Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից երկու տարի անց քչերն էին սպասում, որ ԱՄՆ նախագահի հավանական թեկնածուներից մեկը հանդես կգա այնպիսի հայտարարությամբ, որը պարզապես կցնցի ՆԱՏՕ-ն։
«Մեծ երկրի նախագահներից մեկը վեր կացավ ու ասաց. «Դե, պարոն, եթե մենք չվճարենք և Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկվենք, մեզ կպաշտպանե՞ք»: Ասացի՝ եթե չեք վճարել, ես ձեզ չեմ պաշտպանի։ Իրականում ես նրանց՝ [Ռուսաստանին] կխրախուսեի անել այն, ինչ ուզում են: Դուք պետք է վճարեք: Դուք պետք է վճարեք ձեր հաշիվների դիմաց»,- հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
«Պատկերացնո՞ւ մ եք, Միացյալ Նահանգների նախկին նախագահը նման բան է ասում»․- արձագանքել է Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենը:
Բայդենը, ով ամերիկյան արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է դարձրել հակառակորդների դեմ կոալիցիաների ամրապնդումը, քննադատել է իր նախորդի նման դիրքորոշումը:
«Մեր պատմության մեջ ոչ մի նախագահ չի խոնարհվել ռուս բռնապետի առջև: Թույլ տվեք հնարավորինս պարզ արտահայտվել՝ ի սեր Աստծո, դա հիմարություն է, ամոթ է, դա վտանգավոր է, դա ամերիկացուն հարիր չէ»,- հայտարարել է նախագահ Ջո Բայդենը:
Սպիտակ տան ներկայիս ղեկավարի խոսքով, ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի 5-րդ հոդվածը «սրբազան հանձնառություն» է, որը պահանջում է անդամներից օգնել միմյանց՝ արտաքին հարձակման դեպքում: Այս թեզը, փաստորեն, ուղիղ հակասության մեջ է մտնում Թրամփի ներկայացրածի հետ, ով շարունակում է առաջ մղել «Նախևառաջ Ամերիկան»՝ մեկուսի արտաքին քաղաքականություն ենթադրող կարգախոսը:
Թրամփի խոսքերը անհանգստություն են առաջ բերել Վաշինգտոնի դաշնակիցների շրջանում։
«Այս տարի ակնկալում եմ, որ [ՆԱՏՕ-ի անդամ] 18 երկրներ կծախսեն իրենց ՀՆԱ-ի 2%-ը պաշտպանության վրա: Սա ռեկորդային թիվ է և վեց անգամ ավելի 2014 թվականի համեմատ, երբ ալյանսի անդամ միայն երեք պետություն էր այդքան ծախսում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Թրամփի նախընտրական շտաբի ավագ խորհրդական Ջեյսոն Միլլերը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք է հայտնել, թե նախկին նախագահը ուղղակի «ստիպեց մեր դաշնակիցներին մեծացնել ՆԱՏՕ-ի գծով իրենց ծախսերը՝ պահանջելով նրանցից վճարել»:
Թրամփի մեկ այլ թիմակից՝ բանակի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քիթ Քելոգն առաջարկել է ՆԱՏՕ-ն դարձնել «բազմաշերտ դաշինք», և ալյանսի անդամ այն պետությունները, որոնք պաշտպանության համար չեն տրամադրի իրենց ՀՆԱ-ի 2%-ը, երաշխավորված չեն լինի դաշինքի հիմադիր պայմանագրի 5-րդ հոդվածում նախատեսված և անմիջապես գործի անցնող պաշտպանությամբ։
Դիտորդների մի մասը մտահոգված է, թե Թրամփի և նրա թիմակիցների խոսքերը այլևս հակասում են Վաշինգտոնի կողմից ավանդաբար տարվող «զսպման քաղաքականությանը»:
«Թրամփը փորձում է միավորներ վաստակել՝ խիզախ երևալով, ինչը լուրջ ազդեցություն է թողնում Ամերիկայի գործընկերների վրա։ Բայց այս դեպքում ճի՛շտ հակառակ պատկերն է»,- ասել է «The German Marshall Fund»-ի ներկայացուցիչ Քրիստին Բերզինան:
Գաղտնիք չէ, որ ավանդաբար արտաքին քաղաքականությունը առանցքային խնդիր չէ ԱՄՆ նախընտրական պայքարում, սակայն ՆԱՏՕ-ին հասցեագրված Թրամփի խոսքերը և որպես հետևանք՝ աշխարհում ԱՄՆ դերի շուրջ բանավեճը, կարող են ամերիկացի ընտրողներին բաժանող մեկ այլ հարց դառնալ։
«Թրամփը խիստ քաղաքականացված կերպով օգտագործեց այդ հարցը՝ կողմնակիցներ ժողովելու համար, սակայն ամերիկացիների մոտ այն ընկալումն է, որ ալյանսը ինքնին կարևոր է»,- ասել է «Ipsos Public Affairs»-ի ներկայացուցիչ Քլիֆորդ Յանգը:
Գլոբալ հարցերի Չիկագոյի խորհրդի անցած տարվա հոկտեմբերին անցկացրած սոցհարցման համաձայն, հանրապետական ընտրազանգվածի միայն 50%-ն էր այն կարծիքին, որ ԱՄՆ-ն շահում է անդրատլանտյան դաշինքներից, դեմոկրատ ընտրողների 80%-ն էր նման կերպ մտածում, իսկ, այսպես կոչված, անկախ քվեարկողների՝ 63%-ը: