«2024 թվականի ընտրություններում [հաղթանակն տանելու համար] պայքարը շարունակվում է։ Այո՛, տարիքը խնդիր է: Ես հասուն մարդ եմ, ով պայքարում է 6-ամյա երեխայի դեմ»,- ահա, այսպիսի հումորային անդրադարձ է կատարել Սպիտակ տան ներկայիս ղելկավարը՝ Ջո Բայդենը, իր նախորդի և այժմյան ներքաղաքական պայքարում գլխավոր մրցակցին՝ Դոնալդ Թրամփին՝ ամերիկյան հանրությանը հայտնի մարդկանց ծափահարությունների և ծիծաղի ներքո, որոնք շաբաթ օրը հավաքվել էին Սպիտակ տանը՝ լրագրողների պատվին տրվող ամենամյա ընթրիքին:
Առաջին անգամ Բայդենն անդրադարձել է նաև Դոնալդ Թրամփի առջև ծառացած իրավական խնդիրներին։
«Կոնգրեսում իմ ելույթից հետո ինձ համար բավականին լարված շրջան էր, սակայն վերջերս Դոնալդը ևս մի քանի ծանր օրեր ունեցավ: Կարող եք այն անվանել փոթորկոտ եղանակ»,- ասել է Բայդենը։
Բայդենը, ակնհայտերոն, նկատի ուներ ԱՄՆ նախկին նախագահի դեմ Նյու Յորքում շարունակվող դատավարությունը, ուր Թրամփի առջև են 34 քրեական բնույթի մեղադրանքներ:
Դիտորդները քիչ հավանական են համարում, որ Դոնալդ Թրամփի հասցեին շաբաթ օրը Սպիտակ տանը հնչած խոսքերը նշանակում են, թե Բայդենի թիմում որոշել են փոփոխություններ կատարել իրենց նախընտրական ռազմավարությունում:
«[Նախագահ Բայդենը] խոսել է նուրբ, հումորային ոճով, ինչը, կարծում եմ, այլևս չի կրկնվի: Թրամփը արձագանքել է, թե [Սպիտակ տանը կայացած միջոցառման նպատակն էր Բայդենի] քաղաքական մրցակցին թիրախավորելը»,- ասում է Հյուսիսարևմտյան համալսարանի ն երկայացուցիչ Էրիկ Նիսբեթը:
Սպիտակ տանը հնչած խոսքերին Դոնալդ Թրամփը անդրադարձել է իրեն պատկանող Truth social սոցցանցում, թե Բայդենի հրավիրած ընթրիքը «իսկապես վատն էր» և որ Ջո Բայդենն «աղետալի վիճակում է»:
Փոխարենը ԱՄՆ նախկին նախագահը պատրաստվում է մայիսի 1-ին Միչիգանում և Վիսկոնսինում նախընտրական միջոցառումներ կազմակերպել: Ուրբաթ նա վերահաստատեց իր պատրաստակամությունը բանավիճել Բայդենի հետ՝ հենց այս շաբաթ, այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, թե պատրաստ է հանրապետական մրցակցի հետ բանավիճել աշնանը:
«Պատրաստ եմ և կարող եմ: Եթե նա ցանկանա, պատրաստ եմ [այդ բանավեճին] հենց երկուշաբթի երեկոյան կամ երեքշաբթի երեկոյան կամ չորեքշաբթի երեկոյան: Մենք կլինենք Միչիգանում՝ մի նահանգում, ուր [Բայդենն] ավերածություններ է գործել»,- ասել է Թրամփը:
Ընտրողների կողմնորոշման առումով բանավեճերը վճռորոշ դեր ունեն՝ ասում է պրոֆեսոր Էրիկ Նիսբեթը․ «Պատմականորեն Միացյալ Նահանգներում հասարակության մեծ մասը նույնիսկ ուշադրություն չի դարձնում ընտրությունների հետ կապված իրադարձություններին մինչև սեպտեմբեր, երբ կուսակցություններն ամռան ընթացքում հաստատում են իրենց թեկնածուներին»:
Իսկ մինչ այդ՝ առաջիկայում Թրամփը ստիպված կլինի իր նախընտրական քարոզարշավը համատեղել Մանհեթենում ընթացող դատավարության հետ, որը պետք է վերսկսվի երեքշաբթի:
Իր հերթին՝ Բայդենը պետք է ժամանակ հատկացնի երկրի ղեկավարի պարտականությունների կատարմանը և նախընտրական քարոզարշավին: