Հուլիսի 3-ին Դնեպրի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի հրապարակման պահին եղած տվյալներով: Նրանց թվում էր 72-ամյա մի կին, ով մահացել է հիվանդանոցում, հայտնել են շրջանային իշխանությունները։
Հինգշաբթի երեկոյան Խարկովի մարզի Չուգուևսկի շրջանի Լոսովկա գյուղի հրթիրակոծման հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը։ Նաև հինգշաբթի երեկոյան Ռուսաստանը հարվածներ է հասցրել Դոնեցկի մարզի Պոկրովսկի շրջանին։ Մեկ մարդ զոհվել է, ևս տասը վիրավորվել։
«Զավետնոյե գյուղում ռուսները անօդաչուով սպանել են 55-ամյա մի կին: Նովոգրոդովկան երկու հարված է ստացել՝ նախ ռուսները անօդաչուներով հարվածել են երկհարկանի շենքին, իսկ քիչ անց «Ուրագան» տեսակի զենքով ռմբակոծել են քաղաքի կենտրոնը։ Վիրավորների թվում կա 4 երեխա։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց»,- ասել է Դոնեցկի շրջանի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։
Ուրբաթ գիշեր Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերն ու միջոցները խոցել են ռուսական բոլոր 32 գրոհային անօդաչուները։ Դրանք արձակվել են Կուրսկից և Պրիմորսկո-Ախտարսկից։
Ռուսաստանի իշխանությունների տվյալներով՝ Կրասնոդարի երկրամասի Պրիմորսկո-Ախտարսկի վրա ուկրաինական անօդաչուների գիշերային հարձակման հետեւանքով 6-ամյա աղջիկ է մահացել։ Եվս յոթ տարեկան երեխա հիվանդանոցում է։
Ուրբաթ օրը Ռուսաստանը երեք հարված է հասցրել Դոնեցկի մարզի Կոմար գյուղին։ 15 տուժած տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը՝ գյուղապետարանի աշխատակիցը, ստացած վերքերից մահացել է։ Զոհերի վերջնական թիվը և Ռուսաստանի կողմից օգտագործվող զենքի տեսակը պարզվում է, հաղորդում է շրջանի դատախազությունը։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 155 ռազմական բախում։ Պոկրովսկի և Տորեցկի ուղղություններում իրավիճակը շարունակում է լարված մնալ, հավելել են նրանք։
Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հանդիպում է ունեցել անօդաչուների ստորաբաժանումների հրամանատարների հետ։ Այս մասին նա գրել է Facebook-ում։
«Ժամանակակից մարտական գործողությունների իրողություններում անօդաչուներով զոհերի թիվը հավասար է հրետանու, ինչը անօդաչու սարքերը դարձնում է բանակի առաջնահերթություններից մեկը: Մեր խնդիրն է տեխնոլոգիապես մեկ քայլ առաջ լինել հակառակորդից թե՛ անօդաչուներ գործածելու, թե՛ դրանցից պաշտպանվելու հարցում։ Սակայն տեխնոլոգիայի և նորարարության ամենակարևոր խնդիրը մեր բանակը կենդանի պահելն է: Անօդաչու համակարգերը ամենադինամիկ ոլորտներից են, որտեղ փոփոխություններ են տեղի ունենում ամեն օր, և մենք իրավունք չունենք հետ մնալ նույնիսկ մեկ քայլ: Գործողությունների հստակ ծրագիր կա: Համատեղ աշխատանքը շարունակվում է»,- նշել է Ալեքսանդր Սիրսկին։
Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հետաքննում է 18-ամյա դեռահասի սպանությունը Խերսոնում ռուսական զորքերի կողմից 2022 թվականի օկուպացիայի ժամանակ։
Լուգանսկի շրջանային ռազմական վարչությունը հայտնել է, որ ռուս զինծառայողները ռազմական հանցագործություն են կատարել։
«Օրերս Ստարոբելսկի թաղամասը ցնցվեց սարսափելի հանցագործությունից. մեկ շաբաթվա ընթացքում երկու աղջիկ կրկին հայտնաբերվեցին, դաժանաբար բռնաբարված, խոշտանգված և սպանված: Պարզվել է, որ մարդասպանը ռուս զինվորական է, որը երկու անգամ դատապարտվել է խմբակային բռնաբարության համար։ Սրանք են «ազատագրողները». նրանք դահիճներ ու մարդասպաններ են»,- ասվում է շրջանային իշխանության հայտարարության մեջ։
Reuters-ին տված հարցազրույցում Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեյժպապան ասել է, որ Ռուսաստանի Սևծովյան նավատորմը ստիպված է եղել իր գրեթե բոլոր մարտունակ նավերը օկուպացված Ղրիմից տեղափոխել այլ վայրեր, և նրա գլխավոր ռազմածովային կենտրոնը դառնում է անարդյունավետ Կիևի հարձակումների պատճառով:
«Ես կարծում եմ, որ նրանք [ռուսները] կարիք չունեն վերադառնալ այնտեղ [Սեւաստոպոլ]։ Ես չգիտեմ, թե ինչ են մտածում այնտեղ: Առաջին հերթին նրանք փախել են Սեւաստոպոլից եւ դուրս բերել իրենց նավերը։ Սա առաջին պատճառն է, որ նրանք հայտնվեցին Նովոռոսիյսկում։ Որովհետեւ ուկրաինական պաշտպանության ուժերի զինատեսակները կրակի հսկողության տակ են պահում Սեւաստոպոլը»,- ասաց նա։
Ուկրաինայում Գերմանիայի դեսպան Մարտին Յագերը սոցցանցերում հայտնել է, որ Գերմանիայից երրորդ Patriot հակաօդային պաշտպանության համակարգն արդեն ժամանել է Ուկրաինա։ Նրա խոսքով՝ համակարգի ուկրաինական անձնակազմը վերջին ամիսներին հաջողությամբ ավարտել է համապատասխան վերապատրաստումը Գերմանիայում։
Երկուշաբթի օրը Ռուսաստանը հարվածներ է հասցրել նաև Ուկրաինայի մայրաքաղաքում գտնվող մանկական հիվանդանոցին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 29 մարդ:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ փրկարարները աշխատանքներ են իրականացնում Կիևի Օխմատդիտ մանկական հիվանդանոցի փլատակների շուրջ, և զոհերի թիվն այստեղ դեռևս վերջնական չէ։
«Ռուսաստանը չի կարող պնդել, որ չգիտի, թե ուր են թռչում իրենց հրթիռները, և պետք է ողջ պատասխանատվություն կրի իր բոլոր հանցագործությունների համար։ Մարդկանց դեմ, երեխաների դեմ, ամբողջ մարդկության դեմ»,- գրել է Զելենսկին X մեդիա հարթակում: «Շատ կարևոր է, որ աշխարհը հիմա չլռի այս մասին, և բոլորը տեսնեն, թե ինչ է իրենից ներկայացնում Ռուսաստանը և ինչ է անում»:
Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը հայտնել է, որ ռուսական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ և վնասվել են շենքեր մի քանի շրջաններում:
Կրիվոյ Ռոգի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլի խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը հարվածներ է հասցրել նաև Կրիվոյ Ռոգում, որի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, ևս 31-ը վիրավորվել։
Զելենսկին երկուշաբթի օրը ասել է, որ Ուկրաինան իր արևմտյան գործընկերներից կոնկրետ քայլեր է ակնկալում ՆԱՏՕ-ի այս շաբաթվա գագաթնաժողովի ընթացքում հակաօդային պաշտպանության ամրապնդման և էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար։ Սպասվում է, որ Զելենսկին Լեհաստան կատարած այցի ավարտից հետո հաջորդ օրը կուղևորվի Վաշինգտոն կայանալիք գագաթնաժողի համար:
Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի մարզում իշխանությունները հայտնել են, որ հրթիռները հարվածել են արդյունաբերական գործարանին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ:
«Ռուս ահաբեկիչները հերթական անգամ զանգվածային հրթիռային հարված են հասցրել Ուկրաինային»,- ասել է Զելենսկին։ – Տարբեր քաղաքներին – Կիև, Դնեպր, Կրիվոյ Ռոգ, Սլավյանսկ, Կրամատորսկ: Տարբեր տեսակի ավելի քան 40 հրթիռ։ Վնասվել են բնակելի շենքեր, ենթակառուցվածքներ, մանկական հիվանդանոց»,- ասել է նա:
Երկուշաբթի ավելի վաղ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել էին, որ երկրի հակաօդային պաշտպանությունը Չերկասի և Ժիտոմիրի շրջանների վրա խոցել են 3 թեւավոր հրթիռներ։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ խոցվել է նաև չորրորդ հրթիռը, ինչպես նաև երկու «Իսկանդեր-Մ» տեսակի բալիստիկ հրթիռներ։
Կենտրոնական Սումի շրջանի իշխանությունները Telegram-ում հայտնել են, որ ռուսական անօդաչուները պայթուցիկներ են նետել երեք բնակեցված տարածքների վրա: