Մատչելի հղումներ

Ճապոնիայի վարչապետը Վաշինգտոնում պայմանավորվել է ընդլայնել ԱՄՆ հետ ռազմական համագործակցությունը 


Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` Սպիտակ տանը
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` Սպիտակ տանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հյուրընկալել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային: Տասնամյակներ շարունակ երկու երկրները դաշնակիցներ են, և ճապոնացի ղեկավարի պետական այցը նշանավորում է պաշտպանական և տեխնոլոգիական երկկողմ կապերի ամրապնդումը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հյուրընկալել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային՝ նրան անվանելով մեծ տեսլական ունեցող խիզախ առաջնորդ:

«Երբ Ռուսաստանը երկու տարի առաջ սկսեց իր ներխուժումն Ուկրաինա, նա՝ [Ֆումիո Կիսիդան] չվարանեց դատապարտել, պատժամիջոցներ կիրառել և մեկուսացնել Ռուսաստանին ու միլիարդավոր [դոլարների] օգնություն տրամադրել Ուկրաինային»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Երկու երկրներին ղեկավարներն անդրադարձել են նոր նախաձեռնություններին, այդ թվում՝ լուսնային համատեղ առաքելությանը, կիսահաղորդիչների և մաքուր էներգիայի ոլորտում ներդրումներին, արհեստական բանականությանը վերաբերող հարցերին:

Վաշինգտոնն ու Տոկիոն ընդլայնում են ռազմական համագործակցությունը
please wait

No media source currently available

0:00 0:03:03 0:00

Սակայն ամերիկա-ճապոնական օրակարգում ամենից մեծ ուշադրությունը կենտրոնացած է եղել ռազմական համագործակցությանը, և նշվում է, որ կողմերը ընդլայնում են համագործակցությունը Հարավչինական ծովում, հակաօդային պաշտպանության ուղղությամբ:

«Ճապոնիան, Միացյալ Նահանգները և Ավստրալիան կստեղծեն հակաօդային պաշտպանության ցանցային համակարգ»,- հայտարարել է նախագահ Ջո Բայդենը:

Նախատեսվում է ամերիկյան ու ճապոնական ռազմուժերի հրամանատարական համակարգերի արդիականացում, որը կմեծացնի երկու բանակների փոխգործունակությունը։

Գաղտնիք չէ, որ Հեռավորարևելյան Ասիայում իրավիճակի աստիճանական սրման պայմաներում՝ Տոկիոն Վաշինգտոնի տարածաշրջանային ռազմավարության առանցքային դերակատարն է՝ Չինաստանին զսպելու համար:

Ճապոնիայում հակված են աջակցել ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիայի մասնակցությամբ ձևավորված AUKUS (Australia, United Kingdom, United States) պաշտպանական դաշինքին՝ իր հերթին հայտնել է Կիսիդան, սակայն, հավելել է, որ այդ հարցում առկա է որոշակի անորոշություն:

«AUKUS-ի հետ ուղիղ համագործակցության հարցը մեզ համար այս պահին դեռ անորոշ է: Միաժամանակ, առաջ շարժվելով ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի կամ Ավստրալիայի նման երկրների հետ երկկողմ կամ բազմակողմ հարաբերություններում՝ կշարունակենք համագործակցությունը»,- ասել է Ֆումիո Կիսիդան:

Հինգշաբթի Բայդենին ու Կիսիդային կմիանա Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս-կրտսերը՝ տարածաշրջանում ԱՄՆ մյուս գործընկերը: Եռակողմ բանակցությունների օրակարգի կենտրոնում է լինելու տարածաշրջանում նավարկության ազատության հարցը, քանի որ Հարավչինական ծովում մեծանում է լարվածությունը Պեկինի և Մանիլայի միջև:

Արձագանքելով վաշինգտոնյան բանակցություններին՝ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինը հայտարարել է, թե ԱՄՆ քայլերը առճակատում են հրահրում․ «Ոչ մի արտաքին միջամտություն չի ազդի Չինաստանի կամքի և վճռականության վրա՝ պաշտպանել իր ինքնիշխանությունը և ծովում իր իրավունքներն ու շահերը»:

Ինչպես արդեն ասացինք, այցի ընթացքում Կիսիդան խոստացել է մայրաքաղաք Վաշինգտոն նվիրաբերել 250 սակուրաներ։ Ճապոնիայի կառավարությունը 1912 թվականին 3 հազար հատ սակուրաներ էր նվիրել Վաշինգտոնին, որոնք ամեն գարուն՝ ծաղկման շրջանում, գրավում են մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի ուշադրությունը:

Չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը նաև պետական ընթրիք տվեցին Ճապոնիայի վարչապետի ու նրա կնոջ պատվին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում Կիսիդան հինգերորդ օտաերկրացի ղեկավարն է, ով արժանանում է նման պատվի։

XS
SM
MD
LG