«Ամերիկայի ձայնը» զրուցել է ԱՄՆ արդարադատության նախարարության փողերի լվացման և ակտիվների վերականգնման բաժնի միջազգային ստորաբաժանման ղեկավար Մերի Բաթլերի հետ՝ հայաստանյան նախկին պաշտոնյա, մեծահարուստ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող շքեղ առանձնատան գործի առնչությամբ։ Նյութը ներկայացնում է նաև Խաչատրյանների ընտանիքի փաստաբանների հայտարարությունը գործի առնչությամբ
«Ամերիկայի ձայնը»․ «Շնորհակալ ենք, որ համաձայնվեցիք խոսել մեզ հետ»։
Մերի Բաթլեր. «Ես եմ շնորհակալ։ Հաճույքով»:
«Ամերիկայի ձայն». «Օրերս [ԱՄՆ] Արդարադատության նախարարությունը մամուլի հաղորդագրություն և հայտարարություն տարածեց Հայաստանի նախկին պաշտոնյա Գագիկ Խաչատրյանի հետ կապված գործի մասին, ով նախկինում եղել է ֆինանսների նախարար և հարկային ու մաքսային գերատեսչության ղեկավար։ Գործն առնչվում է նրա ընտանիքին պատկանող առանձնատանը, որի արժեքն է մոտ 63 միլիոն [դոլար է]: Այն առնվազն այդ գնով էր հայտնվել շուկայում։ Գործը տևեց մոտ երկու տարի, եթե չեմ սխալվում, կամ, գուցե, ավելի շատ՝ համաձայնության հասնելու համար։ Կարո՞ղ եք մանրամասներ հայտնել գործի վերաբերյալ, և ո՞րն է եղել նախաքննությունը սկսելու հիմնական պատճառը»։
Մերի Բաթլեր. «Ուրախ եմ ներկայացնել գործի հրապարակային փաստերի մասը: Նախ՝ ուզում եմ ընդգծել, որ սա Արդարադատության նախարարության Ավազակապետության հետ կապված ակտիվները վերականգնող բաժնի կողմից ներկայացված հայց էր, որը ստեղծվել է Փողերի լվացման և ակտիվների վերականգնման վարչությունում: Սա ասում եմ այն հույսով, որ մեր ունկնդիրները կհասկանան, թե ովքեր ենք մենք և տեղեկատվություն կներկայացնեն իրենց մտահոգող այլ հարցերի վերաբերյալ: Մեր բաժինը պաշտոնապես ստեղծվել է մոտ 2010 թվականին: Մինչ այժմ վերականգնել ենք շուրջ 1,7 միլիարդ դոլար: Վերադարձրել ենք կամ աջակցել մոտ 1,6 միլիարդ դոլարի վերադարձմանը։ Ջանասիրաբար փորձում ենք իրականացնել գերատեսչության առաքելությունը՝ վերականգնել օտարերկրյա կոռուպցիայի հետ կապված ակտիվները, ինչպես նաև կատարել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ՄԱԿ-ի առջև ստանձնած մեր պարտավորությունները: Սա անելու համար ունենք դատախազների հատուկ ստորաբաժանում, որն աշխատում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ գործակալների և այլ իրավապահ մարմինների հետ: Այս գործը մեզ համար հերթական հաջողությունն էր։ Հուսով ենք, որ այն օգուտ կբերի Հայաստանի ժողովրդին: Գործը հարուցվել է 2022 թվականի հուլիսին: Դատավորի միջնորդությամբ՝ հայտարարել ենք գույքի նկատմամբ քաղաքացիական բռնագանձում իրականացնող գործի մեկնարկի մասին: Աշխատանքում կարող ենք կիրառել քրեական հետապնդման և բռնագանձման, նաև՝ քաղաքացիական հիմքի վրա բռնագանձման գործիքակազմ: Այնուհետև, ծանուցում ենք մեր գործողությունների մասին, և այն անձինք, ովքեր կարծում են, որ կարիք ունեն օրենքի շրջանակում պաշտպանել իրենց իրավունքները, կարող են ընդգրկվել իրավական գործընթացում, համաձայն չլինել մեզ հետ, դիմել դատարան, ծանոթանալ, թե որքանով են ապացուցված մեր պնդումները, որ տվյալ անշարժ գույքը մաս է հանցավոր գործունեությանը: Քաղաքացիական հայց ենք ներկայացրել Կալիֆոռնիայի Հոլմբի Հիլզում գտնվող այդ անշարժ գույքի առնչությամբ, որը գտնվում է շատ բացառիկ թաղամասում: Այն ներկայում դրվել է վաճառքի մոտ 39 միլիոն դոլար գնով: Շատ ուրախ կլինենք, եթե այն ավելի մեծ գումարով վաճառվի: Համաձայնության էությունն այն է, որ կառավարությունը պահպանելու է գույքի վաճառքի գնի 85%-ը։ Պահանջատերերը, այսինքն՝ Խաչատրյան եղբայրները, կստանան վերականգնված գումարի 15%-ը։ Ստանձնած պարտավորությունների համաձայն, խորհուրդ ենք տալիս մեր գլխավոր դատախազին, որ վերականգնված գումարը վերադարձվի Հայաստանի ժողովրդին՝ կառավարության հետ համաձայնագրի միջոցով ապահովելով միջոցների թափանցիկ և հաշվետու օգտագործումը»:
«Ամերիկայի ձայն». «Այսպիսով, խոսքը 85%-ի մասին է, որն ըստ ձեր խորհրդի, պետք է փոխանցվի Հայաստանի ժողովրդին»:
Մերի Բաթլեր. «Այո: Վերականգնված գումարի 85%-ը: Կհանվեն նաև վաճառքի հետ կապված որոշակի ծախսեր՝ հարկային պարտավորություններ և այլ հարակից ծախսեր: Բայց, սովորաբար, դրանք հարաբերականորեն փոքր գումար են, քան նման ակտիվի գինն է: Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության հետ կքննարկվի այս գումարների հնարավոր օգտագործման հարցը: Հուսով ենք, կկարողանանք համաձայնության գալ այն օգտագործելու հարցում: Նաև կփորձենք կարգավորել ցանկացած այլ խնդիր, որը վերաբերում է Հայաստանի դատախազությանը, իրավապահներին կամ կառավարության այլ առաջնահերթություններին` ձգտելով օգնել ապահովելու Հայաստանի կառավարության շարունակական հաջողությունը կոռուպցիայի և փողերի լվացման հետ կապված խնդիրների լուծման գործում»:
«Ամերիկայի ձայն». «Գործի հետաքննությունը սկսվեց մոտ երկու տարի առաջ կամ նույնիսկ ավելի վաղ: Ո՞րն էր քննությունը սկսելու հիմնական պատճառը։ Վստահ եմ, գործի առնչությամբ առկա են նյութեր, որոնք ենթակա չեն հրապարակման, քանի որ խոսքը մեծ գումարի մասին է: Սակայն, չխախտելով գաղտնիությունը, ի՞նչ կարող եք հաղորդել հիմնական բացահայտումների մասին, որոնք արել է [ԱՄՆ] Արդարադատության նախարարությունը հետաքննության ընթացքում»:
Մերի Բաթլեր. «Մշտական կապի մեջ ենք օտարերկրյա իրավապահների հետ՝ այս դեպքում Հայաստանում [հարուցված և] բռնագանձման հետ առնչվող գործը հաջողությամբ բացահայտելու համար: Այս համագործակցության միջոցով տեղեկացանք, որ նրանք հետաքննում էին Խաչատրյան ընտանիքի հետ կապված գործը: Սկսեցինք տեղեկությունների փոխանակել։ Նրանք մեզ տեղեկատվություն և նյութեր տրամադրեցին, ինչպես նաև Հայաստանում վկաներին հարցաքննելու հնարավորություն։ Մենք տրամադրեցինք տեղեկություններ, որոնք նրանց խոսքով, կարևոր են իրենց հետաքննության համար: Մենք դա արեցինք փոխադարձ իրավական օգնության պաշտոնական գործընթացի միջոցով, որը կառավարվում էր մեր իշխանության և Հայաստանի իշխանությունների կողմից: Եղան նաև Հետաքնության դաշնային բյուրոյի ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի իշխանությունների հետ։ Ընդգրկուն գործընթաց էր։ Չեմ ասի, թե [երկու պետությունների] կառավարությունները, բայց երկու երկրների իշխանության բազմաթիվ գերատեսչություններ նպաստեցին գործի հաջող ավարտին: Դուք հարցրեցիք բացահայտումների մասին: Մենք պնդում ենք, որ գործարար Սեդրակ Առուստամյանը որոշակի ժամանակահատվածում գումար է տվել Խաչատրյան եղբայրներին՝ մեր կողմից կեղծ որակված փոխառությունների տեսքով։ Մինչդեռ, նրանց հայրը պետական բարձրաստիճան պաշտոնյա էր։ Մենք ասում ենք, որ դրանք իրական փոխառություններ չեն եղել, թեև կոչվել են փոխառություն, քանի որ դրանք երբեք չեն մարվել՝ ո՛չ մայր գումարը, ո՛չ տոկոսները։ Գումարը ներդրվել է այս գույքում, որը գտնվում է Հոլմբի Հիլզում: Խաչատրյանները նաև հավելյալ գումարներ են ներդրել այստեղ՝ առանձնատունը վերակառուցելու և այն այսօրվա շքեղ տեսքի բերելու համար»:
«Ամերիկայի ձայն». «Այսպիսով, այն 15%-ը, որը պետք է վերադարձվի Խաչատրյաններին, այն գումա՞րն է, որը ներդրվել է ընտանիքի կողմից՝ բարելավումների համար: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս է որոշվել 15% չափը»:
Մերի Բաթլեր. «Այն ուղղակի կապված չէ այդ անշարժ գույքի մեջ նրանց ներդրումների չափի հետ: [Այդ 15%-ը] ձևավորվում է գնահատման և բանակցությունների ընթացքում, ուր հաշվի է առնվում, թե որքան ժամանակ և ջանք կպահանջվի մեզնից այս գործն ավարտին հասցնելու համար, [հաշվի ենք առնում] հնարավոր խնդիրները, որոնց վերաբերյալ դատավորը կամ երդվյալ ատենակալները կարող են մեզ հետ համաձայնվել կամ ոչ: Դա անվանում ենք դատական ռիսկեր: Բազմաթիվ գործոնների հետ է կապված: Իհարկե, մշտապես ձգտում ենք, որ այդ թիվը լինի հնարավորինս ցածր: Բայց քաղաքացիական բռնագանձման գործերի պարագայում բանակցույունները վերջնական կարգավորման համար սովորական երևույթ են: Դիտարկվում են նաև [դատական] պայքարը շարունակելու համար անհրաժեշտ ռեսուրսների ծախսման հարցը: Հաշվի ենք առնում դա, ինչպես նաև այն հանգամանքը, որ մեր շահերից է բխում մեծ գումարի վերականգնումն ու դրա տրամադրումը Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին: Հավասարակշռում ենք այդ բոլոր գործոնները և փորձում բանակցել այդ համաձայնության շուրջ»:
«Ամերիկայի ձայն». «Ինչպե՞ս կգնահատեք համագործակցության մակարդակը Հայաստանի իրավապահ մարմինների հետ։ Ովքե՞ր են եղել ձեր հիմնական գործընկերները այս հետաքննության ընթացքում, եթե կարող եք բացահայտել իհարկե»։
Մերի Բաթլեր. «Անկասկած, Հայաստանի կենտրոնական իշխանությունները և գլխավոր դատախազությունը: Կային նաև այլ քննչական մարմիններ, որոնք տեղեկատվություն էին տրամադրում կամ օգնում էին մեզ հասկանալ հայաստանյան քրեական գործի ընթացքը, որպեսզի մենք կարողանայինք հասկանալ, թե ինչ փուլում է գործի հետաքննությունը Հայաստանում։ Այնպես որ, դժվար է ասել միանշանակ, սակայն եթե ընդհանրացնենք, ապա Հայաստանի կառավարության բազմաթիվ գերատեսչություններն էին: ԱՄՆ կողմից մեր կենտրոնական իշխանությունն էր, Լոս Անջելեսում ԱՄՆ դատախազության մեր գործընկերները, Արդարադատության նախարարության մարմինները, որոնք ունեն բավականաչափ անկախություն և սեփական անձնակազմ, գումարած Հետաքննությունների դաշնային բյուրոյի ստորաբաժանումը Լոս Անջելեսում, ինչպես նաև ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության ֆինանսական գործերի հետաքնության մարմինը»:
«Ամերիկայի ձայն». «Կան արդյո՞ք այլ առկախված գործեր, որոնք դուք քննարկում եք Հայաստանի հետ և որի մասին կարող եք խոսել: Հայտնի է, որ Միացյալ Նահանգները շատ կարևոր աջակցություն է ցուցաբերում Հայաստանին իրավապահ ոլորտում՝ բարելավելով համապատասխան իրավապահ մարմինների աշխատանքը։ Վստահ եմ, ձեր համագործակցությունը փոխշահավետ է: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ»:
Մերի Բաթլեր. «Չենք կարող խոսել գործերի մասին, քանի դեռ ներկայացված չէ հրապարակային մեղադրանք: Դա մեղադրյալի իրավունքները պաշտպանելու համար է, քանի որ եթե մեղադրանք չառաջադրվի, մեղդրվող կողմը իրեն պաշտպանելու հնարավորություն չի ունենա։ Շատ լուրջ ենք մոտենում այս հարցին: Ամեն երկիր չէ, որ ունի այս նորմերը: Այդ պատճառով չենք կարող խոսել այդ գործերի մասին, քանի դեռ դրանք չեն դարձել հրապարակային: Բայց կարող եմ ասել, որ առկա է մեծ աջակցություն մեր հայ գործընկերների կողմից, նաև՝ կոնկրետ գործերի առնչությամբ: Իհարկե, մենք կշարունակենք աշխատել նրանց հետ ցանկացած տեղեկության ուղղությամբ՝ կապված Խաչատրյան ընտանիքի ու Առուստամյանի վերաբերյալ Հայաստանում շարունակվող գործի հետ»:
«Ամերիկայի ձայն». «Որքանո՞վ էր արդյունավետ համագործակցությունը հայկական կողմի հետ: Որո՞նք են այն հիմնական գերատեսչությունները, որոնց կառանձնացնեիք հայկական կողմից, որոնք օգնել են այս գործում»:
Մերի Բաթլեր. «Ինչպես ասացի, կարևոր դեր է խաղացել կենտրոնական իշխանությունը: Գլխավոր դատախազությունը ևս կարևոր դերակատարում է ունեցել: Կային մի քանի տարբեր քննչական մարմիններ, որոնք ինչ-որ պահի մեզ աջակցել են այդ գործընթացում: Գիտեմ, որ Հայաստանում ունեք մարմին, որը հետաքննում է անօրինական գույքի ծագումը: Նաև փորձով կիսվում ենք նրանց հետ, քանի որ ուզում ենք հասկանալ, թե ինչպես է աշխատում Հայաստանում քաղաքացիական բռնագանձման համակարգը և ինչ լիազորություն ունեն նրանք: Դա լայնածավալ փորձի փոխանակում էր: Հուսամ եմ, այժմ, երբ միասին աշխատել ենք այս գործի շրջանակում, փոխանակել ենք փորձառություն և ձեռք բերել կոնտակտկներ, տեղեկատվության փոխանակումն էլ ավելի արդյունավետ կընթանա: Երկու կողմի շահերից է բխում, որ կարողանանք պայքարել կոռուպցիայի և փողերի լվացման դեմ: Ցանկանում ենք անօրեն ձեռք բերված միջոցները դուրս բերել մեր երկրից՝ [ԱՄՆ-ից] և դրանք վերադառձնել կոռուպցիայից տուժած մարդկանց՝ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությամբ: Ունենք ճիշտ, ընդհանուր նպատակներ, և այժմ արդեն կոնտակտներ՝ բազմաթիվ դեմ առ դեմ շփումների արդյուքում։ Ուստի, ակնկալում եմ, որ մեր համագործակցությունը միայն կընդլայնվի»:
«Ամերիկայի ձայն». «Եվ իմ վերջին հարցը: Խաչատրյանների ընտանիքը ներկայացնող Vinson & Elkins փաստաբանական գրասենյակը հայտարարություն է տարածել գործի առնչությամբ՝ համաձայնությունից հետո: Նշում են, որ ապահովել են [ԱՄՆ] Արդարադատության նախարարության հետաքննության բարեհաջող փակումը: Ըստ նրանց, գործի շուրջ համաձայնությունը և հետաքննության փակումը Խաչատրյանների նշանակալի հաղթանակն է և հարթում է նրանց երկարատև վեճը [ԱՄՆ] արդարադատության նախարարության հետ: Ի՞նչ կասեք այս ձևակերպման մասին»:
Մերի Բաթլեր. «Սա հազվադեպ չէ քաղաքացիական գործերի պարագայում, երբ հայցվորները որոշումից հետո փորձում են գործը իրենց համար հնարավորինս բարենպաստ լույսի ներքո ներկայացնել: Հիշեցնեմ, նրանք համաձայնել են հրաժարվել շատ արժեքավոր ակտիվի 85%-ից: Մարդիկ կարող են իրենք որոշել՝ արդյո՞ք հաջողված լուծում էր Խաչատրյանների համար: Մի փոքր կվիճարկեի այն միտքը, թե նրանք որոշում են կայացրել: Որոշումները մե՛նք ենք կայացնում։ Մե՛նք ենք որոշում գործը քննել քրեական կամ քաղաքացիական բռնագրավման տեսանկյունից: Յուրաքանչյուր որոշում մե՛նք ենք կայացրել՝ առանձին-առանձին։ Արդարադատության նախարարության որոշումներ են։ Ուստի, այն միտքը, որ նրանք կարողացել են ապահովել որոշում, մի փոքր ագրեսիվ է հնչում, կարծում եմ: Ամեն դեպքում, հազվադեպ չէ, երբ մարդիկ փորձում են բացատրել, թե ինչու են կայացվել նման որոշումներ: Մենք դա հասկանում ենք»։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Հայաստանի նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ներկայացնող «Վինսոն և Էլկինս» իրավաբանական ընկերությունը (Vinson & Elkins LLP) հանդես է եկել հայտարարությամբ Խաչատրյանների ընտանիքի ու ԱՄՆ արդարադատության նախարարության միջև ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքի շուրջ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«2024 թվականի հունիսին «Վինսոն և Էլկինսը» ապահովել է ԱՄՆ արդարադատության նախարարության (DOJ) կողմից իրականացվող հանրային նշանակության հետաքննության կարճումը, որը ներառել է արդարադատության նախարարության ներկայացրած բոլոր պահանջների բարենպաստ հանգուցալուծումը հօգուտ «Վինսոն և Էլկինսի» պաշտպանյալներ Արտյոմի Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և նրանց ամերիկյան ընկերության՝ WRH, Inc.-ի: Վերոնշյալ գործով արդարադատության նախարարության որոշումը և վերջինիս կողմից նախաձեռնված քրեական հետապնդման դադարեցումը Խաչատրյանների նշանակալի հաղթանակն է, որով լուծվում է նրանց իրավական վեճը դեպարտամենտի հետ՝ Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքի օրինական ձեռքբերման և կառուցապատման վերաբերյալ:
Ինչպես պարզաբանվել է ներկայացված փաստաթղթերով, Խաչատրյանների ընտանիքը ի սկզբանե գնել է Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքը և սկսել կառուցապատումը 2011 թվականին: 2018 թվականին Հայաստանում իշխանափոխությունից հետո, Խաչատրյաններն անարդարացիորեն թիրախավորվել են նոր իշխանության կողմից, և նրանց օրենքով երաշխավորված իրավունքները կասկածի տակ են դրվել: 2022 թվականի հունվարին Խաչատրյանները վաճառքի են հանել Հոլմբի Հիլզի անշարժ գույքը՝ այդ մասին թափանցիկորեն տեղեկացնելով կառավարությանը։ Այնուամենայնիվ, 2022 թվականի ապրիլին արդարադատության նախարարությունը, ստանալով ՀՀ կառավարությունից ակնհայտ քաղաքական դրդապատճառներ ունեցող միջնորդություն, ԱՄՆ Կենտրոնական շրջանի Կալիֆորնիայի շրջանային դատարան է ներկայացրել Հոլմբի Հիլզի անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ հայցապահանջ: «Վինսոն և Էլկինս» ընկերությունը Խաչատրյանների անունից անմիջապես ներկայացրել է սեփականության ճանաչման պահանջ՝ միջնորդելով մերժել Կառավարության բողոքը: Այնուհետև, դատարանի որոշմամբ կասեցվել է Կառավարության պահանջի հիման վրա քննվող բռնագանձման գործը՝ հնարավորություն տալով ԱՄՆ արդարադատության նախարարությանն իրականացնել հետաքննություն:
Վերջին երկու տարիների ընթացքում «Վինսոն և Էլկինս» ընկերությունը ամբողջովին աջակցել է արդարադատության նախարարության կողմից իրականացվող հետաքննությանը՝ կառավարությանը ատիվորեն տրամադրելով հասանելիություն ծավալուն նյութերին, բանկային արձանագրություններին, ինչպես նաև ապահովել է հասանելիություն վկաների ցուցմունքներին: Ավելի քան երկու տարի տևած քննության արդյունքում, արդարադատության նախարարությունը պաշտոնապես ծանուցել է, որ 2024 թվականի հունիսի 11-ին դադարեցնում է հետաքննությունը Խաչատրյանների նկատմամբ: Հետաքննության դադարեցման և բռնագանձման գործի կասեցման որոշման հենքով Արդարադատության դեպարտամենտը և Խաչատրյանները համաձայնություն են ձեռք բերել հանգուցալուծելու նաև բռնագանձման մասով չկատարված պարտավությունների հարցը։ Որոշվել է, որ Հոլմբի Հիլզի անշարժ գույքը կվաճառվի և ստացված հասույթը կբաշխվի կողմերի միջև: Ընդ որում՝ Հոլմբի Հիլզի գույքի վաճառքից ստացված մի մասը կտրամադրվի Խաչատրյաններին, իսկ մյուս մասը` Խաչատրյանների դիմումով կտրամադրվի Հայաստանի Հանրապետությանը՝ ի շահ հայ ժողովրդի»,- հայտնել է Խաչատրյաններին ներկայացնող իրավաբանական ընկերությունը: