Մատչելի հղումներ

Բլինքենն ու Քեմերոնը Կոնգրեսի հանրապետականներին հորդորում են չարգելափակել Ուկրաինային տրամադրվող օգնությունը 


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնի հետ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ իր աջակցությունը հայտնելու Ուկրաինային օգնություն նախատեսող օրինագծի հարցում: Միացյալ Թագավորության նախկին վարչապետը նաև հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին: 

Ռուսական օկուպացիոն ուժերը շարունակում են Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի, հրթիռակոծություններին ու անօդաչուներով գրոհները քաղաքի ուղղությամբ։ Ուկրաինական պատերազմի այս կարևոր պահին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Վաշինգտոնում է՝ հանդիպելու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, նաև դիմելու հանրապետական օրենսդիրներին՝ հետ կանգնել Ուկրաինայի համար նախատեսված ամերիկյան աջակցության փաթեթի ըդունման արգելափակումից:

«Այստեղ եմ՝ ներկայացնելու իմ կարծիքը, հանդիպելու նրանց, ովքեր ցանկանում են խոսել ինձ հետ այդ մասին»,- ասել է Քեմերոնը:

Իր հերթին՝ Էնթոնի Բլինքենը Կոնգրեսի հանրապետականների առաջնորդներին կոչ է արել հնարավորինս շուտ քվեարկության ներկայացնել Կիևին օգնություն նախատեսող օրինագիծը՝ հիշեցնելով, որ դաշնակիցների հետ միասին Վաշինգտոնը կիսում է պատերազմի բեռը:

«Միացյալ Նահանգները մեծ ջանքեր է գործադրել Ուկրաինային աջակցելու համար: Մեր եվրոպացի գործընկերները և այլոք նախորդ երկու տարիներին [Կիևին] ցուցաբերել են ռազմական, տնտեսական, մարդասիրական աջակցություն: Այդ բեռը բաշխվել է մեր մեջ: Պետք է շարունակենք կատարել մեր բաժին աշխատանքը»,- ասել է Բլինքենը:

ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը տակավին հրաժարվում է Կոնգրեսի ստորին պալատում քվեարկության ներկայացնել օրինագիծը, ուր Իսրայելի, Թայվանի համար նախատեսված օգնության հետ մեկտեղ մոտ 60 միլիարդ դոլարի աջակցություն է նախատեսված Ուկրաինային: Ներկայացուցիչների տան հանրապետական անդամ Մարջորի Թեյլոր Գրինը սպառնացել է պաշտոնանկության գործընթաց սկսել Ջոնսոնի դեմ, եթե նա թույլ տա քվեարկություն անցկացնել այդ հարցով:

Քեմերոնը նշել է, որ երկուշաբթի Ֆլորիդայում «մասնավոր հանդիպում» է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հրաժարվելով մանրամասներ հայտնել։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի խոսքով, բնական է, որ որևէ երկիր այցելող դիվանագետը հանդիպի նաև ընդդիմության ներկայացուցչին:

Վերլուծաբան Մայքլ Քիմաժն ասում է․ «[Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում] հանրապետականների քվեարկության համար Թրամփի դիրքորոշումն առանցքային է: Եթե նա ասի, որ գործը պետք է առաջ ընթանա, կարծում եմ, այն մի քանի տասնյակ հանրապետականները, ովքեր դեմ են Ուկրաինային օգնության տրամադրմանը, այլևս չեն ընդդիմանա»:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Քիմաժը կարծիք է հայտնել որ անձնական հանդիպումները Թրամփի հետ ավելի արդյունավետ են՝ նրան որևէ դիրքորոշում, մոտցեում փոխանցելու համար, քան հանրային ելույթները:

XS
SM
MD
LG