Ուկրաինական Զապորոժիե քաղաքին երեկ հասցված ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է առնվանզ մեկ հոգի, վիրավորվել՝ ավելի քան երկու տասնյակը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պահանջել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի վերստին կոչ է արել երկու կողմերին՝ դադարեցնել պատերազմը:
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորում ապահովելու մեր ջանքերն այժմ ընթացքի մեջ են: Կարևոր է այդ անել»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ այս չորեքշաբթի Թրամփը սոցհարթակներից մեկում գրել էր, որ թեև չի ցանկանում վնասել Ռուսաստանին, սակայն այն պետք է խաղաղ համաձայնագիր կնքի Ուկրաինայի հետ, կամ կբախվի «բարձր մաքսատուրքերի և պատժամիջոցների»։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հինգշաբթի հակադարձել է. «Այստեղ առանձնապես նոր տարրեր չենք տեսնում: Մենք պատրաստ ենք երկխոսության»։
Որոշ վերլուծաբաններ կարծում են, թե ԱՄՆ-ն ունի դեռ չօգտագործած լծակներ՝ ճնշելու Ռուսաստանին։
«[Թրամփը] կարող է շարունակել զենք մատակարարել Ուկրաինային։ Կարող է օգտվել Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված 300 միլիարդ դոլար ակտիվներից»,- ասում է միջազգային անվտանգության գծով փորձագետ Սթիվեն Փայֆերը։
Ազգային անվտանգության և քաղաքագիտության դոցենտ Մեթյու Շմիդտը կարծում է. «ԱՄՆ լավագույն լծակն այն է, որ նա կարող է շարունակել իր շուրջը պահել եվրոպացի դաշնակիցներին և հետ բերել Չինաստանին»:
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, թե Եվրամիությունը պետք է մեծացնի ֆինանսական աջակցությունն Ուկրաինային, քանի որ Ռուսաստանի հաղթանակը երկարաժամկետ հեռանկարում ավելի թանկ կարժենա դաշինքին:
«Եթե Ուկրաինան տանուլ տա, ապա [վտանգը] զսպելու ՆԱՏՕ-ի կարողությունը պահպանելու համար դաշինքը կվճարի շատ ավելի բարձր գին, քան այն, ինչի մասին այս պահին մտածում ենք՝ [ռազմական] ծախսերն ավելացնելու և մեր արդյունաբերական արտադրությունն ընդլայնելու առումով»,- ասել է Մարկ Ռյուտեն։
Ռյուտեն նախազգուշացրել է՝ հապճեպ, բայց Ուկրաինայի համար անբարենպաստ խաղաղ համաձայնագիրը աշխարհաքաղաքական առումով «մեծ սխալ» կլինի։