Մատչելի հղումներ

Իրանը կոչ է արել գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա հարձակումից հետո


Դամասկոսում իսլամական հանրապետության հյուպատոսությանը հասցված ավիահարված
Դամասկոսում իսլամական հանրապետության հյուպատոսությանը հասցված ավիահարված

Պաշտոնական Թեհրանի ներկայացմամբ, Սիրիայում իր դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ:

Իրանը կոչ է արել գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու Դամասկոսում իսլամական հանրապետության հյուպատոսությանը հասցված ավիահարվածը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համաձայն, երկուշաբթի օրը տեղի ունեցած հարվածի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ՝ այդ թվում կորպուսի հատուկ նշանակության ուժերի՝ «Քուդս» ստորաբաժանման երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ բրիգադի գեներալներ Ռեզա Զահեդին ու Մոհամադ Հադի Հաջի-Ռահիմին:

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Զահրա Էրշադին Անվտանգության խորհրդին ուղղված նամակում կոչ է արել քննարկել «[միջազգային իրավունքի] աղաղակող խախտումը» և կանխել նմանատիպ հետագա գործողությունները, որոնք վտանգի են ենթարկում դիվանագիտական առաքելությունները:

«Հաշվի առնելով նման արատավոր գործողության միջազգային հետևանքները, որոնք կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում և հակամարտություն հրահրել այլ երկրների ներգրավմամբ՝ Իրանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հնարավորինս խիստ դատապարտել այս անհիմն հանցավոր և ահաբեկչական գործողությունը»,- գրել է դեսպանը

Իսրայելը հրաժարվել է մեկնաբանել հարձակումը:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, թե Իսրայելը «կզղջա այս հանցագործության համար», իսկ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է, թե տեղի ունեցածը «անպատասխան չի մնա»։

Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին դատապարտել է Իսրայելին՝ խոստանալով, որ Իրանը կպատասխանի «նույն ուժով և խստությամբ»:

Վերջին տարիներին Իսրայելը մի քանի հարյուր հարված է հասցրել Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքներում գտնվող թիրախներին։

XS
SM
MD
LG