Մատչելի հղումներ

Ամերիկահայն իրեն մեղավոր է ճանաչել Հայաստանին առնչվող ամերիկյան վիզաների խարդախության գործով


Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, ամերիկահայ 48-ամյա Ստելա Բոյաջյանն իրեն մեղավոր է ճանաչել մարդկանց ԱՄՆ անօրինաբար տեղափոխելու, վիզաները կեղծելու և մարդկանց ինքնությունը գողանալու մեղադրանքներում:

Ըստ արդարադատության նախարարության մամլո հաղորդագրության, մուտքի արտոնագրի խարդախության այս սխեմայի վերաբերյալ գործը վարում է Նյու Յորքի Արևելյան շրջանի դատավոր Սանքեթ Բուլսարին: Բոյաջյանը գումարի դիմաց օգնել է Հայաստանի քաղաքացիներին անօրինական մուտքի արտոնագրեր ստանալ Միացյալ Նահանգներ այցելելու համար:

Դրա մասին հայտարարությամբ հանդես են եկել ԱՄՆ-ի Նյու Յորքի դատախազության և ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչները:

Համաձայն մեղադրական եզրակացությանը, Բոյաջյանը ղեկավարում էր միջազգային հանցավոր ցանց, որը ներգրավված էր Հայաստանի քաղաքացիներին Միացյալ Նահանգներ մուտք գործելու վիզաներ տրամադրելու անօրինական գործունեության մեջ: Խումբը ԱՄՆ-ի համապատասխան կառույցներին էր տրամադրում կեղծ տեղեկություն՝ հավաստիացնելով, որ վիզայի համար դիմող Հայաստանի քաղաքացիները հանդիսանում են պարի և կատարողական արվեստի խմբերի անդամներ եւ այդպիսով իրավասու են ստանալ P-3 տեսակի վիզա, որը նախատեսված է մշակութային գործունեությամբ զբաղվող մարդկանց համար:

P-3 ոչ իմիգրացիոն վիզան թույլ է տալիս օտարերկրացիներին ժամանակավորապես այցելել Միացյալ Նահանգներ որպես արվեստագետներ մշակութային յուրահատուկ ծրագրի շրջանակներում: ԱՄՆ-ում գործունեություն ծավալող գործատուն կամ հովանավորող կազմակերպությունը պարտավոր է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը ներկայացնել I-129 տեսակի դիմումն ու աջակցող փաստաթղթերը, որոնք մանրամասներ են տրամադրում Միացյալ Նահանգներում մշակութային ծրագրի վերաբերյալ:

2018 թ. փետրվարին Բոյաջյանին, 31-ամյա Գլենդենլի բնակիչ Հրաչյա Աթոյանին եւ Հայաստանի Հանրապետության 42-ամյա քաղաքացի Դիանա Գրիգորյանին, հայտնի որպես «Դինա Ակոպովնա», մեղադրանք է առաջադրվել վիզաների հետ կապված և այլ տեսակի խարդախություններ իրականացնելու վերաբերյալ: Ըստ մեղադրական եզրակացության, մեղադրյալները Միացյալ Նահանգների իշխանություններին են տրամադրել կեղծ փաստաթղթեր, զբաղվել վիզային խարդախությամբ ու ապահովել մարդկանց ապօրինի ներթափանցումը Միացյալ Նահանգներ: Բոյաջյանը եւ Գրիգորյանը մեղադրվել են նաև փողերի լվացման, իսկ Բոյաջյանը՝ նաև մարդկանց ինքնություն տվյալները գողանալու մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության, Բոյաջյանը ղեկավարել է «Big Apple Music Awards Foundation» (BAMA) հասարակական կազմակերպությունը, որը գտնվում է Նյու Յորքի Ռեգո Փարք բնակավայրում: Բոյաջյանը օգտագործել է Apple Music Awards հիմնադրամը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում եւ Հայաստանում երաժշտության ոլորտի իր պաշտոնական եւ ոչ պաշտոնական կապերը ` այս հանցավոր սխեման իրականացնելու համար: Բոյաջյանը եւ մյուսները դիմել են Հայաստանի քաղաքացիներին, ովքեր ցանկացել են գալ ԱՄՆ-ը՝ նրանցից պահանջելով $ 0- ից մինչեւ $ 10,000 ` I-129 տեսակի ձեւաթղթերի մեջ ընդգրկվելու համար: Բոյաջյանը եւ իր գործընկերները Հայաստանում այնուհետև պատրաստել են կեղծ վկայագրեր եւ բեմական լուսանկարներ, որտեղ դիմողները իբր հանդես են գալիս ավանդական հայկական ժողովրդական հանդերձանքով՝ ապացուցելու համար, թե իբր նրանք հայ կատարողներ են: Այս ամենն այնուհետև ներկայացվել է ԱՄՆ-ի հյուպատոսական բաժին վիզա ստանալու համար, իսկ դիմողներին պատրաստել են, թե ինչպես պատասխանել վիզայի համար հարցազրույցի ընթացքում: ԱՄՆ-ը ժամանելուց հետո այստեղ եկած որոշ հայեր վճարել են Բոյաջյանին եւ նրա գործընկերներին լրացուցիչ գումարներ ` P-3 վիզայի երկարարցման խնդրագրի համար:

Բոզաջյանի համար դատապարտումը դեռ նշանակված չէ:

Facebook Forum

XS
SM
MD
LG