Մատչելի հղումներ

Բլինկենը շնորհավորել է եվրոպական յոթ երկրներին՝ ՆԱՏՕ-ին միանալու 20-ամյակի կապակցությամբ


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն

Քսան տարի առաջ Բուլղարիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Սլովակիան և Սլովենիան դարձան Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամներ։

Բուլղարիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի, Սլովակիայի և Սլովենիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու 20-ամյակի կապակցությամբ հայտարարության մեջ Բլինկենն ընդգծել է, որ այդ երկրները «երկար ճանապարհ են անցել դաժան բռնակալությունից և օկուպացիայից մինչև արիության և համառության միջոցով ազատության հասնելը»:

«Քսան տարի առաջ, երբ դուք դարձաք դաշնակիցներ, մենք ոգեշնչվեցինք ձեր հաջողություններով», - նշվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։ «Այսօր մենք նշում ենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզ և մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքները պաշտպանելու ձեր անսասան հանձնառությունը»:

«Բալթիկ ծովից մինչև Սև ծով, Ատլանտյան օվկիանոսով և Ադրիատիկ ծովերով, ՆԱՏՕ-ն նույնքան միասնական է և գործունյա, քան երբևէ», - ասվում է հայտարարության մեջ: «Այս կարևոր տարեդարձին մենք հպարտ ենք ձեզ հետ կողք կողքի կանգնելու՝ որպես ապագայի մեր տեսլականը պաշտպանող դաշնակիցներ»:

Այս շաբաթվա սկզբին Բլինկենը Վաշինգտոնում հանդիպեց Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների հետ՝ քննարկելու ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունը և աջակցությունը Ուկրաինային:

Բուլղարիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Սլովակիան և Սլովենիան միացան ՆԱՏՕ-ին 2004 թվականի մարտի 29-ին՝ դաշինքի անդամների ընդհանուր թիվը հասցնելով 26-ի: Այս յոթ երկրները բանակցություններ սկսեցին ՆԱՏՕ-ին միանալու վերաբերյալ Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո և ի վերջո հրավիրվեցին Պրահայի գագաթնաժողով՝ դաշինքին միանալու համար։

XS
SM
MD
LG