Ռուսաստանցի գործիչները մանրամասներ են ներկայացրել, թե ինչ մեթոդներով են գործել ռուսական հատուկ ծառայությունները, քրեակատարողական հիմնարկների վարչակազմերը։ Օրինակ՝ նրանց հետ կապված ընթացակարգերն անցել են առանց փաստաբանների և խախտելով Ռուսաստանի օրենքները։
Նախկին քաղբանտարկյալները հայտարարել են, թե հրաժարվել են ներման խնդրագրեր ստորագրել և մտադիր չէին լքել հայրենիքը, բայց բռնի ուժով արտաքսվել են հարազատ երկրից՝ հակառակ Ռուսաստանի օրենքների և սահմանադրության։
Իլյա Յաշինն անգամ ժամկետանց անձնագրով է հատել Ռուսաստանի սահմանը, իսկ մինչ այդ գրավոր տեղեկացրել է ռուսաստանյան իշխանություններին, որ հրաժարվում է փոխանակումից։
«Ինձ հետ կատարվածը փոխանակում չեմ համարում։ Համարում եմ անօրինական արտաքսում Ռուսաստանից՝ իմ կամքին հակառակ. Հիմա ամենաշատն ուզում եմ, վերադառնալ [հայրենիք]: [Այստեղ գալուց հետո] իմ առաջին ցանկությունն էր անմիջապես գնալ օդանավակայան, տոմս վերցնել ու վերադառնալ Ռուսաստան։ Նրանք՝ [Ռուսաստանի իշխանությունները] ինձ հասկացրեցին, որ իմ վերադարձը երկիր՝ ապագայում կբացառի որևէ փոխանակում»,- ասուլիսում ասել է Յաշինը։
Նախկին քաղբանտարկյալները պնդել են՝ իրենց խաբել ու չեն տրամադրել անազատության վայրերից օրինական կարգով դուրս գալը հավաստող փաստաթղթեր։ Ռուսաստանից դուրս են բերվել անհրաժեշտ նվազագույն իրերով։ Օրինակ, Յաշինն եղել է բանտային համազգեստով, Կարա-Մուրզան, ըստ էության, ներքնազգեստով:
Հիշեցնենք, «գերիների պատմական փոխանակման» արդյունքում երկու կողմերից, ընդհանուր առմամբ, սահմանը հատել է 26 հոգի՝ չհաշված Սլովենիայում ձերբակալված ռուսաստանցի լրտեսների՝ Դուլցովների անչափահաս երկու երեխաներին։ Շատերի ուշադրության կենտրոնում Վադիմ Կրասիկովն էր, ով ցմահ ազատազրկման էր դատապարտված Գերմանիայում՝ սպանության համար, և հանուն որի, ըստ դիտորդների, Պուտինը գնաց նման փոխանակման։
Հիշեցնենք նաև, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գործարքն անվանել է «դիվանագիտական սխրանք» և շնորհակալություն հայտնել Վաշինգտոնի դաշնակիցներին՝ «համարձակ և խիզախ որոշումների համար»։
«Այսօր հզոր օրինակ է, թե ինչու է այդքան կարևոր այս աշխարհում ընկերներ ունենալը»,- ասել է Բայդենը՝ հատուկ երախտագիտություն հայտնելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, ով, գաղտնիք չէ, քաղաքական առումով բարդ որոշում է կայացրել՝ գերմանական բանտից ազատ արձակելով Կրասիկովին։
Իրավապաշտպան Իլյա Շաբլինսկու խոսքով՝ ռուսաստանցիների փաստացի արտաքսումը երկրից տեղի է ունեցել երկրի սահմանադրության խախտմամբ։
«Ռուսաստանի հիմնական օրենքի համաձայն՝ ոչ մի քաղաքացի չի կարող երկրից հեռացվել առանց իր համաձայնության, և նման քայլը ցույց է տալիս, որ Մոսկվայի նպատակն էր ոչ միայն ստանալ այն մարդկանց, որոնց կարիքն ունի և որոնք պատիժ էին կրում արևմտյան բանտերում, այլև վտարել ընդդիմադիրների»,- ասել է Շաբլինսկին։
Իրավապաշտպանի ներկայացմամբ՝ տեղի ունեցածը հիշեցնում է խորհրդային ժամանակներն ու գործելակերպը. «Տեղի ունեցածը հակասում է [Ռուսաստանի] սահմանադրությանը և գործող օրենսդրությանը։ Ի դեպ՝ այդ ամենը իրականացվել է հատուկ այնպիսի եղանակով, որպեսզի հետագայում հնարավորինս դժվար դառնա նրանց տուն վերադառնալը։ Իհարկե, կարող են դիմել Ռուսաստանի հյուպատոսարաններ՝ նոր անձնագրեր ստանալու խնդրանքով, բայց, պարզ է, որ կմերժվեն։ Կրեմլի քարոզչամեքենան արդեն հեռացածներին դավաճան և ուրացող է ներկայացնում»։
Իլյա Շաբլինսկին հիշեցնում է՝ նույնն արեցին Միխայիլ Խոդորկովսկու հետ 2013 թվականին. «Այն ժամանակ Խոդորկովսկին, ըստ էության, վտարվեց երկրից, և անգամ նրա համաձայնությունը չհարցրեցին: Պարզապես այն ժամանակ լրատվամիջոցներն այդքան ուշադիր չէին այս հարցին։ Իհարկե, նախկին քաղբանտարկյալները կարող են դիմել միջազգային ատյաններ՝ կապված իրենց իրավունքների կոպիտ խախտումների հետ։ Բայց Մոսկվան դուրս է եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունից»։
Ռուսաստանում լրտեսական մեղադրանքներով քրեական գործերում մասնագիտացած իրավաբան Եվգենի Սմիրնովը նկատում է՝ նման փոխանակման համար օրինական ընթացակարգ ընդհանրապես չկա․ «Բայց ներումը և խափանման միջոցը փոխելը կարող է իրականացվել առանց դատապարտյալի կամ մեղադրյալի համաձայնության։ Իհարկե, Ռուսաստանի քաղաքացիներին Ռուսաստանից բռնի հեռացնելն արգելված է երկրի սահմանադրությամբ, և ոչ ոք իրավունք չունի նման կերպ երկրից արտաքսել ռուսաստանցիներին»։
«Ամերիկայի ձայնի» զրուցակցի խոսքով, անգամ նման արտաքսումը չի զրկում նախկին քաղբանտարկյալներին Ռուսաստան վերադառնալու իրավունքից. «Տեսականորեն՝ Ռուսաստանի հյուպատոսությունները կարող են նրանց հատուկ փաստաթուղթ տալ երկիր վերադառնալու համար, բայց թե ինչ կհաջորդի դրան, հեշտ է կանխատեսել Ալեքսեյ Նավալնիի օրինակի հիման վրա»։
Մեր կողմից հիշեցնենք ասուլիսին հնչած Իլյա Յաշինի խոսքերը, թե ռուսական հատուկ ծառայության աշխատակիցը, ով իրեն ուղեկցել է Անկարա թռչող ինքնաթիռում, հրաժեշտից առաջ փոխանցել է. «Կարող եք վերադառնալ Նավալնիի նման, բայց նաև կավարտեք ձեր օրերը Նավալնիի նման»: