Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն մտադիր է շարունակել աջակցությունը Սիրիայի քրդերին


ԱՄՆ զինվորականը Սիրիայի Քամիշլի քաղաքում՝ քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) հետ համատեղ պարեկության ժամանակ։ Փետրվարի 8, 2024թ․։
ԱՄՆ զինվորականը Սիրիայի Քամիշլի քաղաքում՝ քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) հետ համատեղ պարեկության ժամանակ։ Փետրվարի 8, 2024թ․։

Չնայած Սիրիայի նախկին բռնապետ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալմանը, ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, թե այն չի ազդի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցներին ցուցաբերվող օգնության վրա։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է քրդական ուժերին։

Ժամեր անց այն բանից հետո, ինչ ռուսական պետական լրատվամիջոցները հայտնեցին, թե Սիրիայի նախկին բռնապետ Բաշար ալ-Ասադը լքելով Դամասկոսը՝ ապաստանել է Մոսկվայում, իսկ մինչ այդ էլ ապստամբ ուժերն գրավել էին Սիրիայի մայրաքաղաքը, իր անունը հրապարակել չցանկացող ԱՄՆ պաշտոնյան նշել է, թե Վաշինգտոնը մտադիր չէ ավարտին հասցնել ամերիկյան ռազմական ներկայությունը Սիրիայում, որը կազմում է մոտ 900 զինվորական։

Հայտնի է, որ Սիրիայում գործող ԱՄՆ զինված ուժերի մեծ մասը տեղակայված է երկրի հյուսիս-արևելքում՝ քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) վերահոսկողության ներքո գտնվող տարածքում:

ԱՄՆ-ն մտադիր է շարունակել աջակցությունը Սիրիայի քրդերին
please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան կիրակի ընդգծել է, որ Վաշինգտոնի ներկայությունը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի կայունության համար:

«Մեր ներկայությունը չափազանց կարևոր է «Իսլամական պետության» վերակենդանացումը կանխելու, ինչպես նաև «Սիրիական դեմոկրատական ուժերին» ու տեղական գործընկերներին աջակցելու համար»,- նշել է պաշտոնյան:

2015 թվականին ձևավորված «Սիրիական դեմոկրատական ուժերը», որոնք բաղկացած են քրդական, բայց նաև արաբական աշխարհազորայիններից և, ընդհանուր առմամբ, կազմում են մոտ 40 հազար մարտիկներ, առանցքային դեր խաղացին «Իսլամական պետության» դեմ պայքարում, մասնավորապես՝ Ռաքքայի ազատագրման ժամանակ:

2019 թվականի մարտին «Սիրիական դեմոկրատական ուժերը» գրավեցին «Իսլամական պետության» վերջին հենակետը՝ Բաղուզ քաղաքը: Այս հաղթանակը ծանր արժեցավ. ռազմական գործողությունների ժամանակ զոհվեցին ԱՄՆ աջակցությունը վայելող քուրդ-արաբական ուժերի մոտ 11 հազար մարտիկներ:

Իրաքի անվտանգության ուժերը վայր են իջեցրել «Իսլամական պետության» դրոշը Անբարի համալսարանի շենքի վրայից։ Ռամադի, Իրաք, հուլիսի 26, 2015թ․։
Իրաքի անվտանգության ուժերը վայր են իջեցրել «Իսլամական պետության» դրոշը Անբարի համալսարանի շենքի վրայից։ Ռամադի, Իրաք, հուլիսի 26, 2015թ․։

Ինչևէ, նախորդ տարիների զարգացումներից հետո, հետախուզական տվյալների համաձայն՝ ներկայում «Իսլամական պետության» ակտիվությունը շարունակում է աճել Սիրիայի կենտրոնական՝ անապատային շրջաններում: Այսօր Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների թիվը գնահատվում է 2,500-5,000:

Նաև Մերձավոր Արևելքն ընդգրկող Պենտագոնի Կենտրոնական հրամանատարությունը ուշադրություն է հրավիրել, որ անցած տարի «Իսլամական պետությունը» կրկնապատկել է ահաբեկչական հարձակումների թիվը և փորձում է ազատել իր մոտ 9 հազար գրոհայիններին, որոնք պահվում են «Սիրիական դեմոկրատական ուժերին» պատկանող շուրջ 20 բանտերում:

«Սիրիական դեմոկրատական ուժերը» նաև հսկում են Սիրիայում ներքին տեղահանվածների ճամբարների՝ «Ալ-Հոլի» և «Ալ-Ռոջի» անվտանգությունը, որտեղ բնակվում է մոտ 30 հազար մարդ, ներառյալ՝ բազմաթիվ երեխաներ, «Իսլամական պետության» գրոհայինների ընտանքիներ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդդծել է, որ Վաշինգտոնը միայնակ չի թողնի Սիրիային և «Սիրիական դեմոկրատական ուժերին»։

«Մեր առաքելությունը՝ «Իսլամական պետության» դեմ պայքարը, կշարունակվի, ներառյալ՝ կալանավայրերի անվտանգության ապահովման ուղղությամբ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Բայդենը նաև ընդգծել է, թե ԱՄՆ-ն չի թույլատրի «Իսլամական պետությանը» օգտվել Սիրիայում իշխանության վակուումից:

Կիրակի ամերիկյան ռազմուժը տասնյակ ավիահարվածներ է հասցրել իսլամիստների թիրախներին։ Պենտագոնի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ գործողության ժամանակ խոցվել է ավելի քան 75 թիրախ, կիրառվել են օդուժի տարբեր միջոցներ:

Բայդենի վարչակազմի անանուն զրուցակցի ներկայացմամբ՝ Պենտագոնի հարվածները շոշափելի վնաս են հասցրել «Իսլամական պետության» գրոհայիններին։

Ինչևէ, Վաշինգտոնի հիմնական մտահոգությունը, սակայն, վերաբերում է տարածաշրջանի անկայունությանը, և այդ համատեքստում Անկարայի ու «Սիրիական դեմոկրատական ուժերի» միջև խորացող լարվածությունը կարող է հանգեցնել իրավիճակի թեժացմանը, բախումների:

Թուրքիան քննադատաբար է մոտենում «Սիրիական դեմոկրատական ուժերին» ցուցաբերվող ԱՄՆ աջակցությանը՝ պնդելով, թե այդ ուժերը կապված են քրդական մեկ այլ կազմակերպության՝ PKK-ի հետ, որը տասնամյակներ է, ինչ ռազմական գործողություններ է վարում Անկարայի դեմ։

Այս ֆոնին Պենտագոնի և ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաները կիրակի հայատարարեցին, թե «կառուցողական» բանակցություններ են վարել իրենց թուրք գործընկերների հետ:

«Լրացուցիչ բախումները ոչ մեկի շահերից չեն բխում», - նշել է ամերիկացի անանուն պաշտոնյան:

XS
SM
MD
LG