Մատչելի հղումներ

2023 թվականին համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին. SIPRI


Ռազմական ուղղությամբ ամենից շատ ծախսած երկրների առաջին եռյակն է՝ ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը։

2023 թվականին ողջ աշխարհի երկրների կողմից ռազմական նպատակներին ուղղված ծախսերը կազմել են 2․44 տրիլիոն դոլար, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է։

Այս մասին ասված է Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի օրերս հրապարակած զեկույցում։

Զեկույցը պնդում է՝ ռազմական ծախսերն ավելացել են իններորդ տարին անընդմեջ։ Ընդ որում, 2009 թվականից ի վեր առաջին անգամ ռազմուժին ուղղված գումարները ավելացել են կազմակերպության առանձնացրած բոլոր հինգ աշխարհագրական շրջաններում․ ամենից շատը ծախսերն աճել են Եվրոպայում, Մերձավոր Արևելքում ու Ասիայում:

2023 թվականին ռազմական ուղղությանը հատկացված գումարների մեծության առումով առաջին հինգ երկրներն են՝ Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան։ Նրանց հաջորդում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ուկրաինան, Ֆրանսիան և Ճապոնիան։

Ռուսաստան

SIPRI-ի գնահատականների համաձայն, 2023 թվականին Ռուսաստանի ռազմական ծախսերը կազմել են 109 միլիարդ դոլար՝ 24%-ով ավելի 2022 թվականի համեմատ, իսկ 2014 թվականի համեմատ, երբ Ռուսաստանը բռնազավթեց Ղրիմը, աճը կազմել է 57%։

Մեկ այլ թիվ՝ 2023 թվականին Ռուսաստանի ռազմական բյուջեն երկրի ՀՆԱ-ի 5.9%-ն է եղել։ Համեմատության համար նշենք, որ մեկ տասնամյակ առաջ այդ ցուցանիշը կազմում էր 4.1%: Զեկույցում ասված է, որ 2023 թվականին Ռուսաստանի ռազմական ծախսերը կազմել են ընդհանուր պետական ծախսերի 16%-ը։

Ուկրաինա

Ուկրաինան, որն անցած տարի իր պաշտպանության համար ծախսել է 64,8 միլիարդ դոլար, ռազմական ծախսերի առումով աշխարհում ութերորդն է, ինչը մեկուկես անգամ ավելի է, քան 2022 թվականին։ 2023 թվականին Ուկրաինայի կառավարության ծախսերի կեսից ավելին՝ 58%-ը, եղել է ռազմական նպատակներով։

Միևնույն ժամանակ, արտաքին օգնությունը կարևոր տեղ է զբաղեցրել Ուկրաինայի ռազմական բյուջեում։ Տարվա ընթացքում երկիրը ստացել է առնվազն 35 միլիարդ դոլարի ռազմական աջակցություն, որի մեծամասնությունը՝ 25.4 միլիարդը տրամադրել է Միացյալ Նահանգները։

Թեև Ուկրաինայի՝ այսպես ասած, սեփական պաշտպանական ծախսերը 2023 թվականին կազմել են ռուսական ռազմական ծախսերի միայն 59%-ը, սակայն երբ գումարում ենք Կիևին ցուցաբերված արտաքին օգնությունը, ապա այդ թիվը հասնում է 91%՝ գրեթե հավասարվելով Կրեմլի ռազմական հատկացումներին։

ԱՄՆ և ՆԱՏՕ

2023 թվականին ԱՄՆ ռազմական ծախսերն աճել են 2.3%-ով՝ հասնելով 916 միլիարդ դոլարի։ Այս գումարը ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-երկրների ռազմական ծախսերի երկու երրորդից ավելին է, ինչը վերահաստատում է Միացյալ Նահանգների առաջատար դիրքը դաշինքում:

Այնուամենայնիվ, ավելացել են նաև ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների ծախսերը։

«Նախորդ երկու տարիներին Ուկրաինայում պատերազմը հիմնովին փոխել է անվտանգության վերաբերյալ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների պատկերացումները։ Սպառնալիքի ընկալման փոփոխությունն արտացոլված է ռազմական աճող ծախսերում, և ՆԱՏՕ-ի սահմանած թիվը՝ պաշտպանական բյուջեն հասցնել ՀՆԱ-ի առնվազն 2%-ի մակարդակին, այլևս դիտվում է ոչ թե որպես ճանապարհի ավարտ, այլ ելակետ»,- ասում է SIPRI-ի հետազոտող Լորենցո Սկարազատոն:

2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո ՆԱՏՕ-ի անդամ-պետությունները համաձայնեցին իրենց ռազմական ծախսերը հավասարեցնել իրենց ՀՆԱ-ների 2%-ի մակարդակին՝ բարձր պահելու ալյանսի մարտական պատրաստվածությունը:

Ըստ SIPRI-ի, 2023 թվականի դրությամբ՝ ՆԱՏՕ-ի 31 անդամներից 11-ն էին հասել այդ ցուցանիշին կամ գերազանցել այն, ինչը ամենաբարձր մակարդակն է նախորդ տասը տարվա կտրվածքով:

Չինաստան

2023 թվականին Չինաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել ռազմական ոլորտին հատկացված միջոցների հաշվով։ Պեկինը ռազմական նպատակներին հատկացրել է 296 միլիարդ դոլար՝ 2022 թվականի համեմատ ապահովելով մոտ 6% աճ։

Չինաստանին բաժին է ընկել ասիական տարածաշրջանի ընդհանուր ռազմական ծախսերի գրեթե կեսը, և SIPRI-ի փոխանցմամբ, Չինաստանի որոշ հարևաններ սեփական պաշտպանական ծախսերի աճը կապում են Պեկինի ռազմական հատկացումների ավելացման հետ:

Չինաստանի հարևանները ևս տպավորիչ թվեր են ուղղում իրենց զինված ուժերին։ Օրինակ, 2023 թվականին Ճապոնիայի ռազմական ծախսերը կազմել են մոտ 50 միլիրադ դոլար, Թայվանինը` 16․6 միլիարդ։ Երկուսի դեպքում էլ 2022 թվականի համեմատ աճը կազմել է 11%։

Մերձավոր Արևելք

Մերձավոր Արևելքում ռազմական ծախսերի աճը անցած տարվա ընթացքում կազմել է 9%, ինչը ռեկորդային է՝ նախորդ տասնամյակի համեմատ:

Իսրայելի ռազմական ծախսերը, որոնք տարածաշրջանում երկրորդն են Սաուդյան Արաբիայից հետո, աճել են 24%-ով։ SIPRI-ի փորձագետները այն բացատրում են Գազայի հատվածում ծավալվող ռազմական գործողություններով:

Ռազմական ծախսերի առումով տարածաշրջանում չորրորդը Իրանն է՝ հատկացնելով ավելի քան 10 միլիարդ դոլար, որից 37%-ը ծախսվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համար։

Կենտրոնական և Հարավային Ամերիկա

Ռազմական ծախսերի աճ է գրանցվել նաև Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներում։ Այս դեպքում պատճառը կազմակերպված հանցավորության դեմ պայքարն է։ 2014 թվականի համեմատ՝ տարածաշրջանի երկրների զինված ուժերին հատկացվող գումարները ավելացել են մոտ մեկուկես անգամ։

Այս տարածաշրջանում իր ռազմական կարիքների համար ամենաշատը ծախսել է Մեքսիկան՝ 11.8 միլիարդ դոլար։

«Սոցիալական ընդվզումները ճնշելու նպատակով զինված ուժերի կիրառումը աճող միտում է տարածաշրջանի երկրներում, ինչպես նախորդ տարիներին, քանի որ կառավարությունները կա՛մ չեն կարողանում լուծել խնդիրները սովորական միջոցներով, կա՛մ նախընտրում են անհապաղ, հաճախ՝ դաժան միջոցներ»,- նշում է SIPRI-ի հետազոտող Դիեգո Լոպես դա Սիլվան։

Հարավային Ամերիկայում Բրազիլիան է ամենից շատը ծախսել իր զինված ուժերի համար՝ գրեթե 23 միլիարդ դոլար:

Աֆրիկա

Աֆրիկյան մայրցամաքում ամենից մեծ ռազմական ծախսերն արվել են Ալժիրում, որը 2023 թվականին 76%-ով ավելի շատ է հատկացրել երկրի զինված ուժերին, քան 2022 թվականին: SIPRI-ում կարծում են, որ Ալժիրի ռազմական ծախսերի նման աճը պետք է բացատրել նախևառաջ եվրոպական երկիներին նավթի ու գազի վաճառքի կտրուկ ավելացմամբ, որն էլ պայմանավորված է եվրոպական էներգետիկ շուկայում ռուսական ներկայության կտրուկ կրճատմամբ։

Ամբողջ աշխարհում ռազմական կարիքների համար ծախսերի ամենամեծ տոկոսային աճը գրանցվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, ուր շարունակվում է հակամարտությունը կառավարության և զինված խմբավորումների միջև։ Այնտեղ ռազմական ծախսերն աճել են 105%-ով։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում է, դարձյալ, աֆրիկյան երկրներից մեկը՝ Հարավային Սուդանը․ աճը կազմել է 78%։

Հայաստան, Ադրբեջան, Վրաստան

SIPRI-ի կայքէջում առկա տվյալների շտեմարանի համաձայն, 2023 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են 1 միլիարդ 329.5 միլիոն դոլար, կամ 67.1%-ով ավելի 2022 թվականի համեմատ։

Ադրբեջանինը՝ 3 միլիարդ 561.6 միլիոն դոլար, կամ 19%-ով ավելի 2022 թվականի համեմատ։

Վրաստանը 2023 թվականին ռազմական ուղղությամբ հատկացրել է 504.6 միլիոն դոլար, և 2022 թվականի համեմատ աճը կազմել է ավելի քան 40%:

XS
SM
MD
LG