Ռուսաստանի Վլադիմիրի մարզում գտնվող քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, որտեղ Ալեքսեյ Նավալնին անցկացրել է իր բանտարկության մեծ մասը, կեղծել են փաստաթղթեր՝ նրան պատժախուց տեղափոխելու համար, խոչընդոտել են ընդդիմադիր քաղաքական գործչի շփմանը փաստաբանների հետ և առնվազն մեկ անգամ ծեծի են ենթարկել նրան։
Այս մասին հայտնել է Meduza պարբերականը՝ հղում կատարելով իր տրամադրության ներքո հայտնված նամակագրությանը, որ պատկանում է գաղութի աշխատակից Իլյա Կրուգլիշևին։ Վերջինս ներկայացնում էր գաղութի շահերը՝ որպես փաստաբան, երբ դատարանը քննում էր Նավալնու հայցը։
Հայտնի է, որ Նավալնիի մահից հետո Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Կրուգլիշևի նկատմամբ։ Նրա նամակագրությունը լրագրողներին է փոխանցել անանուն մի աղբյուր, և լրագրողները կարողացել են հաստատել փաստաթղթերի իսկությունը՝ նաև վերլուծելով էլեկտրոնային ստորագրությունները։
Գաղութի անձնակազմի միջև նամակագրությունը հիմնականում բաղկացած է քրեակատարողական հիմնարկի ղեկավարության պատասխաններից՝ Նավալնիի և նրա փաստաբանների անվերջ դատական հայցերին։ Meduza-ի տրամադրության տակ են հայտնվել նաև ուղեկցող փաստաթղթեր՝ հայցադիմումների և դատական որոշումների տեքստեր, բժշկական տեղեկանքներ, բնութագրեր, բանտարկյալների տեսակցության մատյաններ:
Նավալնիի գործընկերները կարծիքով՝ հենց Կրուգլիշևն է կանգնած եղել Նավալնիի նկատմամբ կիրառվող խոշտանգումների հետևում և պատասխանատու է, որ քաղաքական գործիչը բազմիցս հայտնվել է պատժախցում:
Կրուգլիշևի նամակներից հասկացվում է, որ Ռուսաստանի դաշնային քրեակատարողական ծառայության աշխատակիցները փաստաթղթեր են կեղծել՝ Նավալնիի վերաբերյալ մի շարք որոշումներ արդարացնելու համար։
Փաստաթղթերից պարզ է դառնում, որ գաղութի աշխատակիցները սոցիալական ցանցերում Նավալնիին պատկանող էջերում հայտնաբերել են գրառումներ, որոնք արվել են քաղաքական գործչի գաղութում գտնվելու ժամանակ։ Գրաքննիչը ուսումնասիրել է այն և եկել եզրակացության, որ գրառումների տեքստերը փոխանցվել են փաստաբանների միջոցով։ Դրանից հետո գաղութի ղեկավարությունը աշխատակիցներին իրավասություն է տվել թույլ չտալ Նավալնիի գործերին առնչվող փաստաթղթերի մուտքը գաղութ։ Գաղութի աշխատակիցները ժապավենով փակել են այցելությունների սենյակի թափանցիկ պատը, որը բաժանում էր փաստաբանին և դատապարտյալին, ինչպես նաև փակել են փաստաթղթերի փոխանցման անցքը: Այն ժամանակ Նավալնին արդեն մեղադրվում էր ահաբեկչությանը վերաբերող քրեական գործի շրջանակում։
Նման պայմաններում ուղղակի անհնար էր գործին վերաբերող փաստաթղթեր փոխանակել՝ ասել է Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան։
Վլադիմիրի մարզի ուղղիչ գաղութում գտնվելու ընթացքում Ալեքսեյ Նավալնին 23 անգամ տեղափոխվել է պատժախուց։
Փաստաթղթերը վկայում են, որ Նավալնին առնվազն հինգ անգամ արյան բարձր ճնշմամբ է տեղափոխվել պատժախուց։ Քաղաքական գործիչը պարբերաբար բողոքել է մեջքի, ստամոքսի և ձեռքերի ցավերից։ Նավալնիի առողջական խնդիրների մասին բազմիցս հայտնել են նրա կողմնակիցներն ու փաստաբանները։ Գաղութում բանտարկված քաղաքական գործիչները շտապ օգնություն են կանչել, սակայն նրանց չեն տրամադրել անհրաժեշտ դեղորայք և մերժել են թույլ տալ խորհրդակցել գաղութում չաշխատող բժիշկների հետ։
Պարզվում է՝ հերթական անգամ, երբ Նավալնիին տանում էին պատժախուց, գաղութի աշխատակիցները ոլորել են նրա ձեռքերը մեջքի հետևում և հարվածել ազդրին, քանի որ բանտարկյալը չի ցանկացել մտնել սենյակ։ Մերժման պատճառն այն էր, որ Նավալնիի խցակիցը՝ Տատարչենկո անունով բանտարկյալը չէր պահպանում անձնական հիգիենայի կանոնները։ Փաստաբան Վադիմ Կոբզևը հայտնել է, որ գաղութի վարչակազմը Նավալնիին հատուկ էր տեղավորել Տատարչենկոյի խցում։
Ալեքսեյ Նավալնին մահացել է 2024 թվականի փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի Խարպ քաղաքի «Բևեռային գայլեր» անունը ստացած ուղղիչ գաղութում։ Ազատազրկման ընթացքում նա 27 անգամ տեղափոխվել է պատժախուց՝ այնտեղ անցկացնելով ավելի քան 300 օր։
Այս օգոստոսի 15-ին Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլյան, Ռուսատանի Քննչական կոմիտեից պաշտոնական որոշում է ստացել՝ ամուսնու մահվան փաստի առնչությամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ Ռուսաստանցի իրավապահների ներկայացմամբ՝ ընդդիմադիր քաղաքական գործիչը մահացել է «համակցված հիվանդության» հետևանքով։ Պատճառներից նշվում է նաև առիթմիան։
Նավալնիի այրին և համախոհները վստահ են, որ քաղաքական գործիչը սպանվել է Պուտինի հրամանով։ The Insider-ը, վկայակոչելով Նավալնիի մահվանն առնչվող փաստաթղթերը, հայտնել էր, որ ընդդիմադիր գործիչը կարող էր գաղութում թունավորված լինել։ Կրեմլը հերքում է իր առնչությունը Նավալնիի մահվան հետ։