Մատչելի հղումներ

Հաջորդ ամսվանից Microsoft-ը թույլատրելու է «արհեստական բանականության ինքնավար գործակալների» մշակումը


Microsoft ընկերության գրասենյակը։ Հուլիսի 20, 2021թ․։
Microsoft ընկերության գրասենյակը։ Հուլիսի 20, 2021թ․։

2024 թվականի նոյեմբերից Microsoft-ը թույլ կտա հաճախորդներին ստեղծել «արհեստական բանականության ինքնավար գործակալներ»՝ տեղեկանում ենք ամերիկյան ընկերության հայտարարությունից։

Ընկերության ներկայացմամբ՝ «արհեստական բանականության ինքնավար գործակալները» ծրագրեր են, որոնք պահանջում են մարդկային նվազագույն միջամտություն՝ ի տարբերություն չաթ-բոտերի, և որոնք գործելու են որպես «արհեստական բանականության վրա հիմնված աշխարհի հավելվածներ», կարող են իրականացնել մի շարք գործառույթներ:

Տեխնոլոգիական մեկ այլ խոշոր ընկերություն՝ Salesforce-ը, նույնպես գովազդում է նման «գործակալների», գործիքների ներուժը, որոնք, ըստ որոշ վերլուծաբանների, կարող են օգնել ընկերություններին դյուրին մոնետիզացնել՝ դրամի վերածել, այն ներդրումները, որոնք ուղղվում են արհեստական բանականության զարգացմանը:

Ըստ Microsoft-ի՝ հաճախորդները կարող են օգտագործել իր Copilot Studio-ն՝ հավելված, որը պահանջում է համակարգչային կոդավորման սահմանափակ իմացություն, և նոյեմբերից անցնել «արհեստական բանականության ինքնավար գործակալների» ստեղծմանը: Copilot Studio-ն պարունակում է արհեստական բանականության մի քանի մոդելներ, որոնք մշակվել են Microsoft-ում և OpenAI ընկերության կողմից:

Ընկերությունը նաև ներկայացրել է օգտագործման համար արդեն իսկ պատրաստ տասը «գործակալների», որոնք կարող են օգնել որոշ առաջադրանքների ժամանակ՝ մատակարարման շղթայի կառավարումից մինչև ծախսերի մշտադիտարկում և հաճախորդների հետ հաղորդակցություն:

Այդ տասը «գործակալներից» մեկը, որը հանրահայտ McKinsey & Co-ինն է, կարող է արձագանքել հաճախորդի հարցումներին՝ վերլուծելով իրենց հաղորդկցության պատմությունը, որոշակիացնելով, թե հետագայում ընկերության որ խորհրդատուն պետք է շփվի հաճախորդի հետ և պլանավորի նրանց հանդիպումը:

«Գաղափարն այն է, որ Copilot-ը հանդես գա որպես արհեստական բանականության
արտաքին տեսք»,- Reuters-ին ասել է Microsoft-ի ներկայացուցիչ Չարլզ Լամաննան:

«Յուրաքանչյուր աշխատակից կունենա Copilot՝ անհատականացված արհեստական բանականության գործակալ, որի միջոցով գործ կունենա արհեստական բանականության բազամթիվ գործակալների հետ, որոնք կլինեն այնտեղ»,- ասում է Լամաննան:

Տեխնոլոգիական հսկաները նման քայլի են գնացել նաև ներդրողների ճնշման արդյունքում, որոնք պահանջում են եկամուտներ ապահովել իրենց ներդրած գումարի դիմաց: Microsoft-ի բաժնետոմսերը, օրինակ, նախորդ եռամսյակում էժանացել էին 2,8%-ով, սակայն տարվա կտրվածքով աճել են ավելի քան 10%-ով:

Նախորդ շաբաթներին որոշ մտահոգություններ էին առաջացել Copilot-ի հետագա կիրառելիության վերաբերյալ, երբ Gartner հետազոտական ընկերության այս օգոստոսին հրապարակած ուսումասիրության համաձայն ՏՏ ոլորտի 152 ընկերությունների ճնշող մեծամասնությունը Copilot-ը կիրառել է իր մշակումների սոսկ փորձնական փուլում:

XS
SM
MD
LG