ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտ, ուր Միացյալ Նահանգների պետական դրոշներն են ծածանվում, կալիֆոռնիացի Շերիլ Ջոնսն անկեղծանում է՝ Ջիմի Քարթերն իր սիրելի նախագահն էր:
«Պարզապես լավ մարդ էր: Պարկեշտ, ազնիվ մարդ: Մի բան, որն այլևս շատ չենք տեսնում»,- ասում է Ջոնսը։
Քիթ Բըրնսը, Վաշինգտոն նահանգի Տակոմա քաղաքից է։ Հիշում է Քարթերի ջանքերն՝ ուղղված կարիքավոր մարդկանց համար տներ կառուցելուն:
«Habitat for Humanity-ի կառուցած տների մոտ եմ ապրում: Նրա նվիրվածությունը այլ մարդկանց օգնելու գործում, կարծում եմ, դա մեր բոլորի կյանքում առաջնային նպատակ պետք է լինի: Եվ սարսափելի է, որ աշխարհն այնպիսի վիճակում է, որտեղ չենք օգնում մարդկանց: Իսկ նա այդքան տարիներ օրինակ էր ծառայում»,- ասում է Բըրնսը։
Քարթերը ցույց տվեց մարդկանց մասին հոգ տանելու կարևորությունը՝ նշում է Վիրջինիայի բնակիչ Նատոշա Ուոքերը:
«Պետական ծառայության մեջ դուք մարդկանց ծառայելու համար եք: Դա ամենակարևոր որակն է: Օրինակ եք ծառայում։ Գիտե՞ք, նա ուսումնասիրել էր Աստվածաշունչը։ Habitat for Humanity-ի հետ էր աշխատում: Սրանք բոլորը լավ օրինակներ են, թե ինչպես պետք է առաջնորդենք [մարդկանց] և ինչպես պետք է շփվենք մեր հայրենակից ամերիկացիների հետ»,- ասում է Ուոքերը:
Երկուշաբթի Նյու Յորքի ֆոնդային բորսան մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց ԱՄՆ նախկին նախագահի հիշատակին:
Նյու Ջերսիի բնակիչ Դելորես Սպիվակը հիշում է Քարթերի միջնորդական ջանքերը՝ ավարտելու իսրայելցիների և պաղեստինցիների հակամարտությունը:
«Այնքան ակնածանք ունեմ նրա նկատմամբ, քանի որ նա պայքարում էր շրջակա միջավայրի, քաղաքացիական իրավունքների համար։ Բայց հետո նրա գրած գրքերը, հատկապես Մերձավոր Արևելքի մասին, ահռելի [նշանակություն ունեն]: Փշաքաղվում եմ, երբ խոսում եմ, մտածում եմ Քեմփ Դևիդի համաձայնագրի մասին»,- ասում է Սպիվակը։
Քարթերի մահը դրդում է մեզ ավելին իմանալ նրա կյանքի և նախագահության մասին՝ ասում է Կոնեկտիկուտի բնակիչ Կիմ Պոտվինը:
«Կարծում եմ՝ տեղյակ չեմ եղել նրա վարած քաղաքական ողջ գործոնեության, այն ժամանակվա տնտեսության և պատմության մասին: Շատ բան ենք սովորում պատմությունից, քանի որ այն, կարծես, տեղափոխվել է մեր օրեր»,- ասում է Պոտվինը։
Քարթերի հայրենի Փլեյնս քաղաքում՝ Ջորջիա նահանգում… … Սանդրա Ուոլթերսը հիշում է ընկերոջը, ով մեծացել է փողոցի մյուս կողմում:
«Շնորհակալ եմ, Տե՛ր, որ թույլ տվեցիր նրան ապրել հարյուր տարի և անել այն ամենը, ինչ նա ուզում էր անել: Կարծում եմ՝ նա այնքան շատ բան հասցրեց անել, որ կարող ենք տխրել մի մարդու համար, որ նման բաներ արեց, և այդ ամենը արել է Ջորջիայի Փլեյնս քաղաքից մեկը, ով մեծացել է գետնանուշի ֆերմայում և դարձել Միացյալ Նահանգների նախագահը»,- ասում է Ուոլթերսը:
Քարթերին կհուղարկավորեն Փլեյնսում՝ հունվարի 9-ին մայրաքաղաք Վաշինգտոնում պետական հուղարկավորությունից հետո: