Մատչելի հղումներ

Ռուսական լրատվամիջոցները նվազեցնում են մինչև 1999 թվականի ՆԱՏՕ-ի միջամտությունը Կոսովոյի ալբանացիներին սպառնացող վտանգները


Սերբիայի դրոշի գույներով ներկված որմնանկար՝ Բելգրադում
Սերբիայի դրոշի գույներով ներկված որմնանկար՝ Բելգրադում

Այս մարտի 24-ին լրացավ Կոսովոյի պատերազմի ժամանակ Հարավսլավիայի դեմ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմաօդային արշավի՝ «Դաշնակցային ուժի գործողության» 25-րդ տարին։

Ռմբակոծությունը դադարեցվեց 1999 թվականի հունիսի 10-ին, երբ Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը համաձայնեց զորքերը դուրս բերել Կոսովոյից և թույլ տալ խաղաղապահների մուտքը։

Այս մարտի 25-ին ռուսական պետական Спутник լրատվական գործակալությունը հանդես եկավ հրապարակմամբ՝ հերքելով, որ Կոսովոյի ալբանացի մահմեդականները ենթարկվել են էթնիկ զտումների։

«Քառորդ դար առաջ աշխարհը հասկացավ, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն երկրագունդը դիտարկում են որպես սեփական խաղահրապարակ, որտեղ անում են այն, ինչ ցանկանում են։ 1999 թվականի մարտի 24-ին արևմտյան երկրները սկսեցին ռմբակոծել Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադը՝ կոսովարներին «պաշտպանելու» մտացածին պատրվակով»,- գրել է Спутник-ը։

Спутник-ի պնդումը, թե Կոսովոյի ալբանացիներին պաշտպանելու օրինական պատճառ չի եղել, ապակողմնորոշիչ է։

Հետազոտողների քննարկման առարկա էր, թե ի վերջո ինչն է դրդել ՆԱՏՕ-ին երկուսուկեսամսյա ռազմաօդային արշավ սկսել Հարավսլավիայի դեմ, և արդյոք «մարդասիրական միջամտությունը» օրինական էր՝ միջազգային իրավունքի տեսանկյունից։

ՆԱՏՕ-ի ռմբակոծություններին նախորդել էին հարյուր հազարավոր մարդկանց բռնի տեղահանումները, զանգվածային սպանություններն ու Կոսովոյի ալբանացիների իրավունքների այլ կոպիտ խախտումներ։

Մինչև 1998 թվականի աշուն Կոսովոյի մոտ 250 հազար ալբանացիներ վտարվեցին իրենց տներից։ 1998 թվականի փետրվար-մարտ ամիսներին Դրենիցայում և 1999 թվականի հունվարին Ռաչակում ալբանացիների կոտորածներն ի վերջո հանգեցրեցին ռազմուժ կիրառելու ՆԱՏՕ-ի որոշմանը։

Վաշինգտոնի բարձրաստիճան ներկայացուցիչների վկայությամբ, Ռաչակի կոտորածը «փոխեց Արևմուտքի քաղաքականությունը Բալկաններում»՝ համոզելով ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմին և ավելի ուշ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, «որ Կոսովոյում էթնիկ հակամարտությունը զսպելու վեցամյա ջանքերը դատապարտված էին ձախողման»՝ այն ժամանակ գրել էր The Washington Post-ի լրագրող Բարթոն Գելմանը։

Միջազգային հարաբերությունների հետազոտողներ Ջեյմս Գոլդգեյերը և Գորանա Գրգիչը պնդում են, որ 1999 թվականի ՆԱՏՕ-ի միջամտությունը պետք է դիտարկել «Եվրոպայում զանգվածային սպանության ամենախոշոր ակտի» համատեքստում՝ Բոսնիայում տեղի ունեցած ցեղասպանության, որը Սերբիան և Բոսնիայի էթնիկ սերբերը իրականացրել են հարավսլավական պատերազմի ժամանակ։

«Գրեթե մեկ տարի միջազգային հանրությունը փորձում էր հետ պահել Միլոշևիչի վարչակարգին Կոսովոյում ալբանացի խաղաղ բնակչության վրա հարձակումից՝ սահմանելով մի շարք առևտրային և ներդրումային պատժամիջոցներ, ակտիվների սառեցում, ինչպես նաև զենքի և նավթի մատակարարման էմբարգո։ Այս բոլոր միջոցները ապարդյուն էին, իսկ որոշները՝ նույնիսկ ակնհայտորեն անարդյունավետ, ինչպես Կոսովոյի ալբանացիների՝ զգալիորեն ավելի թույլ ուժերին զենքի մատակարարման էմբարգոն։ Քանի որ մարդու իրավունքների խախտումները, զանգվածային տեղահանումները և սպանությունների թիվը սկսեցին աճել, իսկ միջազգային միջնորդությունը ձախողվեց, պարզ դարձավ, որ ռազմական միջամտությունը մնում է վերջին միջոցը»,- գրել են Գոլդգեյերը և Գրգիչը։

Ցեղասպանության հարցերով մասնագետ Գրեգորի Սթենթոնի պնդմամբ, «էթնիկ զտումներ» եզրույթը «հորինել են Միլոշևիչը և սերբ պրոպագանդիստները՝ որպես բռնի տեղահանման և ցեղասպանության մեղմասացություն»։

ՄԱԿ-ի համաձայն, «էթնիկ զտումը» «սերբա-խորվաթական «etničko čišćenje» («էտնիչկո չիշցյենե») արտահայտության բառացի թարգմանությունն է, սակայն նշված է, որ «եզրույթի ճշգրիտ արմատները, կամ ով է այն սկսել օգտագործել և ինչու, տակավին պարզ չեն»։

Այդուհանդերձ, հակամարտությունը բարդ պատմություն ունի և բոլոր կողմերն էլ մեղքի իրենց բաժինն ունեն։

1989 թվականին Սերբիայի այն ժամանակվա նախագահ Միլոշևիչը վերացրեց Կոսովոյի ինքնավարությունը։ Հարավսլավիան Սերբիայի կազմում գտնվող Կոսովոյին ինքնավար մարզի կարգավիճակ էր շնորհել 1974 թվականին։ 1992-ի ապրիլին Սերբիայի և Մոնտնեգրոյի հանրապետությունները կազմավորեցին Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունը, հետագայում Հարավսլավիան փլուզվեց՝ 1991 թվականին սկսված հարավսլավական պատերազմների հետևանքով։

Միլոշևիչը Սերբիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1997 թվականներին, իսկ այնուհետև 1997-2000 թվականներին պաշտոնավարել է որպես Հարավսլավիայի նախագահ։

Սերբերին Կոսովոյի ալբանացիների դիմադրությունը վերաճեց ապստամբական շարժման, երբ 1996 թվականին ձևավորվեց Կոսովոյի ազատագրման բանակը, որը ձգտում էր անջատվել Հարավսլավիայից և, ի վերջո, ստեղծել «Մեծ Ալբանիա»։

1998 թվականին զինված ապստամբությունը հասավ գագաթնակետին, ինչը ստիպեց սերբական կառավարությանը կոշտ միջոցներ կիրառել ալբանական բնակչության նկատմամբ։

Հակամարտ կողմերի միջև բախումները սաստկանում էին, իսկ վայրագությունները բնորոշ էին թե՛ Կոսովոյի ազատագրման բանակին, թե՛ Հարավսլավիայի ու Սերբիայի անվտանգության ուժերին։ Հարցը կարգավորելու միջազգային ջանքերը ձախողվեցին։

Հատկապես տուժում էին ալբանացի խաղաղ բնակիչները։

1999 թվականի փետրվարին Ֆրանսիայի Ռամբույե քաղաքում ՆԱՏՕ-ի աջակցությամբ խաղաղ բանակցությունների ժամանակ երկու կողմերին ներկայացվեց Կոսովոյում խաղաղության և ինքնակառավարման մասին ժամանակավոր համաձայնագիրը, որը կոչված էր «վերջ դնելու Կոսովոյում բռնություններին և նպաստելու փախստականների և տեղահանվածների վերադարձին»։

Այդ համաձայնագրով նախատեսվում էր Սերբիայի և Հարավսլավիայի անվտանգության ուժերի դուրսբերում Կոսովոյից։

Համաձայնագրով սահմանվում էր Կոսովոյին վերադարձնել ինքնավար մարզի կարգավիճակ, և որ ՆԱՏՕ-ի ուժերը կարող են «անարգել մուտք գործել Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության ողջ տարածք»։ Որոշ հետազոտողների և ամերիկացի նախկին դիվանագետների պնդմամբ, այդ պայմաններն անընդունելի էին Միլոշևիչի համար։

Միլոշևիչի հրաժարվելը ստորագրել համաձայնագիրը արագացրեց ՆԱՏՕ-ի ռազմաօդային արշավի մեկնարկը։

ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Քոֆի Անանը ռազմական գործողություններն որակեց ցավալի, բայց անհրաժեշտ վերջին միջոցը։

Շրջանից՝ ԵԱՀԿ վերահսկողական առաքելության դուրսբերումից և ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների մեկնարկից հետո, Սերբիայի և Հարավսլավիայի անվտանգության ուժերը կտրուկ ակտիվացրեցին էթնիկ զտումները Կոսովոյում։

Հեղինակավոր Human Rights Watch-ի համաձայն, ռազմաօդային արշավի առաջին երեք շաբաթների ընթացքում Կոսովոյից հարակից երկրներ էին փախչել 525 787 փախստականներ, իսկ սերբական զորքերը Կոսովոյից վտարել էին 862 979 ալբանացու։

Ամերիկյան ազդեցիկ վերլուծական կենտրոններից մեկի՝ RAND-ի ավագ աշխատակից Սթիվեն Հոսմերը 2001 թվականին խոսել էր Միլոշևիչի «սխալ հաշվարկի» մասին, թե Կոսովոյում սերբերի իրականացրած էթնիկ զտումների հետևանքով ստեղծված փախստականների ճգնաժամը Բելգրադին լծակներ կտա՝ ստիպելու ՆԱՏՕ-ին դադարեցնել հարձակումները։

Թեև Спутник-ը պնդում է, որ ՆԱՏՕ-ի ռմբակոծությունները հանգեցրել են մարդասիրական աղետի, Հարավսլավիայի և Սերբիայի անվտանգության ուժերի կողմից սպանված ալբանացի խաղաղ բնակիչները կազմում են պատերազմի զոհերի զգալի մասը։

«Կոսովոյի հուշամատյան» (The Kosovo Memory Book) անվամբ տվյալների շտեմարանի համաձայն, ուր փաստագրված են 1998-2000 թվականներին այդ հակամարտության մահվան դեպքերը, պատերազմի զոհերի ընդհանուր թիվը կազմում է 13 535։ Նշվում է, որ «պատերազմի հետևանքով զոհվել կամ անհետ կորել է 10 317 քաղաքացիական անձ, որոնցից 8 676-ը ալբանացիներ են»։

Խաղաղ բնակչության շրջանում զոհվել են նաև 1 196 սերբեր, ինչպես նաև 445 գնչուներ և այլ քաղաքացիական անձինք։

Ըստ Human Rights Data Analysis Group հասարակական կազմակերպության, «Կոսովոյի հուշամատյանի» տվյալների բազայում «փաստագրված են հակամարտության ընթացքում բոլոր կամ գրեթե բոլոր մարդկային կորուստները»։

Սպանությունների մի մասի համար պատասխանատու է Կոսովոյի ազատագրման բանակը։

Amnesty International-ի 2012 թվականի զեկույցի համաձայն, Կոսովոյի ազատագրման բանակը, ենթադրաբար, առևանգել ու սպանել է Կոսովոյի փոքրամասնությունների 800 ներկայացուցիչների, այդ թվում՝ Կոսովոյի մի քանի ալբանացիների, որոնց նա համարում էր «սերբերին գործակից»։

78-օրյա ռազմաօդային արշավի ընթացքում ՆԱՏՕ-ի կործանիչները իրականացրել են 38 400 մարտական թռիչք, այդ թվում՝ 10 484 հարվածային թռիչքներ, որոնց ընթացքում նետվել է 23 614 ավիառումբ:

Human Rights Watch-ի լայնածավալ փաստահավաք առաքելությունը հանգել է այն եզրակացության, որ ՆԱՏՕ-ի ռազմաօդային արշավի ընթացքում «զոհվել է Հարավսլավիայի 489-ից 528 խաղաղ բնակիչ»։ Զեկույցում նշվում է, որ քաղաքացիական բնակչության ընդհանուր զոհերի 62-66%-ը տասներկու միջադեպերի հետևանք է։

Հիմնվելով ռմբակոծության զոհերի և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի հարաբերակցության վրա՝ նախկին Հարավսլավիայի գծով ՄԱԿ-ի Միջազգային քրեական տրիբունալը որոշեց, որ այդ թվերը «չեն մատնանշում, թե ՆԱՏՕ-ն կարող էր իրականացնել արշավ՝ նպատակ ունենալով ուղղակիորեն կամ պատահաբար զգալի զոհեր պատճառել խաղաղ բնակչությանը»։

ՄԱԿ-ի տրիբունալը նաև ուշադրություն է հրավիրել Հարավսլավիայի արտաքին գործերի նախարարության «ՆԱՏՕ-ի հանցագործությունները Հարավսլավիայում» հրապարակման վրա, ըստ որի «կոնկրետ փաստագրված դեպքերով 495 խաղաղ բնակիչ է զոհվել, 820-ը՝ վիրավորվել»։

XS
SM
MD
LG