Կործանված ինքնաթիռի ուղևորներից մեկը Reuters-ին ասել է, որ առնվազն մեկ ուժեղ հարված է լսվել, երբ ինքնաթիռը մոտենում էր իր սկզբնական նշանակետին՝ Ռուսաստանի հարավում գտնվող Գրոզնի քաղաքին:
«Կարծում էի, որ ինքնաթիռը կփլվի», - ասել է հիվանդանոցում վթարված ինքնաթիռի ուղևորներից մեկը՝ Սուբխոնկուլ Ռախիմովը՝ հավելելով, որ լսելով հարվածը՝ սկսել է աղոթել՝ կարծելով, որ իր կյանքի վերջին պահերն են:
Ռախիմովի խոսքով՝ ուժեղ հարվածից հետո ինքնաթիռի ընթացքը շատ տարօրինակ էր. թվում էր՝ կորցրել է հավասարակշռությունը։
Ինքնաթիռի մեկ այլ ուղևոր Reuters-ին ասել է, որ ինքը նույնպես ուժեղ հարված է լսել:
«Շատ վախեցա»,- ասաց Վաֆա Շաբանովան՝ ընդգծելով, որ եղել է երկրորդ պայթյուն։
Այնուհետև, բորտուղեկցորդուհին նրան ասել է, որ տեղափոխվի ինքնաթիռի հետևի հատված:
Երկու ուղեւորներն էլ նշել են, որ պայթյունից հետո սրահում թթվածնի հետ կապված խնդիր է եղել:
Իր հերթին՝ բորտուղեկցորդուհի Զուլֆուգար Ասադովն ասել է, որ Գրոզնիում վայրէջքն արգելված էր մառախուղի պատճառով, ուստի օդանավը պտույտներ էր իրականացնում, երբ դրսից պայթյուն լսվեց:
«Օդաչուն նոր էր սկսել բարձրացնել ինքնաթիռն ու բարձրություն հավաքել, երբ [ինքնաթիռի] ձախ թևի կողմից ձայն լսեցի: Երեք հարված է եղել»,- ասաց նա:
Զգացել է, որ ինչ-որ բան հարվածեց օդանավի ձախ թևին, որից հետո ինքնաթիռի ներսում ճնշում է առաջացել:
«Օդաչուն ասաց, որ իրեն խորհուրդ են տվել վայրէջք կատարել ծովում, սակայն նա որոշել է մեկնել Ակտաու և վայրէջք կատարել գետնին»,- ասել է բորտուղեկցորդուհի Ասադովը։ «Նա զգուշացրեց, որ կոշտ վայրէջք է լինելու և խնդրեց, որ պատրաստ լինենք և պատրաստենք ուղևորներին»։
«Վթարային վայրէջքի ժամանակ առաջացած քաոսից հետո ինքնաթիռի ներսում լռություն էր տիրում, իսկ հետո լսելի դարձավ տուժածների բղավոցները»,- հավելել է ուղևոր Ռախիմովը։
Ուրբաթ առավոտյան «Ադրբեջանական ավիաուղիների» մեկ այլ ինքնաթիռ, որը կատարում էր Բաքու-Միներալնիե Վոդի չվերթը, թռիչքից անմիջապես հետո ստիպված է եղել վերադառնալ մեկնման օդանավակայան: Օդաչուն որոշել է շրջադարձ կատարել Մախաչկալայի մոտ օդային տարածքի փակման մասին ծանուցումից անմիջապես հետո։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Բաքվի միջազգային օդանավակայանում տեղական ժամանակով 10:13-ին։ Այս մասին հաղորդում է Report-ը՝ հղում կատարելով «Ադրբեջանական ավիաուղիների» մամլո ծառայությանը։
Դիտորդների խոսքով ՝ադրբեջանական օդանավի կործանումը ի ցույց է դնում, թե, իրականում, ինչ իրավիճակ է Ռուսաստանի ավիափոխադրումների ոլորտում։
Հիշեցնենք՝ միջադեպի հետևանքով ինքնաթիռում գտնվող 67 մարդկանցից 38-ը մահացել են։
Նախաքննությունն ավիավթարի պատճառներն անվանում է «ֆիզիկատեխնիկական արտաքին միջամտություն»։
Սակայն ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական արդյունքներին ծանոթ ադրբեջանական չորս աղբյուրներ հինգշաբթի Reuters-ին հայտնել են, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը սխալմամբ խոցել է ինքնաթիռը։
Առկա են անուղակի մի շարք ապացույցներ, որ Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռը կարող է խոցված լինել ռուսական հակաօդային պաշտպանության կողմից՝ հինգշաբթի CBS News-ին ասել է ամերիկացի պաշտոնյան, ով ցանկացել է անանուն մնալ։ Մոսկվան շարունակաբար օգտագործում է ՀՕՊ համակարգեր՝ Գրոզնիի շրջակայքում ուկրաինական անօդաչուների դեմ։
Council on Foreign Relations հաստատության վերլուծաբան Չարլզ Քուպչինը նկատում է, որ դեռևս չկան սպառիչ փաստեր տեղի ունեցածի կապակցությամբ, ուստի կոչ է անում սպասել հետաքննության ավարտին՝ վերջնականն եզրակացությունների համար:
«Տարբեր տեղեկություններ են հաղորդվում: Ըստ դրանցից մեկի՝ ինքնաթիռը կործանվել է թռչունների երամին հարվածելուց հետո: Երկրորդ տեսությունն այն է, որ քանի որ ինքնաթիռը շեղվել էր իր ուղուց, ռուսնական կողմը վստահ չէր, թե դա ինչ ինքնաթիռ է: Սա մի գոտի է, որը ենթարկվում է ուկրաինական անօդաչուների հարվածներին, և որպես հետևանք, հակաօդային պաշտպանության կրակը կարող էր ուղղված լինել այս ինքնաթիռի ուղղությամբ»,- ասում է Քուպչինը
«Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը ուրբաթ օրը դադարեցրել է մի շարք չվերթներ դեպի Ռուսաստանի քաղաքներ։ Ավիաընկերությունը հայտարարել է, թե սահմանափակումները կսկսվեն դեկտեմբերի 28-ից և կազդեն Միներալնիե Վոդի, Սոչի, Վոլգոգրադ, Ուֆա, Սամարա, Գրոզնի, Մախաչկալա, Սարատով, Նիժնի Նովգորոդ և Վլադիկավկազ տանող չվերթների վրա՝ հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Embraer 190 ինքնաթիռի կործանման «նախաքննության արդյունքները» և թռիչքների համար «հնարավոր ռիսկերը»՝ հաղորդում է «Ադրբեջանական ավիաուղիները»:
RAND հաստատության վերլուծաբան Անն Մարիա Դեյլին կարծում է, որ ամենայն հավանականությամբ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը սխալմամբ խոցել է ինքնաթիռը, երբ այն փոխել է իր ուղղությունը:
«Ռուսական կողմը օգտագործել է հակաօդային պաշտպանության համակարգերը, քանի որ այդ ուղղությամբ հարձակումներ են եղել ուկրաինական անօդաչուների կողմից: Նրանք, հավանաբար, ուղևորատար ինքնաթիռը շփոթել են ուկրաինական անօդաչուի հետ և գործի դրել հակաօդային պաշտպանությունը»,- նշել է RAND հաստատության վերլուծաբանը:
Դեյլին, սակայն, հավելում է.
«Եթե Ռուսաստանը փորձի հերքել կամ կոծկել տեղի ունեցածը, ապա դա կարող է հանգեցնել Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման: Եթե Ռուսաստանը ներողություն չխնդրի իր արածի համար և չապահովի իր օդային տարածքի հստակ կառավարումը, դա կարող է հանգեցնել նաև Ռուսաստանի և նրա սահմանին գտնվող այլ երկրների, մասնավորապես Կենտրոնական Ասիայի հետ, հետագա հարաբերությունների դեգրադացիայի»,- ասում է Դեյլին:
Հարցին, թե արդյոք ռուսական հակաօդային պաշտպանությունը սխալմամբ խոցել է ինքնաթիռը, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ուրբաթ ասել է, որ «ավելացնելու ոչինչ չունի, և չի ցանկանում որևէ գնահատական տալ, քանի դեռ պաշտոնական հետաքննությունը չի հանգել վերջնական եզրակացության»։
CNN-ն ուրբաթ հայտնել է, որ խոցված ադրբեջանական ինքնաթիռի «սև արկղերը» հայտնաբերվել են, և որ «[տեղի ունեցածին] Ռուսաստանի առնչության վերաբերյալ հարցերը» ավելացել են։
«Ռոսավիացիան»՝ Ռուսաստանի ավիացիոն ոլորտը կարգավորող պետական մարմինը, պնդում է, թե ինքնաթիռի օդաչուին առաջարկվել է վայրէջք կատարել այլ օդանավակայաններում, սակայն ընտրվել է Ղազախստանի Ակտաուն։
Ուրբաթ բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ ինքնաթիռ արտադրող ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաև ղազախ և միջազգային փորձագետները կհավաքվեն Ակտաուում՝ քննելու վթարի վայրը և վերծանելու վթարի ենթարկված ինքնաթիռի «սև արկղերը»։
Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը հայտարարել է, որ վթարը հետաքննող հանձնաժողով է ստեղծվել, որում ընդգրկված են Ղազախստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ։ Այդուհանդերձ, ըստ ղազախական պետական լրատվամիջոցները, ղազախ պաշտոնյան ասել, է որ այս փուլում «Ռուսաստանի և Ադրբեջանի իրավապահ մարմիններին թույլ չեն տա դատաբժշկական փորձաքննություն անցկացնել»:
Ավիացիայի գծով ուկրաինացի փորձագետ Կոնստանտին Կրիվոլապը անլուրջ է համարում վթարի վերաբերյալ Ռուսաստանի ներկայացրած վարկածը, ըստ որի՝ ինքնաթիռի կործանման պատճառը թռչունների հետ բախումն է եղել։ Նա ասում է, որ նման ինքնաթիռի պարագայում դա անհնար է, և որ ողբերգության պատճառը ռուսական հակաօդային պաշտպանության արձակած հրթիռն է։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Կրիվոլապը ասում է, որ կործանման ենթարկված Embraer տեսակի ինքնաթիռը ունի General Electric ընկերության շարժիչ, ուստի անհնար է, որ թռչունը մտնի դրա մեջ և անջատի այն: Ընդգծում է՝ բազմաթիվ հարցեր անպատախան են մնում, օրինակ՝ ինչպե՞ս ինքնաթիռը հայտնվեց Ակտաուում, եթե Բաքվից մեկնում էր Գրոզնի, ինչպե՞ս անցավ Կասպից ծովի վրայով՝ 450 կիլոմետր և այլն։
Ռուսաստանցի անկախ ռազմական փորձագետ Յան Մատվեևը ուշադրություն է հրավիրում՝ կործանված ինքնաթիռի պոչի հատվածում նկատելի են վնասներ, որոնք համատեղելի են «երկիր-օդ» տեսակի հրթիռի բեկորների հետ, որը կիրառում է, օրինակ, Панцирь-С1 հակաօդային պաշտպանության համակարգը:
«Կարծես թե ինքնաթիռի պոչի հատվածը վնասվել է հրթիռի որոշ բեկորներից»,- ասել է նա։
Այդ նույն կարծիքին է RAND հաստատության վերլուծաբան Անն Մարիա Դեյլին:
«Երբ ես տեսա ինքնաթիռի պոչի վնասված հատվածի լուսանկարները, ապա չափազանց հավանական թված, որ դա հնարավոր է եղել հակաօդային պաշտպանության համակարգի պատճառով: Պարզապես այն պատճառով, որ բեկորների հետքերը համապատասխանում են «երկիր-օդ» հրթիռով խոցման հետքերին»,- ասել է Դեյլին:
Մատվեևը հավելել է՝ անհասկանալի է մնում, թե ինչու են օդաչուները որոշել հարյուրավոր մղոններ թռչել դեպի արևելք Կասպից ծովի վրայով, այլ ոչ թե փորձել վայրէջք կատարել Ռուսաստանի՝ ավելի մոտ օդանավակայաններից մեկում, այն բանից հետո, երբ ինքնաթիռի խոցվել էր:
Հնարավոր է, որ ինքնաթիռի որոշ համակարգեր որոշ ժամանակ շարունակել են գործել, և անձնակազմը կարծել է, որ նրանք կարող են հասնել և նորմալ վայրէջք կատարել՝ գտնում է Մատվեևը՝ նշելով, թե չի բացառվում, որ ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստան տարածքում: