրոպայում նացիստների և նրանց համախոհների կողմից, և միլիոնավոր այլ զոհերի հիշատակին», - ասվում է պետքարտուղարի հայտարարության մեջ: «Մենք հարգում ենք վերապրածներին, շնորհակալություն ենք հայտնում ազատագրողներին և վերահաստատում ազատության և արդարության նկատմամբ մեր համատեղ հավատարմությունը»:
«Որպես պետքարտուղար՝ ես հաստատակամորեն հավատարիմ կմնամ Հոլոքոստ վերապրածների և նրանց ժառանգների աջակցմանը, ինչպես դա անում էի ԱՄՆ Սենատում», - ասվում է Ռուբիոյի հայտարարության մեջ:
Հոլոքոստի հիշատակի միջազգային օրը սահմանվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1945 թվականի հունվարի 27-ին դաշնակից ուժերի կողմից նացիստական Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման տարեդարձի կապակցությամբ: Այդ օրը ճամբարում մոտ 7 հազար բանտարկյալներ ազատություն ստացան։ Ինչպես հիշեցնում է ՄԱԿ-ը, նրանք այս ճամբար ուղարկված ավելի քան մեկ միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաների վերջին փրկվածներն էին:
Այս տարի լրանում է այս ճամբարից բանտարկյալների ազատագրման 80-ամյակը, որը հայտնի է նաև որպես Օսվենցիմ:
Հոլոքոստը խլեց մոտավորապես 6 միլիոն հրեաների, այդ թվում՝ 1,5 միլիոն երեխաների, ինչպես նաև այլ ռասաների, հաշմանդամություն ունեցող մարդկանց, միասեռականների և շատ ուրիշների կյանքեր:
«Մենք հարգում ենք զոհերի հիշատակը, հարգանքի տուրք ենք մատուցում փրկվածներին և հիշում ենք, որ աշխարհը խոստացել է այլևս երբեք թույլ չտալ մարդկության դեմ նման վայրագություններ», - ՄԱԿ-ը մեջբերել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքի խոսքերը: