Մատչելի հղումներ

Իրանը խոստանում է «Համասի» ղեկավարի սպանությանն արձագանքել «ճշգրիտ և հաշվարկված»


Իսրայելի հյուսիսում գտնվող դիրքից արված այս լուսանկարը ցույց է տալիս, որ իսրայելական ռազմաօդային ուժերի կործանիչը կրակում է թշնամական ինքնաթիռը որսալու համար, որը Լիբանանից արձակվել է 2024 թվականի օգոստոսի 25-ին Հարավային Լիբանանի հետ սահմանային տարածքի վրայով:
Իսրայելի հյուսիսում գտնվող դիրքից արված այս լուսանկարը ցույց է տալիս, որ իսրայելական ռազմաօդային ուժերի կործանիչը կրակում է թշնամական ինքնաթիռը որսալու համար, որը Լիբանանից արձակվել է 2024 թվականի օգոստոսի 25-ին Հարավային Լիբանանի հետ սահմանային տարածքի վրայով:

Սգավոր կնոջ պաստառի վրա կարդում ենք՝ «Գազան երեխաների արյան մեջ է», որը նա վեր է պարզել Արբաինի արարողության ժամանակ։ Վերջինս նշանավորում է 40-օրյա սգո շրջանի ավարտը՝ 680 թվականին ճակատամարտում տեղի ունեցած Մուհամմեդ մարգարեի թոռան՝ Իմամ Հուսեյնի սպանությունից հետո:

Իտալիայի արտգործնախարարի հետ զրույցում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է՝ իսլամական հանրապետության պատասխանը անցած ամիս Թեհրանում տեղի ունեցած «Համասի» ղեկավարի սպանությանը «կլինի անխուսափելի, ճշգրիտ և հաշվարկված»:

Արաղչիի և Անտոնիո Տայանիի հեռախոսազրույցի ժամանակ, Իրանի արտգործնախախարը հավելել է, որ Թեհրանը չի ձգտում սրել լարվածությունը, բայց չի վախենում նման զարգացումից՝ նշվում է երկուշաբթի հրապարակված իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հայտնի է, որ Իրանը մեղադրում է Իսրայելին՝ «Համասի» առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության մեջ։ Իսրայելը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է իր առնչությունը տեղի ունեցածին:

Դիտորդների գնահատմամբ՝ Գազայի հատվածում Իսրայելի և Իրանի աջակցությունը վայելող «Համասի» միջև շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև Լիբանանում իսրայելական ուժերի և, դարձյալ, Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահի» զինյալների միջև այլևս ամենօրյա սահմանային մարտերի ֆոնին՝ Հանիեի սպանությունը սրեց տարածաշրջանային լարվածությունը։

Արաղչիի խոսքերին զուգահեռ՝ կիրակի Իսրայելի և «Հեզբոլլահի» փոխադարձ հարվածների քանակը կտրուկ աճ գրանցեց՝ հասնելով հարյուրների:

««Հեզբոլլահին» անսպասելի, ջախջախիչ հարվածներ ենք հասցնում։ Սա ևս մեկ քայլ է հյուսիսում իրավիճակը փոխելու և մեր բնակիչներին ապահով իրենց տները վերադարձնելու ուղղությամբ։ Կրկնում եմ՝ սա վերջին խոսքը չէ»,- Իսրայելի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Պատասխան հարվածներն Իսրայելի դեմ «Հեզբոլլահը» կոչեց «վրեժխնդիր գործողությունների առաջին փուլ», որոնք արձագանքն են անցած ամիս Բեյրութում «Հեզբոլլահի» ռազմական հրամանատար Ֆուադ Շուքրի սպանության:

Նորություն չէ, որ հրեական պետությունն է կանգնած վերջինիս սպանության հետևում՝ նրան մեղադրելով Իսրայելի տարածքում՝ ֆուտբոլի դաշտում խաղացող 12 երեխաների և դեռահասների սպանության մեջ:

«Հեզբոլլահը» հայտարարել է, որ նոր հարձակումները թիրախավորելու են Իսրայելի խորքում գտնվող օբյեկտներ, սակայն «այսօրվա ռազմական գործողություններն ավարտված են»:

Այս ամենի ֆոնին՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է ամերիկյան ավիակիր հարվածային երկու խմբերին շարունակել տեղակայված մնալ Մերձավոր Արևելքում՝ ի ցույց դնելու Վաշինգտոնի ռազմական ներկայությունը՝ կիրակի հայտնել է Պենտագոնը:

Մերձավորարևելյան ջրերում ավիակիր երկու խումբ տեղակայելու ԱՄՆ որոշումը, փաստորեն, Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխություն է նշանակում, քանի որ ի սկզբանե հայտարարվել էր, թե ԱՄՆ-ն տարածաշրջանում տեղակայում է «Աբրահամ Լինքոլն» ավիակրի հարվածային խումբը՝ «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի հարվածային խմբին փոխարինելու նպատակով: Այս փոփոխության և Օսթինի կարգադրության մասին տեղեկանում ենք նրա ու Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի միջև կայացած հեռախոսազրույցին վերաբերող հաղորդագրությունից։

Մյուս կողմից՝ հայտնի է դարձել, որ Մերձավոր Արևելքում է ԱՄՆ ռազմուժի գլխավոր շտաբի պետը՝ Միացյալ շտաբների պետերի ղեկավար, օդուժի գեներալ Սի Քյու Բրաունը։ Ակնկալվում է նրա այցը Իսրայել, Եգիպտոս և Հորդանան:

Ինչևէ, անդրադառնալով Գազայի հատվածում առկա իրավիճակին «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը կիրակի հայտարարեց, թե տարհանման մասին իսրայելական կողմի արձակած հրամանի համաձայն՝ «հարյուր հազարավոր տեղահանված մարդկանց [համար] առանձնացրել են ընդամենը 41 քառակուսի կիլոմետր, այսպես կոչված, «մարդասիրական գոտի», որտեղ կարող են ապաստան գտնել [այդ մարդիկ]»:

Տարհանվելու կարգադրույթունն այս անգամ վերաբերում է Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Դեյր Ալ-Բալահ շրջանի «Ալ-Աքսա» հիվանդանոցի շրջակայքին, որտեղ հազարավոր մարդիկ ապաստան են գտել պատերազմի ժամանակ:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը նաև տեղեկացրել է, թե հիվանդանոցից 250 մետր հեռավորության վրա պայթյուն է որոտացել, և իրենք այժմ քննարկում են վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելը դադարեցնելու հարցը:

«Բոլոր պատերազմող կողմերը պետք է հարգեն հիվանդանոցի [անվտանգությունը] և [երաշխավորեն] հիվանդներին ցուցաբերվող բժշկական օգնության հասանելիությունը»,- նշված է խմբի հայտարարության մեջ:

Նշենք նաև՝ կիրակի Կահիրեում առանց համաձայնության ավարտվեցին Իսրայելի և «Համասի» միջև հրադադարի հաստատման շուրջ օրեր տևած բանակցությունները:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի ներկայացմամբ՝ բանակցությունները «կառուցողական էին»՝ նշելով, որ առաջիկա օրերին դրանք կշարունակվեն ցածր մակարդակի պաշտոնյաների մասնակցությամբ:

Ամիսներ է, ինչ Միացյալ Նահանգները, Եգիպտոսը և Կատարը շարունակ են միջնորդական ջանքերը՝ փորձելով համաձայնություն ձեռք բերել բազմափուլ հրադադարի շուրջ, որի արդյունքում Գազայի հատվածում է պետք է դադարեն մարտերը, ազատ են արձակվելու «Համասի» ձեռքին գտնվող պատանդները, իր հերթին՝ Իսրայելն է ազատություն շնորհելու իր բանտերում պահվող պաղեստինցիներին, և ընդլայնվելու է Գազային ցուցաբերվող մարդասիրական օգնությունը:

Նյութում օգտագործվել են Associated Press-ի, Agence France-Presse-ի և Reuters-ի հրապարակումները:

XS
SM
MD
LG