Մատչելի հղումներ

Բլինքենը հանդիպել է Լիբանանի վարչապետին


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Ազմի Միկատիին։ Լոնդոնո, հոկտեմբերի 25, 2024թ․։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Ազմի Միկատիին։ Լոնդոնո, հոկտեմբերի 25, 2024թ․։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուրբաթ հանդիպել է Լիբանանի վարչապետին՝ քննարկելու Իսրայելի հետ ընթացող ռազմական գործողությունները։ Վաշինգտոնը կոչ է արել Բեյրութին քայլեր ձեռնարկել «Հեզբոլլահի» դեմ։

Մերձավորարևելյան շրջագայությունից վերադառնալու ճանապարհին՝ Լոնդոնում Բլինքենը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատիին, ով նախորդ օրը մասնակցել էր Փարիզում Լիբանանի հարցերով համաժողովին։

Տեսախցիկների առջև Բլինքենն ու Միկատիին լուռ էին։

Միացյալ Նահանգները, որ Իսրայելի գլխավոր քաղաքական և ռազմական դաշնակիցն է, տակավին զերծ է մնացել Լիբանանում կրակի դադարեցման կոչ անելուց։ Իսրայելական ուժերը մոտ ամիս է, ինչ ռմբակոծում են հյուսիսային հարևանին՝ թիրախավորելով Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» խմբավորմանը։

Այդուհանդերձ, Լիբանանում ստեղծված իրավիճակի առնչությամբ Վաշինգտոնը լուռ չի մնացել։

«Հստակ նշել ենք, որ սա չի կարող, չպետք է վերածվի երկարատև ռազմական գործողության, և որ Իսրայելը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլերը՝ քաղաքացիական զոհերից խուսափելու և ՄԱԿ-ի խաղաղապահներին կամ Լիբանանի զինված ուժերին չվտանգելու համար»,- հինգշաբթի Դոհայում հայտարարել է Բլինքենը։

Միացյալ Նահանգները կոչ է արել Լիբանանի կառավարությանը հարազատ երկրում ստանձնել անվտանգության ապահովման պատասխանատվությունը և զինաթափել «Հեզբոլլահին»։

Հիշեցնենք՝ «Հեզբոլլահը» շարունակում է հրթիռակոծել Իսրայելը՝ նաև ի համերաշխություն «Համասի»։

Չորեքշաբթի Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ զրույցում Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը իր մտահոգությունն է հայտնել Լիբանանի բանակին հարվածելու առնչությամբ, ինչի հետևանքով, ըստ AFP-ի, սպանվել է առնվազն 11 զինվորական։

XS
SM
MD
LG