Մատչելի հղումներ

 
Հայաստանում առավել գոհ են երկրի զինված ուժերի գործունեությունից. IRI հարցում

Հայաստանում առավել գոհ են երկրի զինված ուժերի գործունեությունից. IRI հարցում


Հայ զինծառայողները երթ են անում 2024 թվականի հուլիսի 15-ին Երևանում Հայաստան-ԱՄՆ համատեղ զորավարժությունների բացման արարողության ժամանակ, որը կոչվում է Eagle Partner 2024
Հայ զինծառայողները երթ են անում 2024 թվականի հուլիսի 15-ին Երևանում Հայաստան-ԱՄՆ համատեղ զորավարժությունների բացման արարողության ժամանակ, որը կոչվում է Eagle Partner 2024

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) Հայաստանում իրականացրել է նոր ծավալուն հարցում՝ արտաքին և ներքին քաղաքական ու սոցիալ-տնտեսական հարցերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ Հայաստանցիների 56%-ը կողմ է Ադրբեջանի հետ խաղաղության պայամանգրի կնքմանը, նույնքան դեմ են հայ-թուրքական սահմանի բացմանը

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հայաստանում անցկացված նոր ծավալուն հարցումն արձանագրում է, որ մեծամասնությունը աջակցում է Երևանի անդամակցությանը ԵՄ-ին և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը:

Հարցին, թե ինչպես կքվեարկեին ԵՄ անդամակցության հանրաքվեի դեպքում, 58%-ը նշել է, որ իր ձայնը կտար հօգուտ միանալու: 40%-ի կարծիքով՝ նման քայլը կամրապնդի Հայաստանի անվտանգությունը: 22%-ի, սակայն, մտահոգ է՝ ԵՄ-ին միանալը «վատթարացնում է հայկական ընտանեկան նորմերը»:

«Այս հարցումը ցույց է տալիս, որ հայաստանցիների մեծ մասը իրենց պայծառ ապագան տեսնում են Եվրոպայի հետ»,- ասել է ՄՀԻ-ի՝ Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսը:

Հայաստանի համար Ռուսաստանը երրորդ ամենամեծ սպառնալիքն է Ադրբեջանից ու Թուրքիայից հետո. IRI
please wait

No media source currently available

0:00 0:05:09 0:00

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ հարցվածների 56%-ը լիովին կամ որոշ չափով աջակցում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, իսկ 38%-ը միանշանակ կամ որոշ չափով դեմ է: Սակայն հայ-թուրքական սահմանի վերաբացմանը դեմ է 56%-ը, 42%-ը՝ կողմ:

«Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը ցանկանում է, որ կառավարությունը ներգրավվի ադրբեջանական իշխանությունների հետ բանակցությունների մեջ՝ վերջնական խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով»,– ասել է Նիքսը:

Միայն 35% է Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները որակել լավ: 64%-ի կարծիքով՝ դրանք վատ են: Ի տարբերություն Մոսկվայի հետ հարաբերություններին՝ հարցվածների 82%-ը լավ են գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունները, 14%-ը՝ բացասական, իսկ 80%-ի կարծիքով՝ հարաբերությունները լավ են Հայաստանի ու ԵՄ միջև, 15%-ի գնահատմամբ՝ վատ:

«Հայաստանի բնակչությունը հասկանում է, որ Ռուսաստանից ավելի հեռանալը և դեպի Արևմուտք շարժվելը կարևոր է՝ խաղաղության և բարեկեցության բարելավման համար»,- ընդգծել է Նիքսը:

Հարցումը ցույց է տալիս, որ Հայաստանի առավել կարևոր քաղաքական գործընկերն է Ֆրանսիան: Այդպես է մտածում հարցվածների 59%-ը։ Հաջորդում է Իրանը՝ 58%, ԱՄՆ՝ 48%, Հնդկաստան՝ 41% և ԵՄ՝ 34%: Ռուսաստանին կարևոր քաղաքական գործընկեր է համարել հարցման մասնակիցների 33%-ը, իսկ 30%-ի կարծիքով այդ երկիրը Չինաստանն է:

53%-ը անվտանգային լավագույն գործընկեր է համարել Իրանին, 47%-ը՝ Ֆրանսիային, 37%-ի համար Միացյալ Նահանգներն են Հայաստանի առավել կարևոր անվտանգային գործընկերը, 30% համար՝ Հնդկաստանը, 26%-ի համար՝ Ռուսաստանը, իսկ 22%-ն այդ դերում տեսնում են ԵՄ-ին:

Որպես առավել մեծ սպառնալիք հարցման մասնակիցները նշել են Ադրբեջանն (87%) ու Թուրքիան (79%): Երրորդ երկիրը Ռուսաստանն է՝ 41%: Որպես սպառնալիք Միացյալ Նահանգներին դիտարկում է հարցվածների 4%-ը:

Հարցման մասնակիիցների 46%-ի կարծիքով՝ Հայաստանն, ընդհանուր առմամբ, շարժվում է ճիշտ ճանապարհով: Հակառակ կարծիքին է հարցման մասնակիցների 40%-ը:

Հարցման համաձայն՝ ազգային անվտանգության և սահմանային խնդիրներն են հայաստանյան հանրության համար գերակա: Հարցվածների 41%-ի կարծիքով՝ դրանք են առավել կարևորն այսօր: Հաջորդում են տնտեսական բնույթի խնդիրները, մասնավորապես՝ գործազրկությունը (14%) և ապրանքների-ծառայությունների բարձր գները (10%):

Հարցման մասնակիցների 61%-ը չի վստահում քաղաքական որևէ գործչի: Այս համատեքստում առավել վստահություն է վայելում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 16%։ Հաջորդում են Արարատ Միրզոյանը՝ 4%, Արամ Զավենի Սարգսյանը՝ կրկին 4%, Ալեն Սիմոնյանը՝ 2%, Ռոբերտ Քոչարյանը՝ դարձյալ 2%:

Հարցվածների 20%-ը առավել շատ վստահում է իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Հաջորդ առավել վստահելի քաղաքական ուժերն են Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (3%), այնուհետև՝ «Իմ քայլը» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, ՀՀԿ-ն, Վարդան Ղուկասյանի կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, ՀՅԴ-ն: Յուրաքանչյուրն ունի 2% աջակցություն:

Հարցման համաձայն՝ 56%-ը դեմ է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը, 24%-ը՝ կողմ:

Հայաստանում առավել գոհ են երկրի զինված ուժերի գործունեությունից՝ 64%-ը։ Դժգոհ են՝ 32%-ը: Հաջորդ առավել վստահելի կառույցը ոստիկանությունն է, որից գոհ են հարցման մասնակիցների 60%-ը, 35%-ը՝ ոչ: Երրորդ տեղում են մարզպետարանները:

Հայ առաքելական եկեղեցու գործունեությունից գոհ է հարցվածների 48%-ը, դժգոհ՝ 47%-ը։ Հայաստանի վարչապետի աշխատակազմը ստացել է 46% աջակցություն, 50%-ը դժգոհ են: Վատագույն արդյունք են ստացել երեք կառույցներ՝ Հայաստանի նախագահի աշխատակազմը, դատարաններն ու Ազգային ժողովը:

Հարցվածների 16%-ի կարծիքով նախորդ վեց ամիսներին կառավարության ամենամեծ ձախողումն է սխալ արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը, իսկ 12%-ի կարծիքով՝ սխալ կադրային քաղաքականությունն ու կառավարության վատ աշխատանքը:

Այն հարցին, թե ինչ երկու ձեռքբերումներ պետք է արձանագրի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առաջիկա 6 ամիսների ընթացքում, հարցվածների 22%-ի կարծիքով՝ խաղաղության հաստատումն է, իսկ ըստ 19%-ի՝ երկրի, սահմանների անվտանգության ապահովումը: Երրորդ տեղում է բանակի հզորացումը, որի մասին խոսել է հարցման մասնակիցների 17%-ը:

XS
SM
MD
LG