Մատչելի հղումներ

Չինաստանը «մահաբեր օգնություն» է տրամադրում Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ կիրառելու նպատակով․ Լոնդոն


Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շափս
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շափս

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շափսը չորեքշաբթի մեղադրել է Ռուսաստանին և Չինաստանին զինտեխնիկայի արտադրության ոլորտում համագործակցելու մեջ, որն այնուհետև կիրառվում է Ուկրաինայի դեմ։

«Նրանք օգնում են միմյանց»,- ասել է Շափսը՝ Լոնդոնի պաշտպանության համաժողովում, ավելի ուշ հավելելով, թե Մեծ Բրիտանիան ապացույցներ ունի, որ Չինաստանը Ռուսաստանին «մահաբեր օգնություն» է տրամադրում:

Հատկանշական է, որ բրիտանական բարձրաստիճան պաշտոնյայի այս խոսքերը հնչում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Պեկին կատարած այցից ընդամենը օրեր անց։

2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից օրեր առաջ Պեկինն ու Մոսկվան հայտարարեցին, թե «սահմաններ չճանաչող» հարաբերություններ են հաստատել։

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունն անցած ամիս հայտարարեց, որ Պեկինը «ներգրավվծ չէ ուկրաինական ճգնաժամում»՝ հերքելով պնդումները, թե ռազմական առումով Չինաստանն աջակցում է Ռուսաստանին։

Շափսի խոսքով, ռուսական ներխուժումից հետո չին-ռուսական առևտրի աճը կազմել է 64%:

Փաստորեն, առաջին անգամն է, որ պաշտոնական Լոնդոնը հրապարակավ մեղադրում է Չինաստանին՝ Ռուսաստանին զենք մատակարարելու մեջ։

Անցած ամիս ամերիկացի պաշտոնյաները հայտարարեցին, թե Չինաստանն օգնել է Մոսկվային արտադրել հրթիռներ, տանկեր և ինքնաթիռներ՝ միկրոէլեկտրոնիկայի և այլ պարագաների վաճառքի միջոցով:

Գրանտ Շափսի հավաստմամբ, Մեծ Բրիտանիան այս ֆինանսական տարում ընդլայնել է աջակցությունն Ուկրաինային՝ այն հասցնելով 3․8 միլիարդ դոլարի:

Բրիտանացի գործչի համոզմամբ, ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պետք է մինչև 2030 թվականը պաշտպանության վրա ծախսեն իրենց ՀՆԱ-ների առնվազն 2․5%-ը:

«Պուտինն ու նրա բռնակալ ընկերները բոլորովին այլ աշխարհայացք ունեն արևմտյան ժողովրդավարությունների վերաբերյալ: Նրանց [տիրապետության ներքո գտնվող] բնակչությունը տառապում է իրավունքների ոտնահարումից և ազատությունների [սահամանփակումից], բայց աներևակայելի է, որ նրանք կարողանան մեզ պարտադրել աշխարհակարգի իրենց տեսլականը»,- ասել է Շափսը:

Նյութում օգտագործվել են Reuters-ի հրապարակումները։

XS
SM
MD
LG