Մատչելի հղումներ

Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել Հայաստանի վարչապետի ապրիլքսանչորսյան ուղերձի կապակցությամբ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունն այցելել են Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ք. Երևան, ՀՀ, 24 ապրիլի, 2024թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունն այցելել են Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ք. Երևան, ՀՀ, 24 ապրիլի, 2024թ.

ԱՄՆ-ում գործող Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը օրերս քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա ապրիլքսանչորսյան ուղերձի պատճառով։

«Թեև ընդհանրապես չենք խառնվում պետությունների ներքին գործերին, քանի դեռ չկա ցեղասպանության ներքին վտանգ, պետք է անդրադառնանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից բխող մտահոգություններին, որոնք, թվում է, թե շեղվում են ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և անցումային արդարադատության հիմնարար սկզբունքներից, և ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներին»,- ասված է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունում:

Ինստիտուտի պնդմամբ, Հայաստանի կառավարության ղեկավարի ուղերձը ոչ բացահայտ միանում է Հայոց ցեղասպանության ժխտմանը։

«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակման օրը, Հայաստանի վարչապետը ոգեկոչման պաշտոնական հայտարարություն տարածեց, ուր, կարծես, մեղավորությունը դրվում է զոհերի վրա՝ ցեղասպանության համար Թուրքիայի ու Ադրբեջանի պատասխանատվությունը կասկածի տակ դնելու նպատակով»,- կարդում ենք ինստիտուտի հրապարակած տեքստում։

Ցեղասպանությունների կանխարգելման համար պայքարող կառույցը նկատում է՝ Հայոց ցեղասպանության մասին Հայաստանի վարչապետի ուղերձում որևէ հիշատակում չկա ագրեսորների մասին։

«Ցեղասպանության համար Օսմանյան կայսրության առաջնորդներին մեղադրելու փոխարեն՝ Հայաստանի վարչապետը սլաքն ուղղում է հայերի կողմը, որոնք, կարծես, իրենք են իրենց գլխին ցեղասպանություն բերել՝ քաղաքական իրավիճակի թյուրըմբռնման պատճառով»,- ասված է Լեմկինի ինստիտուտի 5-էջանոց հայտարարությունում։

Հաստատության կարծիքով, կրկնելով Անկարայի ժխտողական թեզերը՝ Հայաստանի առաջնորդը վտանգում է Թուրքիայի պատասխանատվության հարցը և նսեմացնում Հայոց ցեղասպանության ճանաչման նախկին ջանքերը։

«Որպես ցեղասպանության կանխարգելման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և արդարության համար պայքարող կազմակերպություն՝ կոչ ենք անում վարչապետ Փաշինյանին վերանայել իր հայտարարությունները և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը Հայոց ցեղասպանության [ճանաչման] հարցում արդարության հասնելու ջանքերին»,- նշված է տեքստում։

Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է նաև Հայոց եղասպանության զոհերին հաշվառելու մասին հայաստանյան իշխող ուժի պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Անդրանիկ Քոչարյանի խոսքերին: Ըստ կառույցի, Աղազարյանի հարցազրույցում կասկածի տակ է դրվում Թուրքիայի դեմ արդարադատություն իրականացնելու Հայաստանի իրավական հիմքերը, իսկ Քոչարյանն առաջարկել է կազմել ցեղասպանության զոհերի ցուցակ՝ մի նախաձեռնություն, որն, ըստ ինստիտուտի, առաջ էր քաշվում Անկարայի կողմից 1960-ական թվականներից՝ ցեղասպանությունը ժխտելու համար:

Հայտարարությունը նկատում է՝ քննադատությունից հետո Քոչարյանը հրաժարվել է իր պնդումներից՝ հայտարարելով, որ Փաշինյանն, իրականում, նպատակ չի ունեցել նման ցուցակ կազմել, և որ այդ թեման իշխող կուսակցությունում չի քննարկվել։

Լեմկինի ինստիտուտը, սակայն, կարծիք է հայտնում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների այս մտքերը, կարծես, ներառվել են «Փաշինյանի ուղերձի մի հատվածում, ուր կասկածի տակ է դրվում իրականությունը ճիշտ վերլուծելու հայ ազգի կարողությունը»:

Հայաստանի վարչապետի աշխատակազմից դեռ չեն արձագանք Լեմկինի ինստիտուտի հայտարարությանը: Ազգային ժողովում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն «Ազատության» հետ զրույցում Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը որակել է անընդունելի և կոպտագույն միջամտություն Հայաստանի ներքին գործերին․ «Հաայստանի վարչապետը և, առհասարակ, որևէ պաշտոնյա ցեղասպանությունը հարցականի տակ դնող տառ անգամ չի արտաբերել»:

Պատգամավորը հույս է հայտնել, որ ինստիտուտը զերծ կմնա Հայաստանի «ներքաղաքական խոսույթին մասնակցությունից և կզբաղվի իր կանոնադրական նպատակներով՝ ցեղասպանությունների կանխարգելմամբ»:

XS
SM
MD
LG