Մատչելի հղումներ

Իլոն Մասկն ընդդեմ Մեծ Բրիտանիայի կառավարության. Մասկը քննադատել է վարչապետ Սթարմերին


Tesla-ի գործադիր տնօրեն, միլիարդատեր Իլոն Մասկ
Tesla-ի գործադիր տնօրեն, միլիարդատեր Իլոն Մասկ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրապարակավ հակադարձել է Իլոն Մասկին՝ խոսելով, «ստեր և ապատեղեկատվություն տարածողների» մասին։ Սթարմերի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մերաձավորագույն դաշնակիցը Սթարմերին մեղադրել է երեխաների սեռական շահագործման նախկինում տեղ գտած դեպքերի առնչությամբ քրեական հետապնդում չիրականացնելու մեջ։ Առաջին անգամը չէ, որ Մասկը բավականաին սուր կերպով միջամտում է եվրոպական քաղաքականությանը։

Նախորդ օրերին Tesla-ի գործադիր տնօրեն, միլիարդատեր Իլոն Մասկը թիրախավորել էր բրիտանական կառավարությանը՝ իրեն պատկանող X հարթակում մի շարք գրառումներ կատարելով: Առանց ապացույցներ ներկայացնելու՝ Մասկը մեղադրել է բրիտանական կառավարությանը, թե այն մեղսակից է՝ թաքցնելով երեխաների նկատմամբ «էթնիկ ավազակային խմբերի» իրականացրած բռնությունների ծավալը և անգործություն ցուցաբերելով։

Ինչու՞ է Մասկը միջամտում Մեծ Բրիտանիայի ներքին գործերին
please wait

No media source currently available

0:00 0:03:25 0:00

Ըստ տեղեկությունների՝ նման գործերը ձգձվում են ավելի քան 20 տարի:

«Տպավորություն կար, որ այդ հանցախմբերը, հատկապես նրանք, որոնք կազմված են պակիստանյան ծագում ունեցողներից, քրեական հետապնդման չեն ենթարկվում և ոստիկանների կողմից չեն հետաքննվում այնչափ խիստ, որչափ պետք էր: Կարծում եմ, բողոքողների պատճառն այն էր, որ հիմնականում աշխատավոր խավից սերված աղջիկների [գանգատներին] ոստիկանությունն այնքան էլ լուրջ չէր վերաբերվում: Ոմանք նաև կմատնանշեն միջհամայնքային հարաբերությունների հետ կապված զգայուն հարցերը։ Այլ կերպ ասած՝ ոստիկանությունը և իշխանությունները վախենում են ռասիստ կոչվելուց»,- ասում է Լոնդոնի Քուին Մերի համալսարանի քաղաքագետ Թիմ Բեյլը:

Նման դեպքերը թաքցնելու մասին պնդումների հեղինակներից է ծայրահեղ աջ ակտիվիստ Թոմի Ռոբինսոնը, ով ներկայում բանտում է:

Մասկը X-ում գրել է, թե Ռոբինսոնը պետք է ազատ արձակվի, և շեշտել՝ «նրանք, ովքեր թաքցնում են այս նենգ արարքները, պետք է նրա տեղը զբաղեցնեն խցում»:

Իլոն Մասկը մեղադրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին, որ նա չի գործել պատշաճ կարգով, երբ Մեծ Բրիտանիայի գլխավոր դատախազն էր:

Երկուշաբթի ելույթ ունենալով` Սթարմերը հակադարձել է։

«Նրանք, ովքեր սուտ և ապատեղեկատվություն են տարածում՝ որքան հնարավոր է հեռու գնացող ու լայն [նպատակներով], հետաքրքրված չեն [այդ հանցագործությունների] զոհերով, այլ [հետաքրքրված են] իրենցով: Նրանք, ովքեր քաջալերում էին Թոմի Ռոբինսոնին, հետաքրքրված չեն արդարադատությամբ: Նրանք աջակցում են մի մարդու, ով բանտ է նստել ավազակախմբերին վերաբերող քրեական գործը գրեթե փլուզելու համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Սթարմերը հավելել է, որ որպես գլխավոր դատախազ՝ ինքը վերաբացել է երեխաների նկատմամբ բռնության բազմաթիվ գործեր և առաջին քրեական հետապնդումը հարուցել ասիական ծագում ունեցող հանցախմբի դեմ:

Սթարմերի այս հայտարարությունից հետո, սակայն, Իլոն Մասկը կրկնել է քննադատությունը՝ Միացյալ Թագավորության վարչապետի հասցեին օգտագործելով «ամբողջովին զազրելի» արտահայտությունը։

Թիմ Բեյլն ուշադրություն է հրավիրում՝ այս ողջ պատմության մեջ աչք է զարնում այն, որ Սթարմերը խուսափել է տալ Մասկի անունը։

«[Հաշվի առնելով Մասկի] ներկայիս մտերմությունը Դոնալդ Թրամփի հետ՝ կարծում եմ, Սթարմերը պետք է շատ զգույշ լինի, զգույշ ընտրի իր խոսքերը և, հետևաբար, չի կարող տալ Մասկի անունը»,- ասում է Բեյլը:

Հայտնի է, որ Իլոն Մասկը նաև քննադատել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ բացահայտորեն աջակցելով ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը։

Եվրոպացի որոշ օրենսդիրներ կոչ են արել եվրոպական կարգավորող մարմիններին միջոցներ ձեռնարկել X-ի դեմ՝ նրաց խոսքով, ապատեղեկատվություն տարածելու համար:

«Կասկածում եմ, որ նման բան տեղի կունենա։ Իլոն Մասկը սիրում է հանդես գալ որպես ազատ խոսքի բացարձակ ջատագով։ Բազմաթիվ երկրների քաղաքական գործիչներ, կուսակցություններ իրենք են հանդես գալիս ազատ խոսքի օգտին»,- ասում է Բեյլը:

Երկուշաբթի Մասկը քննադատել է նաև Դոնալդ Թրամփի երկարամյա դաշնակից, բրիտանացի քաղաքական գործիչ Նայջել Ֆարաջին՝ X-ում գրելով, թե Ֆարաջը «չունի այն, ինչ անհրաժեշտ է» բրիտանական Բարեփոխումների կուսակցությունը ղեկավարելու համար»:

Ավելի վաղ Նայջել Ֆարաջը հրաժարվել էր միանալ Թոմի Ռոբինսոնին ազատ արձակելու կոչին:

Ֆարաջն արձագանքել է, թե մնում է նույն դիրքորոշման։

XS
SM
MD
LG