ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է հոկտեմբերի 23-ին Անկարայում գտնվող Turkish Aerospace Industries ընկերության կենտրոնական գրասենյակի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով, ըստ հաղորդումների, զոհվել է առնվազն հինգ մարդ, աեվլի քան քսանը վիրավորվել են։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները ընդգծել են ահաբեկչական այդ գործողության կատարողներին, կազմակերպիչներին և ֆինանսավորողներին պատասխանատվության ենթարկելու և դատարանի առջև կանգնեցնելու անհրաժեշտությունը։ Նաև հորդոր է հնչել բոլոր պետություններին՝ իրենց միջազգային պարտավորությունների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում, այս հարցում ակտիվորեն համագործակցել Թուրքիայի կառավարության հետ։
Երկու գրոհայիններ՝ տղամարդ ու կին, չորեքշաբթի ինքնաձիգներով և պայթուցիկներով ներխուժել էին Turkish Aerospace Industries (TUSAS) ընկերության կենտրոնական գրասենյակ, որը տեղակայված է մայրաքաղաք Անկարայում: Հարձակվողները սպանվել են։ Որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել գրոհի համար։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, թե ենթադրվում է, որ հարձակում կատարած տղամարդը Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ է։ Կնոջ ինքնությունը դեռ պարզ չէ։
Հարձակումանն ի պատասխան՝ Թուրքիան հաջորդ գիշեր օդային հարվածներ է հասցրել PKK-ին՝ Սիրիայի և Իրաքի հյուսիսում, ինչի հետևանքով սպանվել է 59 զինյալ՝ հինգշաբթի տեղեկացրել է թուրքական ռազմական գերատեսչությունը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտնել է, որ թուրքական զորքերը հարվածներ են հասցրել PKK-ի 29 օբյեկտների՝ Իրաքի հյուսիսում, և 18 օբյեկտների՝ Սիրիայի հյուսիսում։ Ավելի ուշ նրա ղեկավարած գերատեսչությունը մանրամասնել է, որ 59 զինյալ, այդ թվում՝ երկուսը, ենթադրաբար, բարձրաստիճան, «չեզոքացվել են»։
ԱՄՆ աջակցությունը վայելող քրդական՝ քրդական Սիրիական ժողովրդավարական ուժերը (SDF) հինգշաբթի հայտնել են, որ Թուրքիայի հարվածների հետևանքով Սիրիայի հյուսիսում և արևելքում զոհվել է առնվազն 12 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա, 25 մարդ վիրավորվել է։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի անմեղ քաղաքացիները չտուժեն։