Մատչելի հղումներ

Կրեմլը «Վագներ» խմբավորումը վերածել է ռազմական հետախուզության «էքսպեդիցիոն կորպուսի»


Այսօր «Վագներն» ակտիվորեն կիրառվում է՝ ի աջակցություն աֆրիկյան բռնապետական ռեժիմների՝ ասված է Լոնդոնում գործող Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտի զեկույցում
Այսօր «Վագներն» ակտիվորեն կիրառվում է՝ ի աջակցություն աֆրիկյան բռնապետական ռեժիմների՝ ասված է Լոնդոնում գործող Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտի զեկույցում

Ռուսաստանի իշխանությունները վերակազմավորել են հայտնի «Վագներ» խմբավորումը, և ներկայում այն «էքսպեդիցիոն կորպուս» է, որը ենթարկվում է այդ երկրի զինուժի Գլխվաոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչությանը՝ ռազմական հետախուզությանը:

Ռուսական հայտնի «Վագներ» խմբավորումը ակտիվ գործունեություն է ծավալել աֆրիկյան մի շարք երկրներում, այդ թվում՝ Լիբիայում, ուր օգնում են գեներալ Խալիֆա Հաֆթարին՝ նավթհանքերից ու գազի հանքերից օգտվելու դիմաց:

Մեկ անգամ չէ, որ Հաֆթարի հասցեին մեղադրանքներ են հնչել՝ մարդու իրավունքների խախտման հետ կապված։

Հիշեցնենք, անցած տարվա հունիսին Կրեմլի դեմ բարձրացրած անհաջող ապստամբությունից հետո «Վագները» փաստորեն լուծարվեց: Երկու ամիս անց տարօրինակ ավիավթարի հետևանքով զոհվեց խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, սակայն «Վագների» հարցը Կրեմլի համար մնաց բաց՝ ի՞նչ անել Աֆրիկայում գործող խմբավորման զինյալների հետ:

Լոնդոնում գործող Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտի ներկայացմամբ, Մոսկվան վերակազմավորել է խմբավորումը՝ այն վերածելով ռազմական հետախուզության «էքսպեդիցիոն կորպուսի» և նպատակ ունի հավաքագրել ևս 40 հազար մարդու:

Վերլուծական կենտրոնի գնահատմամբ, նպատակն է երաշխավորել արտերկրում Ռուսաստանի շահերի պաշտպանությունը, Կրեմլի համար հասանելի դարձնել հանքային ռեսուրսները՝ միաժամանակ նվազեցնելով Մոսկվայի խոցելիությունը արևմտյան պատժամիջոցներից:

«Այն, ինչով նրանք զբաղված են, գաղութատիրություն է գլոբալ հարավի երկրներում: Ներկայում կենտրոնացած են աֆրիկյան երկրների ուղղությամբ, բայց ծրագրեր ունեն նաև Լատինական Ամերիկայի, որոշ ասիական երկրների հետ կապված: Ունեն նաև քաղտեխնոլոգներ, մեդիա փորձագետներ, հետախույզներ, որոնք մասնագիտացած են տարբեր հարցերում։ Գրեթե ամեն ինչ է արվում այդ երկրներ ներթափանցելու և այնտեղ ռուսամետ ռեժիմներ հաստատելու ուղղությամբ»,- ասում է Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտի վերլուծաբան Օլեքսանդր Դանիլյուկը:

Մոսկվան ակտիվորեն գովազդում է իր «ռաջարկը» աֆրիկյան կառավարություններին:

«Նրանք [այդ ծառայությունները] վաճառում են որպես աջակցություն ռեժիմիներին»,- նշում է Դանիլյուկը:

Բրիտանական հաստատության զեկույցում ասված է, որ Ռուսաստանը օգնել է ռազմական հեղաշրջումներ կազմակերպել Աֆրիկայի որոշ երկրներում և ձգտում է այնտեղ վերացնել արևմտյան ազդեցությունը:

Օրինակ, Ֆրանսիան ու եվրոպական այլ երկրներ 2013 թվականին զորքեր ուղարկեցին Մալի՝ օգնելու իսլամիստ զինյալների դեմ պայքարում, սակայն այդ ուժերը դուրս բերվեցին 2022 թվականին` 2021 թվականին Մալիում ռազմական հեղաշրջումից հետո։ Երկրից դուրս բերվեցին նաև ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը:

Փոխարենը ներկայում Մալիում են Կրեմլի աջակցությունը վայելող մի քանի հարյուր զինյալներ, որոնք խունտայի հենարանն են: Մոսկվան աջակցում է նաև Նիգերի և Բուրկինա Ֆասոյի ռազմական կառավարություններին:

Չորեքշաբթի իր ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերքեց, թե Կրեմլը նպատակ ունի աֆրիկյան այդ տարածաշրջանում չեզոքացնել արևմտյան ազդեցությունը․ «Անկեղծ ասած, ընդհանուր առմամբ, մենք այնտեղ պետական մակարդակով [ներկայացված չենք]՝ խնդիրներ լուծելու համար։ Մենք ուղղակի նրանց բարեկամներն ենք և վե՛րջ»։

Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտում կասկածի տակ են առնում Պուտինի այս պնդումը՝ փաստարկելով, թե «Վագների» կարողությունների ընդլայնումը վկայում է, որ Մոսկվան «որոշել է բացահայտ մարտահրավեր նետել միջազգային համակարգին»:

XS
SM
MD
LG