ԱՄՆ նոր՝ 119-րդ Կոնգրեսի աշխատանքները մեկնարկեցին այսօր՝ հունվարի 3-ին։
«Նախագահ Թրամփը կվերադառնա Վաշինգտոն՝ Սպիտակ տուն, և կհաստատենք հանրապետականների վերահսկողությունը Սենատի և [Ներկայացուցիչների] տան նկատմամբ: Ամեն ինչ շատ տարբեր է լինելու»,- ասել է Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը։
Սակայն դիտորդների կարծիքով՝ Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնի պաշտոնավարումը նոր Կոնգրեսում վտանգված է՝ անցած ամիս դեմոկրատների հետ ձեռք բերված գործարքից հետո, որը թույլ տվեց շարունակել կառավարության ֆինանսավորումը:
«Ջոնսոնը սուր քննադատության ենթարկվեց իր հանրապետական գործընկերների կողմից: Եվ նա քիչ կողմնակիցներ ունի՝ իր [վերընտրության] համար ապահովելու մեծամասնության ձայները»,- նշում է American Enterprise Institute-ի ներկայացուցիչ Քևին Կոսարը։
Այդուհանդերձ, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն այս երկուշաբթի սոցցանցերից մեկում հրապարակում կատարեց՝ իր աջակցությունը հայտնելով Ջոնսոնի թեկնածությանը, թե նա «լավ, աշխատասեր, կրոնավոր մարդ է»:
Սակայն Ներկայացուցիչների նոր տան հանրապետական օրենսդիրների շրջանում արդեն իսկ լսվում են հրապարակային կասկածներ, թե արդյոք նպատակահարմար է, որ Մայք Ջոնսոնն առաջիկայում ևս գլխավորի ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը։ Մասնավորապես, այս մասին խոսել են Չիփ Ռոյը և Թոմաս Մասին, իսկ Թրամփի խորհրդական Սթիվ Բանոնը հանրապետականներին կոչ է արել հեռացնել Ջոնսոնին:
«Ակնհայտ է, որ Ջոնսոնը չի կատարել առաջադրանքը, և նա պետք է հեռանա»,- ասել է Բանոնը։
Երկու տարի առաջ՝ նախորդ Կոնգրեսի աշխատանքների մեկնարկին, հանրապետական Քևին ՄըքՔարթին նույն խնդրի առջև էր։ Նա կարողացավ ընտրվել Ներկայացուցիչների տան խոսնակ քվեարկության 15-րդ փուլում։
Այս ամենի ֆոնին՝ չեն թաքցնում իրենց մտահոգությունը Կոնգրեսի ստորին պալատի դեմոկրատները, թե միլիարդատեր և Թրամփին այլևս մոտ կանգնած Իլոն Մասկը լուրջ ազդեցություն է ձեռք բերել քաղաքական հարցերում:
«Մասկը թվիթերում հրապարակել է տարատեսակ ստեր և ապատեղեկատվություն, նույնիսկ օրինագծի մասին»,- ասել է Ներկայացուցիչների տան դեմոկրատ անդամ Փրամիլա Ջայափալը։
Ինչպես ասացինք, ԱՄՆ Սենատը ևս անցնում է հանրապետականների վերահսկողության ներքո, և Կոնգրեսի վերին պալատում հանրապետականների ոչ ֆորմալ առաջնորդ Միթչ ՄըքՔոնելը 18 տարի անց թողնելու է իր այդ պարտականությունները։ Նրա տեղը զբաղեցնելու է Ջոն Թունը՝ Հարավային Դակոտա նահանգից:
«Մենք մանդատ ունենք ամերիկացի ժողովրդից, մանդատ՝ ոչ միայն մաքրելու Բայդեն-Հարիս-Շումերի օրակարգի թողած խառնաշփոթը, այլև իրականացնել նախագահ Թրամփի առաջնահերթությունները»,- ասել է Թունը:
Ավանդաբար, ԱՄՆ նոր նախագահի և Կոնգրեսի գործունեության առաջին 100 օրը առանձնանում է օրենսդրական նախաձեռնություններով:
«Նա բարձրացնելու է մաքսատուրքերը: Պատրաստվում է կենտրոնանալ սահմանին առնչվող հարցերի ուղղությամբ, նաև՝ ներգաղթի և ներգաղթյալների հետ կապված իրավական նորմերի վրա, [խոսքը] մասնավորապես Մեքսիկայից և մահմեդական երկրներից ժամանածների մասին է: Հետո կաշխատի փոխզիջում ձեռք բերել՝ օրենսդրական օրակարգի ձևավորման միջոցով՝ տնտեսության, կամ ինչպես ինքն է սիրում ասել՝ սննդամթերքի վերաբերյալ»,- ասում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ներկայացուցիչ Քեյսի Բուրգաթը։
Նախատեսված է, որ գալիք երկուշաբթի ԱՄՆ Ներկայացուցիչների տունը վավերացնելու է 2024 թվականի ընտրությունների արդյունքները՝ հաստատելով, որ Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական մրցարշավում։