Մատչելի հղումներ

Թրամփն ու Բայդենը փորձում են շահել TikTok-ի օգտատերերի ուշադրությունը


Թրամփ, Բայդեն
Թրամփ, Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի հարցերի շուրջ համակարծիք են, և չինական TikTok սոցցանցն արգելելը դրանցից մեկն է։ Այժմ, երբ առջևում են նախագահական ընտրությունները, երկուսն էլ ակտիվացել են այդ հաթակում, որը նախկինում փորձում էին արգելափակել:

ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը միացել է TikTok-ին:

Նախագահ Ջո Բայդենը նույնն արել էր փետրվարին։

Տպավորություն է, թե այդչափ քննադատված սոցցանցն այլևս խնդիր չէ, երբ առջևում նախագահական ընտրություններ են:

«Ամբողջ սոցմեդիա աշխարհը փոխվել է՝ նախորդ նախագահական ընտրություններից մինչև հիմա: Առաջին անգամն է, երբ TikTok-ը գերիշխող հարթակ է հանդիսանում նախընտրական պայքարում»,- ասում է մարքեթինգի մասնագետ Թեդի Գոֆը։

Ե՛վ Բայդենը, և՛ Թրամփը կողմ են եղել TikTok-ի արգելմանը ԱՄՆ-ում՝ հինավորելով, թե անվտանգության խնդիրներ կան, քանզի սոցհարթակը փաստացի կապված է Չինաստանի կառավարության հետ:

ԱՄՆ-ում TikTok-ն ունի 170 միլիոն օգտատերեր, որոնցից 44%-ը 18-ից 29 տարեկան են, հետևաբար՝ սոցհարթակը երիտասարդ ընտրողներին գրավելու կարևոր միջոց է:

Թեև բազմաթիվ ամերիկացիներ նորություններին հետևում են սոցիալական ցանցերում, բայց վերջին ուսումնասիրության համաձայն, այդ չէ պատճառը, որ նրանք սոցհարթակներում են:

Pew Research Center-ի ավագ գիտաշխատող Էլիզա Շիրերի խոսքով, հիմնական պատճառը զվարճանալու ցանկությունն է, հատկապես՝ TikTok-ի պարագայում։

TikTok-ի օգտատերերը նորություններին ծանոթանում են անուղղակի կերպով՝ կարծիքների կամ հումորի վրա հիմնված գրառումների միջոցով, որոնք վերաբերում են ընթացիկ իրադարձություններին:

«TikTok-ում լուրերի ամենատարածված աղբյուրն այն մարդիկ են, որոնց անձամբ չենք ճանաչում»,- ասում է Էլիսա Շիրերը։

«Շատ դժվար է սոցցանցում որևէ օգտահաշվի համար, նույնիսկ, եթե դա նախագահի կամ նախկին նախագահի էջն է, ուշադրություն գրավել, քանզի սոցիալական ցանցերում [մարդկանց] ներկայությունը չափազանց շատ է և քաոսային»,- նշում է Թեդի Գոֆը:

Մարքեթինգի գծով փորձագետները կարծում են, որ առանցքային է ցանցում այլևս ազդեցություն ունեցող օգտատերերի վրա հիմնվելը:

«Պետք է ունենալ հայտնիների էջեր, որոնք տարածում են տվյալ հաղորդագրությունը: Ակնհայտ է, որ սոցցանցերում ազդեցիկ մարդկանց հաճախ ավելի են վստահում, քան քաղաքական գործիչներին: Պետք է ճանապարհ գտնեք՝ ձեր ուղերձը փոխանցելու համար, և բացատրեք, թե ինչու ավելի լավ նախագահ կլինեք այն մարդկանց համար, ովքեր մուտք են գործել սոցհարթակ զվարճանալու նպատակով: Նրանք չեն եկել ձեր քաղաքական գովազդը լսելու»,- ասում է Թեդի Գոֆը:

Փաստորեն, TikTok-ում ազդեցություն ունեցող անձինք կարող են լինել այս նախընտրական մրցավազքի առանցքային դերակատարները:

XS
SM
MD
LG